«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունն ավարտել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի իր առաջին տեղաբաշխումը։ Ընկերության 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծրագրային ծավալով թողարկման շրջանակում ներկայացված բոլոր երեք սերիաներն ամբողջությամբ իրականացվել են։ Որպես տեղաբաշխող հանդես է եկել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։ «Ռենշին»-ից հայտնել են, որ 2026 թվականի փետրվարի 2-ից մինչեւ մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը հաջողությամբ տեղաբաշխել է դրամային մեկ եւ դոլարային երկու սերիա՝ հետեւյալ պայմաններով.• Սերիա 1: 2,3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, 12% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով:• Սերիա 2: 10 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով:• Սերիա 3: 10 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով, 8.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 5 տարի շրջանառության ժամկետով:Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը սահմանված է 6 ամիս:«Կապիտալի շուկայում արձանագրված այս ծավալի իրացումը վկայում է թողարկողի ֆինանսական կայունության եւ ապահովվածության մասին։ Հիմնական երաշխիքներն են շուկայում ընկերության ավելի քան 24-ամյա փորձը եւ շուրջ 1 միլիոն քառակուսի մետր բարձրակարգ կառուցապատման իրականացված պորտֆելը»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:«Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանի խոսքով՝ շուկայի կողմից առաջարկի նման արագ արձագանքը վկայում է ճիշտ ընտրված ֆինանսական պայմանների եւ բիզնեսի հանդեպ վստահության մասին։«Կապիտալի շուկայում մեր առաջին քայլը վստահելի արդյունք գրանցեց. $20 միլիոնի եւ 2,3 միլիարդ ՀՀ դրամի ծավալով պարտատոմսերի ամբողջական իրացումը ցույց է տալիս, որ շուկան բարձր է գնահատում մեր առաջարկած 8-8.5% եւ 12% եկամտաբերությունը՝ 3 եւ 5 տարի մարման ժամկետայնությամբ: 10 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս ծրագիրը քաղաքաշինության ոլորտում այլընտրանքային ֆինանսավորման խոշորագույն ներգրավումներից է, ինչն ամրապնդում է ինստիտուցիոնալ կապը կապիտալի շուկայի եւ իրական սեկտորի միջեւ։ Սա ապացուցում է, որ ներդրողները պատրաստ են կիսել մեր հաջողությունը եւ իրենց միջոցներն ուղղել երկարաժամկետ տնտեսական արժեքի եւ իրական ակտիվների ստեղծմանը»,- ասել է Քրիստինե Չիչյանը:Տեղաբաշխման փուլի ավարտից հետո «Ռենշինը» պատրաստվում է դիմել Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով։ Սա ներդրողներին հնարավորություն կտա ապահովել իրենց ակտիվների բարձր իրացվելիությունը՝ պարտատոմսերն ազատորեն գնելով կամ վաճառելով երկրորդային շուկայում: Tweet Դիտում՝ 728