Ինես Ռոչա. Հայաստանը կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման համար իրական հնարավորություն ունի

30.06.2025 | 00:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /
Դիմացկուն տնտեսությունը, ուժեղ մարդկային կապիտալը եւ մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության հիմքն են:

IFC-ի Եվրոպայի բաժնի տնօրեն Ինես Ռոչան Banks.am-ի հետ զրուցել է Հայաստանում IFC-ի ընթացիկ աշխատանքի, կայուն տնտեսական աճի հետ կապված հնարավորությունների եւ մարտահրավերների, ինչպես նաեւ համատեղ կանխատեսումների մասին։

- Ի՞նչ մոտեցում ունի IFC-ին Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու հարցում եւ ո՞րն է ռազմավարական ուղղվածությունը:

- Հայաստանի հիմնական առաջնահերթությունների առումով 2025 թվականի հունվարին Համաշխարհային բանկի խումբը խորհրդին ներկայացրեց Երկրի գործընկերության շրջանակը (Board Country Partnership Framework) փաստաթուղթը: Սա, ըստ էության, ռազմավարություն է։ Նոր ռազմավարությունն իսկապես ընդգծում է տնտեսական ցնցումներին, ինչպես նաեւ բնական աղետների ու ռիսկերին դիմակայելու, կարողությունները ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Այն կենտրոնանում է երեք հիմնական նպատակի վրա՝ ավելի շատ եւ որակյալ աշխատատեղերի ստեղծում, մարդկային կապիտալի ամրապնդում, ինչպես նաեւ ավելի կայուն տնտեսություն ձեւավորում: Այս ջանքերի շրջանակում մենք ակնկալում ենք առաջիկա ռազմավարական ժամանակահատվածում Հայաստանում ներդնել 500-700 միլիոն դոլար՝ ենթակառուցվածքների եւ իրական ոլորտներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության միջոցով, կայուն ենթակառուցվածքների զարգացում, օրինակ՝ կանաչ էներգիա, ջրամատակարարում, կանաչ տրանսպորտ, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության հեշտացում՝ այդ թվում այն բանկերի միջոցով, որոնց հետ մենք համագործակցում ենք Հայաստանում։

- Մինչ այժմ ի՞նչ ծրագրեր եք իրականացրել կամ իրականացնում՝ մասնավոր բիզնեսին աջակցելու նպատակով:

- Այն պահից ի վեր, ինչ Հայաստանը դարձել է IFC անդամ երկիր, Միջազգային ֆինանսական կորպորացիան Հայաստանում ներդրել է մոտ 1.3 միլիարդ դոլար, այդ թվում՝ ներգրավելով այլ ներդրողների։ Մենք, օրինակ, առաջնորդել ենք Որոտանի ՀԷԿ-ի համալիրի ֆինանսավորման եւ մասնավորեցման գործընթացը, իսկ այդ համալիրն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության զգալի բաժինը։

Վերջերս՝ 2024 թվականի դեկտեմբերին, մենք Ամերիաբանկի հետ 200 միլիոն դոլար ենք ներդրել՝ աջակցելու կանանց պատկանող փոքր ու միջին բիզնեսներին,ինչպես նաեւ կայուն զարգացման նախագծերին: Այս ծրագիրը շատ կարեւոր կլինի Հայաստանում աշխատատեղերի ստեղծման համար։ Նաեւ համագործակցել ենք ԱԿԲԱ բանկի, Կոնվերս բանկի եւ Էվոկաբանկի հետ՝ աջակցելու փոքր բիզնեսներին, ագրոբիզնեսին եւ կին ձեռնարկատերերին։

Այստեղ կցանկանայի առանձնացնել նաեւ շատ հետաքրքիր գործարք Team Telecom Armenia-ի հետ։ Մենք ընկերության հետ կնքեցինք կայուն զարգացմանն ուղղված 75 միլիոն դոլարի պարտատոմսերի թողարկում՝ մեր 13.5 միլիոն դոլարի մասնակցությամբ։ Սա կարեւոր ծրագիր է, քանի որ այն ոչ միայն աջակցելու է 4G+ եւ օպտիկամանրաթելային կապի ցանցերի ներդրմանը, այլեւ հնարավորություն է տալու մինչեւ 2029 թվականը հավելյալ 300 000 օգտատիրոջ ապահովել բջջային ծածկույթով եւ եւս 90 000 տնտեսության միացնել բարձր արագության ցանցին: Եվ քանի որ սա կայունության հետ կապված պարտատոմսերի թողարկում էր, այն  կնպաստի ընկերությանը հասնել կայունության իր նպատակներին:

Ինես Ռոչան

Պետք է նշեմ, որ մենք IFC-ի համար ռեկորդային ներդրումային տարի ունեցանք Հայաստանում։ Մեր ֆինանսական տարին սկսվում է 2024 թվականի հուլիսից եւ ավարտվում 2025 թվականի հունիսին։ Այս ժամանակահատվածի համար արդեն մոտ 355 միլիոն դոլարի ներդրումներ ենք իրականացրել։ Եթե համեմատեմ նախորդ տվյալների հետ, 2024 թվականին ներդրումներ ընդհանրապես չեն եղել, իսկ 2023 ֆինանսական տարում՝ ընդամենը 15 միլիոն դոլար։ Սա իսկապես մեծ աճ է վերջին 12 ամիսների ընթացքում:

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք Հայաստանում կանաչ եւ կայուն տնտեսության աճի ուղղությամբ: 

- Մեր զեկույցի հիմնական ուղերձը հետեւյալն է՝ Հայաստանում բազմաթիվ հնարավորություններ կան տնտեսության ավելի կանաչ, արագ եւ ավելի դիմակայուն զարգացման համար, բայց այդ ճանապարհին երկու մարտահրավեր ենք տեսնում: Առաջինը՝ կախվածությունն է ներմուծվող գազից: Հայաստանի էներգիայի մինչեւ 63%-ը կախված է դրանից, որը որպես հանքային վառելիք ստեղծում է նաեւ որոշակի ռիսկեր՝ մարդու առողջության վրա ազդեցության առումով: 

Երկրորդը՝ բնական աղետների նկատմամբ խոցելիությունն է՝ ջրի սղություն, հեղեղումներ, երաշտ, սողանքներ։ Ջրային սուղ ռեսուրսներով միջավայր է այստեղ։ Մոտավորապես 8 միլիարդ դոլարի չափով կանաչ լուծումներին ուղղված ներդրումներով կարելի է նշանակալի ազդեցություն ունենալ ավելի կայուն Հայաստանի կերտման գործում։ Մեր գնահատմամբ՝ մասնավոր հատվածը կարող է ապահովել այդ ջանքերի մոտ 75 %-ը։

Իսկ թե որտե՞ղ ենք հնարավորություններ ենք տեսնում, պատասխանը հետեւյալն է՝ արեւային էներգիայում, որն ավելի մաքուր եւ տեղական էներգիայի աղբյուր է, օգնում է նվազեցնել գազի կախվածությունը: Հնարավորություններ կան նաեւ էներգիայի կուտակման համակարգերում, քանի որ արեւային եւ նման այլ լուծումների դեպքում անհրաժեշտ է նաեւ պահպանման հնարավորություն։ Կարեւոր է նաեւ կենսական ենթակառուցվածքների, օրինակ՝ դպրոցների եւ հիվանդանոցների, բնական աղետներին դիմակայուն դարձնելը, եւ վերջապես՝ գյուղատնտեսության կայունության ուժեղացումը։

- Ինչպե՞ս կարելի է Հայաստանը ավելի գրավիչ դարձնել իրեն ներդրումների համար։

- Անհրաժեշտ է շարունակել կարեւոր բարեփոխումների ուղին՝ մասնավոր հատվածը ներգրավելու համար այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ ոլորտը կամ ֆինանսական ոլորտը։ Մենք աջակցում ենք այս գործընթացին՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (IBRD) հետ համագործակցությամբ։ Այն շատ սերտ աշխատում է Հայաստանի կառավարության հետ մի շարք գործիքների միջոցով, որոնք ներառում են նաեւ բարեփոխումներ եւ տեխնիկական աջակցություն որոշ ոլորտների բարելավման համար։

Հայաստանն, ընդունելով ԵՄ կարգավորումների հետ համահունչ կայուն ֆինանսավորման շրջանակ, կարող է իսկապես գրավել արտասահմանյան ուղղակի ներդրումներ եւ նաեւ ընդլայնել կանաչ ֆինանսավորումը։

Մեկ այլ օրինակ է պետական-մասնավոր գործընկերությունը, որը Հայաստանը կիրառում է որոշ վերականգնվող էներգիայի, ջրային ռեսուրսների եւ տրանսպորտի ոլորտներում: Սակայն անհրաժեշտ է նաեւ բարձրացնել ինստիտուցիոնալ կարողությունները պետական-մասնավոր գործընկերության համար օգտագործվող նախագծերի պլանավորման եւ նույնականացման գործում՝ նախագծերի ավելի լավ իրականացումն ապահովելու համար:

Արփի Ջիլավյան
Դիտում՝ 5567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW