Լիզինգատուների ասոցիացիայի անցած ուղին եւ LEASING EXPO 2024 ցուցահանդեսը

10.04.2024 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա #Արսեն Բազիկյան
Ապրիլի 12-ից 14-ը Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի LEASING EXPO 2024 ցուցահանդեսը: Այն մեկ հարթակի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների եւ 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց: Ցուցահանդեսի համակազմակերպիչն է «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ-ն:

Banks.am-ի հետ զրույցում «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիա»-ի ղեկավար Արսեն Բազիկյանը ցուցահանդեսին ընդառաջ պատմել է Ասոցիացիայի անցած ճանապարհի, նպատակների մասին, ինչպես նաեւ՝ արդեն երկրորդ տարին կազմակերպվող էքսպոյի ընձեռած հնարավորությունների եւ առաջարկների մասին:

Ասոցիացիայի էվոլյուցիոն ճանապարհը

Նման ասոցիացիա ստեղծելու միտքը դեռ 2016 թվականից կար, քանի որ շատ էի առնչվում լիզինգի գործիքի օրենսդրական բարելավումների, փոփոխությունների, դրա անընդհատ զարգացման ու բարեփոխումների անհրաժեշտության հետ: Որպես լիզինգի տարածաշրջանային փորձագետ հասկանում էի՝ երբ լիզինգի հետ կապված որեւէ խնդիր բարձրացնում ես մեկ ֆինանսական կառույցի անունից, թվում է, թե այդ հարցը բիզնես շահ հետապնդող է:

Ասոցիացիայի էվոլյուցիոն ճանապարհն այդ ժամանակից է սկսել: Մենք հասկանում էինք, որ եթե ինդուստրիան, այսինքն՝ մի քանի ֆինանսական կառույցներ բարձրացնեն նման տեսակի հարցերը, շատ ավելի հեշտ լուծումներ կստանան: Հարցերը բարձրացնելու միասնական կառույց պետք է դառնար հասարակական կազմակերպությունը, որը շահ եւ բիզնես նպատակ չի հետապնդում:

Հասարակական կազմակերպությունը «միս ու արյուն» սկսեց ստանալ 2020 թվականին եւ 2021-ին ընդամենը 6 անդամով հիմնեցինք Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան:

Ասոցիացիայի ընդլայնումը եւ նպատակները

Երբ բացվեցինք, շատ դժվար էր մարդկանց համոզել, որ այսպիսի մի կառույց պետք է լինի եւ նմանատիպ աշխատանք պետք է կատարի, բայց այս 3 տարվա ընթացքում արդեն բավականին մեծ ծավալի գործ է արվել, թե՛ շուկայի ուսումնասիրության եւ դրա վերլուծությունների, թե՛ օրենսդրական փոփոխությունների առումով:

Արսեն Բազիկյանը


Լիզինգատուների ասոցիացիայի անդամների թիվն արդեն 14-ի է հասել: Սա խոսում է այն մասին, որ վստահեցին ասոցիացիային, այն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է եւ գնալով պետք է ավելի զարգանա ու ընդլայնվի: Այս պահին անդամակցության մի քանի հայտ եւս ունենք, դիտարկում ենք դրանք եւ առաջիկայում կառույցը 2-3 անդամով կավելանա:

Ասոցիացիայի ընդլայնումը լիզինգային գործիքի զարգացմանը զուգահեռ տեղի ունեցավ: Այսինքն՝ ամեն մի նոր կառույց ցանկանում էր այդ գործիքը ներդնել իր մոտ եւ դրա համար անհրաժեշտ էր լինում փորձագետների խորհրդատվություն: Նաեւ կարիք էր առաջանում դառնալ մի այնպիսի սոցիումի անդամ, որտեղից կարող էր տեղեկանալ շուկայի նորությունների, առաջարկությունների, փոփոխությունների մասին:

Մեր անդամները կառուցվածքային առումով շատ տարբեր են. ե՛ւ բանկեր կան, ե՛ւ վարկային կազմակերպություններ: Այսինքն՝ ունենք տարբեր թիրախների հետ աշխատող ֆինանսական կառույցներ, որոնց մոտ լիզինգը շատ տարբեր զարգացումներ է ապրել: Մի մասի մոտ դրանք փոքր պրոդուկտներ են, մյուսի մոտ՝ մեծ ու միջին, մեկ ուրիշի մոտ՝ միայն  մասնագիտացված ուղղվածության: Ողջունում ենք նման դիվերսիֆիկացիան եւ աշխատում ենք ցանկացած տեսակի ֆինանսական կառույցի հետ: Մենք անգամ ասոցիացիայի մեջ ասոցիացիա ունենք: Օրինակ՝ վարկային կազմակերպությունների ասոցիացիան մեր անդամն է, որն իր հերթին ունի 37 անդամ: Ստացվում է՝ մենք անուղղակիորեն 50-ից ավելի անդամ ունենք:

Լիզինգատուների ասոցիացիայի հիմնական նպատակը լիզինգային գործիքի բարելավման ուղղությամբ արվող աշխատանքներն էին. ազգաբնակչության եւ լիզինգային գործարքի բոլոր կողմերի համար իրազեկման բարձրացումը, ֆինանսական կառույցների շահերի պաշտպանությունը եւ, իհարկե, լիզինգային գործիքի միջազգային թրենդը Հայաստան բերելը:

Լիզինգային պորտֆելը, հեռանկարը եւ խնդիրները

Ասոցիացիայի պտուղները սկսեցին երեւալ այն ժամանակ, երբ լիզինգային պորտֆելը մեծացավ, ինչը նաեւ արդյունք էր պետական սուբսիդավորման ծրագրերի: Այս պահին հանրապետության լիզինգային պորտֆելը 185 մլրդ դրամ է: Ասոցիացիայի անդամները յուրաքանչյուր ժողովին ականատես են լինում դրա կառուցվածքի, դերերի, մասնաբաժինների փոփոխություններին, ինչը շատ հետաքրքիր է եւ ֆինանսական նոր գաղափարներ է տալիս՝ ինչպես շարժվել առաջ, ինչպես զարգացնել պրոդուկտը:

Լիզինգի զարգացման տեմպը բավականին մեծ է: Հայաստանում չկա այնպիսի ֆինանսական գործիք, որը նման աճի տեմպ ունենա՝ եռամսյակը 20% եւ ավելի: Սրան շատ է նպաստում պետական սուբսիդավորման ծրագրերի առկայությունը, բայց ակնկալում եմ, որ այդ ծրագրերի դադարելու սցենարը չի բերելու կտրուկ անկման: Այսինքն՝ այսօրվա մեր ֆինանսական կառույցներն այնքան խելամիտ կլինեն, կկարողանան խուսափել անկման վայրիվերումների արդյունքում առաջացած կորուստներից եւ պրոդուկտները կմշակեն այնպես, որ առանց պետական սուբսիդավորման էլ գրավիչ կլինեն:

Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, դրանք, իհարկե կան, հակառակ դեպքում ասոցիացիայի նպատակը եւ հետագա գոյությունը անիմաստ կլիներ: Խնդիրները բազմազան են: Այս պահին ունենք չորս օրենսդրական նախաձեռնություն, որոնք պարտավոր ենք իրականացնել գոնե մինչեւ 2025 թվականը: Դրանք ենթադրում են փոփոխություններ թե՛ քաղաքացիական օրենսգրքում, թե՛ հարկային օրենսգրքում: Նպատակը մեկն է՝ լիզինգային գործիքն ավելի բարելավել, ավելի մատչելի եւ կիրառելի դարձնել գործարքի բոլոր կողմերի համար, ինչի համար էլ ասոցիացիան ծավալում է իր գործունեությունը:

Արսեն Բազիկյանը


Այս պահին մեր խնդիրը հետեւյալն է՝ ոչ անդամ կառույցները նույնպես անդամագրվեն ասոցիացիային, որպեսզի իրենք եւս պատկերացնեն, որ հարցերը մեկ հարթակից բարձրացնելը, միասնական ձեւակերպելը շատ ավելի արագ ու նպատակային լուծումներ են ստանում, եւ իրենք իրենց ֆինանսական կառույցների միջոցով կբազմապատկեն այդ ազդեցությունը:

Խնդիրներ ունենք նաեւ տեղեկատվության պակասի հետ կապված, ինչը միայն ժամանակի գործոնին կվերագրեմ: Եթե 20 տարի հետ գնանք, երբ նոր էինք բացում Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը, հիշում եմ, թե լիզինգի մասին քանի հոգի գիտեր Հայաստանում եւ հիմա քանի հոգի գիտի: Բավականին մեծ առաջընթաց ունենք, չնայած, որ դեռ վաղ է խոսել նրանից, որ ազգաբնակչության 50 տոկոսը տեղյակ է՝ թե լիզինգն ինչ է: Այդպիսի նպատակ չենք էլ դրել իրականում, քանի որ սա խիստ նպատակային եւ մասնագիտացված ուղղություն է,  բայց այն, որ դեռ այս գործիքը պետք է բացվի եւ զարգանա, միանշանակ է:

LEASING EXPO ցուցահանդեսը

Լիզինգատուների ասոցիացիայի նախագծերից մեկը LEASING EXPO Հայաստանում առաջին մասնագիտացված ցուցահանդեսն է: Չնայած ես այն ցուցահանդես չեմ համարում, այլ հարթակի ստեղծում, որտեղ մատակարարները, ֆինանսական կառույցները եւ հաճախորդները կարողանում են միասին մեկ տեղում գտնել իրենց անհրաժեշտ լուծումները: Իհարկե, այն հիմնականում միտված է հաճախորդի համար պրոդուկտներ ստեղծելուն եւ վաճառելուն, բայց նաեւ լավ հարթակ է, որտեղ բոլորը հանդիպում են:

Եթե առանձին դեպքերում մարդը պետք է գնա տարբեր մատակարար ընկերությունների մոտ տեխնիկա ընտրի, հետո գնա տարբեր ֆինանսական կառույցներից առաջարկներ ստանա, էքսպոն դարձավ դրա շատ լավ փոխարինողը, եւ 2023 թվականի առաջին ցուցահանդեսը ցույց տվեց, որ ամեն ինչ ճիշտ ենք արել: 2024-ը նույնպես վկայում է դրա մասին, քանի որ ի տարբերություն 2023-ի՝ 30 տոկոսով աճել է մասնակիցների քանակը եւ ցուցահանդեսի վայրը Մարզահամերգային համալիրից տեղափոխեցին Մերիդիան կենտրոն: Եթե նախորդ տարի 70 բրենդ եւ շուրջ 5-6 ֆինանսական կառույց էինք ներկայացնում, ապա այս տարի՝ 10-ից ավելի ֆինանսական կառույց եւ 100-ից ավելի բրենդ:

Հետագայի համար ակնկալում եմ, որ համագործակցություն կսկսենք Հայաստանից դուրս կազմակերպությունների հետ եւ ցուցահանդեսը կանցկացնենք նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Կփորձենք այն ավելի տարածաշրջանային դարձնել եւ ընդլայնել զարգացման հնարավորությունները:

Լիզինգի առանձնահատկությունների բացահայտումը՝ Banks.am-ի հետ համատեղ նախագծի շրջանակում

Լիզինգի գործիքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը համարվում է Ասոցիացիայի առանցքային նպատակներից մեկը, որի համար Ասոցիացիան մշտապես նախաձեռնում է տարատեսակ միջոցառումներ, որոնք առավելագույնս կնպաստեն լիզինգ ֆինանսական գործիքի իրազեկվածության բարձրացմանը։ Այս անգամ Banks.am-ի հետ համատեղ մշակվեց մի նախագիծ, որի շրջանակում անդամ կառույցները հնարավորություն ունեին խոսել լիզինգի առանձնահատկությունների, առաջարկների եւ առավելությունների մասին։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Առաջարկում ենք վերհիշել ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում պատրաստված նյութերը`

- Լիզինգը, դրա առանձնահատկությունները եւ «Գլոբալ կրեդիտ»-ի սուբսիդավորվող լիզինգային ծրագրերը

- Լիզինգի գործարքը, ռիսկերի ապահովագրումը եւ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի կորպորատիվ առաջարկները

- Լիզինգի տարբերակները, հեռանկարը եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի առաջարկը տնտեսվարողներին

- Լիզինգի շուկայի զարգացումը Հայաստանում ու DICA-ի դերակատարությունն այս գործընթացում

- Լիզինգի վերագործարկված ծառայությունն ԱրարատԲանկում եւ «կանաչ» ռազմավարությունը

- «Արմլիզինգ»-ի թիրախային առաջարկները եւ համագործակցությունն այլ ֆինանսական կառույցների հետ

- Լիզինգի զարգացման վրա ազդող գործոնները եւ Evoca Leasing-ի սրընթաց աճը շուկայում

- Լիզինգի առավելություններն ու Կոնվերս Բանկի ավելի քան 10 տարվա փորձն այս ոլորտում

- Արագ զարգացող տնտեսությանը համընթաց լուծումներ. «Նորման Կրեդիտ»-ի հայտը լիզինգի շուկայում

- Ամիօ բանկում ներդրված լիզինգը եւ հաճախորդների լայն հատվածի հետ համագործակցությունը
Դիտում՝ 2429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai