Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հեռախոսազրույցում քննարկել են «Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն եւ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»: «Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը եւ զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան €50 միլիոնի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաեւ լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման եւ առեւտրի դյուրացման նպատակով։Քննարկվել են նաեւ տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության եւ ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարեւորությունը»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը եւ կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։ Tweet Դիտում՝ 348