Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) ներկայացրել է իր ամենամյա՝ 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվությունը։ Հաշվետվությունն ամփոփում է ընկերության՝ կայուն զարգացման ոլորտում արձանագրած առանցքային արդյունքները, կառավարման համակարգում իրականացված փոփոխություններն ու առաջիկա առաջնահերթությունները։ Այն ներկայացվել է մասնագիտական շրջանակների, պետական կառույցների, գործընկերների եւ այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։«Կայուն զարգացումը միայն հաշվետվություն ներկայացնելու գործընթաց չէ։ Այն շարունակական ճանապարհ է, որի ընթացքում փոխվում են միջազգային չափանիշները, հասարակության եւ ներդրողների ակնկալիքները, եւ մենք նույնպես պետք է մշտապես զարգանանք։ Մեր նպատակն է կառուցել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություն, որը կարող է մրցունակ լինել գլոբալ ոլորտում՝ միաժամանակ համապատասխանելով էկոլոգիայի, անվտանգության, սոցիալական պատասխանատվության, կորպորատիվ կառավարման եւ թափանցիկության ոլորտներում ավելի բարձր պահանջներին», - նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ առաջիկայում Կայուն զարգացման զեկույցներ կներկայացնի նաեւ համալսարանը եւ այդ գործում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել ԶՊՄԿ-ն։Համալսարանի, ԶՊՄԿ-ի եւ ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի միջեւ ստորագրվել է «Ինստիտուցիոնալ համագործակցության մասին հուշագիր»:Բանախոսները շեշտել են, որ ԶՊՄԿ Կայուն զարգացման զեկույցի այս տարվա գլխավոր նորություններից է` Բնության հետ կապված ֆինանսական բացահայտումների աշխատանքային խմբի (TNFD) շրջանակին համապատասխան իրականացված գնահատումը։ ԶՊՄԿ-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որն իրականացրել է TNFD գնահատում՝ վերլուծելով ընկերության գործունեության եւ բնության միջեւ առկա ազդեցություններն ու կախվածությունները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Բացի այդ, 2025 թվականի հաշվետվության շրջանակում առաջին անգամ իրականացվել է կրկնակի էականության գնահատում (DMA), որը հնարավորություն է տալիս կայուն զարգացման հարցերը դիտարկել ինչպես ընկերության գործունեության վրա դրանց ազդեցության, այնպես էլ ընկերության գործունեության՝ շրջակա միջավայրի եւ հասարակության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից։Ընկերությունը մշակել է նաեւ 2026–2040 թվականների կլիմայական փոփոխության ռազմավարությունը։ Միաժամանակ շարունակվել է «Արծվանիկ» պոչամբարի կառավարման եւ մոնիթորինգի համակարգերի կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին եւ GISTM-ի պահանջներին համապատասխան։Միջոցառման ընթացքում շեշտվել է, որ հաշվետվության թափանցիկության եւ արժանահավատության բարձրացման նպատակով ընդլայնվել է անկախ արտաքին հավաստիացման շրջանակը։ Հաշվետվության ներկայացման ընթացքում քննարկվել են նաեւ օրենսդրությամբ գործող եւ նախատեսվող կայուն զարգացման հաշվետվողականության պահանջները, ինչպես նաեւ Հայաստանի մասնավոր հատվածում կայուն զարգացման հիմնական միտումները։Հաշվետվության կազմման գործընթացում արդեն 3-րդ տարին անընդմեջ Ընկերության հետ համագործակցել է KPMG Armenia-ն եւ թվով 3-րդ հաշվետվությունը, որի արտաքին հավաստիացումը իրականացվում է Grant Thornton Հայաստան ընկերության կողմից: Tweet Դիտում՝ 666