ԱՄՆ 4 խոշորագույն բանկերի շուկայական արժեքը 1 օրում նվազել է $52,4 միլիարդով

10.03.2023 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#JPMorgan Chase #Bank of America #Citigroup
Ակտիվների չափով ամերիկյան չորս խոշորագույն բանկերի շուկայական արժեքը մեկ օրում նվազել է $52,4 միլիարդով:

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը (FT), մարտի 9-ին ներդրողները սկսել են վաճառել JPMorgan Chase-ի, Bank of America-ի, Citigroup-ի եւ Wells Fargo-ի բաժնետոմսերը՝ վերջիններիս պարտատոմսերի պորտֆելների հետ կապված մտավախությունների պատճառով:

Բաժնետոմսերի վաճառքը հրահրվել էր տեխնոլոգիական ստարտափների հետ աշխատող Կալիֆոռնիայի փոքր՝ Silicon Valley Bank-ի (SVB) խնդիրներով: Դրանից մեկ օր առաջ SVB-ն հայտնել էր, որ կորցրել է մոտ $1,8 միլիարդ՝ $21 միլիարդ արժողությամբ արժեթղթերի պորտֆելը վաճառելուց հետո, որը պայմանավորված էր հաճախորդների ավանդների անկմամբ: Կորուստը ստիպեց բանկին հայտարարել $1,75 միլիարդի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման մասին՝ կապիտալը խթանելու համար:

Ներդրողները կասկածի տակ առան, որ կապիտալի ներգրավումը բավարար կլինի՝ հաշվի առնելով բանկի կողմից վարկ ստացած տեխնոլոգիական ստարտափներից շատերի վիճակի վատթարացումը: Նախօրեին SVB-ի բաժնետոմսերն ընկան 60%-ով՝ հասնելով 2016 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:

Այս իրավիճակը ներդրողներին ստիպեց ուշադրություն դարձնել ԱՄՆ այլ բանկերի պարտատոմսերի պորտֆելների հետ կապված ռիսկերին. այդ բանկերից շատերը ներդրել էին երկարաժամկետ արժեթղթերում, ներառյալ՝ գանձապետական պարտատոմսերը, համավարակի ընթացքում ավանդների ներհոսքից ստացված միջոցները, նշում է FT-ն։

Ներդրողների տրամադրության վրա ազդել է նաեւ Կալիֆոռնիայի մեկ այլ վարկային հաստատության՝ Silvergate Bank-ի փլուզումը: Բանկի խնդիրները սկսվեցին դեռեւս անցած տարի, երբ նրա հաճախորդները, հիմնականում կրիպտոարժութային ընկերությունները, սկսեցին զանգվածաբար գումար հանել՝ FTX կրիպտոբորսայի փլուզմանը դիմակայելու համար: Արժեթղթերի սրընթաց վաճառքից կորուստներ կրելուց հետո ընկերությունը երկու օր առաջ հայտարարեց գործունեությունը դադարեցնելու ծրագրերի մասին:
Դիտում՝ 6691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW