«Լույս». Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին նախորդ ամսվա համեմատ կրկնակի դանդաղել է

27.07.2023 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ /
«Լույս» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի տնտեսության 2023թ. հունվար-հունիս ամիսներին սոցիալ-տնտեսական զարգացումները։



Հիմնադրամի զեկույցում նշվում է, որ 2023թ. սկզբի տնտեսական ակտիվության բարձր տեմպը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա արտաքին շոկերի դրական ազդեցությունների պահպանման պայմաններում 2023թ․ սկզբից ՀՀ տնտեսական ակտիվության տեմպը բավական բարձր է եղել, սակայն հունիսին զգալիորեն դանդաղել է բազայի էֆեկտի ազդեցությամբ (կազմելով 6.8%՝ նախորդ ամսվա 13.6%-ի համեմատ):

Նախորդ տարի արտաքին շոկի դրական տնտեսական հետեւանքները սկսել են արտացոլվել մայիս-հունիս ամիսներից, եւ հետեւաբար 2023թ. հունիսի հետ համեմատվող ժամանակահատվածի՝ նախորդ տարվա հունիսի տնտեսական ակտիվության ցուցանիշն արդեն իսկ պարունակում է դրական զարգացումները:

 «Սա նշանակում է, որ 2023թ․ լրացուցիչ դրական զարգացումներ տնտեսությունում չեն նկատվում, եւ տնտեսական աճի բարձր տեմպերը հետագայում կշարունակեն դանդաղել, քանի որ համեմատվող ժամանակահատվածներում աստիճանաբար ավելի ու ավելի շատ կընդգրկվեն նախորդ տարվա բարձր աճի ամիսները։

Բավական մտահոգիչ են արդյունաբերության ոլորտի զարգացումները: Արդյունաբերության ոլորտում մայիսի համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7.4% անկում, որը նույնպես կարող է պայմանավորված լինել բազայի էֆեկտով, քանի որ նախորդ տարվա հունիսին գրանցվել էր էական աճ՝ շուրջ 19.2%։ Միեւնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսների տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%, որը բավական ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով տնտեսության ընդհանուր աճի տեմպը եւ արդյունաբերության կարեւորությունը՝ որպես արտահանելի ճյուղ: Արդյունաբերության կշռի նվազումը տնտեսությունում նշանակում է ՀՀ տնտեսական պոտենցիալի նվազում, ինչը բացասաբար կանդրադառնա երկարաժամկետ տնտեսական աճի վրա»,- ասված է վերլուծությունում:

Նշվում է, որ արտահանման աճի տեմպը կտրուկ դանդաղել է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա աճի տեմպի համեմատ դանդաղել է շուրջ 62.5 տոկոսային կետով եւ կազմել է 2.5%: Ընդ որում, նախորդ տարվա հունիսին աճի արագացումը կազմել էր 35.9 տոկոսային կետ։

«Այսինքն՝ աճի դանդաղումը գերազանցում է բազայի էֆեկտի չափը, ինչը մտահոգիչ է, քանի որ ստացվում է, որ աճի դանդաղումը պայմանավորված է ոչ միայն այդ գործոնով, այլ կան նաեւ ուրիշ՝ արտահանման վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններ։ Դրանց մասին առավել մանրամասն հնարավոր կլինի պատկերացում կազմել հաջորդ ամիս, երբ հասանելի կլինեն արտահանման կառուցվածքի վերաբերյալ ցուցանիշները:

Հունիսին գնաճը մտել է բացասական տիրույթ: Երկար ժամանակահատվածի բարձր գնաճից հետո, հունիսից արձանագրվել է գնանկում: Գնաճի տեմպի դանդաղումը չափազանց արագ է տեղի ունենում, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ տնտեսության համար: Ընդհանրապես գնանկումը դրական երեւույթ չէ, եւ կենտրոնական բանկերը հիմնականում խուսափում են գնանկումային տիրույթ մտնելուց: Սակայն ՀՀ ԿԲ-ն բավական ագրեսիվ քաղաքականություն իրականացրեց գնաճը զսպելու համար, ինչը նաեւ նպաստել է ներկայումս նման պատկերի արձանագրմանը: Հաշվի առնելով նաեւ բարձր տնտեսական աճի առկայությունը` ԿԲ-ն դժվար թե արագ նվազեցնի տոկոսադրույքը: Գների նվազումը կարող է շարունակվել նաեւ առաջիկա ամիսներին:

Պետական բյուջեի կատարումը եւ կապիտալ ծախսերի կատարողականը շարունակում են խնդրահարույց մնալ։ 2022թ. հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի կատարողականն էականորեն շեղվել է պլանավորվածից, ինչի արդյունքում ձեւավորվել է շուրջ 134.7 մլրդ դրամի չափով հավելուրդ՝ պլանավորված 93 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն: Հավելուրդի նման մեծ չափերի արձանագրման պատճառներից է նաեւ կապիտալ ծախսերի էական թերակատարումը: Այսպես, թեեւ կապիտալ ծախսերը որոշակիորեն աճել են նախորդ տարվա համեմատ, դրանք թերակատարվել են շուրջ 46.7%-ով (շուրջ 100.4 մլրդ դրամով): Ընդ որում, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերի թերակատարումը պլանի համեմատ կազմել էր 30.5%, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել կատարողականի էական վատթարացում»,- ասված է զեկույցում:  
 
Վերլուծությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Դիտում՝ 1706
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW