Ակբա բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան $50 միլիոն կուղղի Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։ Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող $50 միլիոնի չափով վարկերի՝ մինչեւ 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը։«IFC-ի հետ այս նոր համագործակցությունը կարեւոր նախագիծ է. այն ուղված է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցմանը։ Ծրագիրը ռիսկերը կիսելու մասին է. IFC-ն աջակցում է, որ ավելի համարձակ լինենք, ակտիվորեն ու համարձակորեն ֆինանսավորենք միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին: Կարծում եմ, որ մենք շատ արագ կարող ենք տեղաբաշխել այս միջոցները»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ «Ակբա բանկի հետ ռիսկի կիսման այս համագործակցությունը կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն աջակցում է երկրի կայուն եւ ներառական զարգացմանը։ Այս նախագծով մենք նպաստելու ենք Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, մասնավորապես՝ լուծելով ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում նրանց առջեւ ծառացած մարտահրավերները։ Շատ կարեւոր է, որ այս համագործակցությունից օգտվեն նաեւ կանանց պատկանող ձեռնարկությունները, քանի որ ֆինանսավորման արգելքները հատկապես ակնառու են կանանց պատկանող ՓՄՁ հատվածում, գյուղական տարածքներում եւ ագրոբիզնեսում»,- նշել է IFC-ի՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային ավագ մենեջեր Մարսելո Կաստեյանոuը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2488