Ամերիաբանկը IFC-ից ներգրավել է $200 միլիոնի վարկ
14.01.2025 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ /
Բանկից հայտնում են, որ կնքված համաձայնագիրը, որը IFC-ի եւ Հայաստանում գործող ֆինանսական հաստատության միջեւ երբեւէ ստորագրված ամենախոշոր գործարքն է, նշանակալի իրադարձություն է Հայաստանում կանաչ տնտեսության անցման, կլիմայի փոփոխությունների հետեւանքների նկատմամբ դիմադրողականության բարձրացման եւ կլիմայի առնչությամբ ազգային եւ միջազգային նպատակներին համապատասխան գործելու տեսանկյունից:
Ներգրավված միջոցների կեսը կհատկացվի կլիմայական ֆինանսավորման նախագծերին, մեկ քառորդը` ՄՓՄՁ-ներին, եւս մեկ քառորդ` կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին:
«Այս գործընկերությունը եւ գործարքն արտացոլում են ՀՀ-ում ամենախոշոր վարկային պորտֆելն ունեցող Ամերիաբանկի հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացումը եւ առաջնորդելու ժամանակակից փոխակերպումները:
Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին այս ներդրման շնորհիվ կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր եւ էապես կնվազեցվեն ջերմոցային գազերի տարեկան արտանետումները` մոտ 40,000 տոննա ածխաթթու գազին (CO2) համարժեք»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
«Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) եւ Հայաստանում ֆինանսական հաստատության միջեւ երբեւէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլեւ նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին եւ ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձեւավորմանը: Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը եւ Հայաստանում բիզնեսների եւ մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»,- ասել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում եւ նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում եւ կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ եւ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:
«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում: Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը եւ խթանել դրանց տարածումը եւ մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում», - ասել է Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավար Մարսելո Կաստելյանոսը:
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 միլիարդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ եւ 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով եւ այս պահին կազմում է շուկայի 25%-ը:
2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների եւ խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: