Ավելի պաշտպանված տվյալներ. Cube Invest-ն ISO հավաստագիր է ստացել

18.12.2024 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Cube Invest ներդրումային ընկերությունը ստացել է ISO հավաստագիր, որը հաստատում է այն մասին, որ ընկերությունը պաշտպանում է իր հաճախորդների տվյալները տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի (ISMS) պահանջներին համապատասխան:

Հավաստագիրը տրվել է միջազգային հեղինակավոր Quay Audit UK Limited ընկերության կողմից: Այն միջազգային ճանաչում ունեցող ստանդարտ է, որը սահմանում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի (ISMS) պահանջները։

Cube Invest ընկերության կորպորատիվ ծառայությունների տնօրեն Միքայել Մարգարյանը Banks.am-ի հետ զրույցում պատմել է վերջերս ստացած հավաստագրի նշանակության, ինչպես նաեւ ընկերության ռազմավարական քայլերի եւ գալիք տարում նոր ծրագրերի մասին:

Հավաստագրի նշանակությունը

Cube Invest-ը կայուն զարգացման ճանապարհն է ընտրել, որի ընթացքում պետք էր հասնել միջազգայնորեն ճանաչված ստանդարտների: Դրանցից մեկը միջազգային ISO 27001 տեսակի համապատասխանության հավաստագրի ստացումն էր:

Հավաստագիրը Cube Invest-ը ստացել է 2024 թվականի նոյեմբերին՝ բրիտանական QA Audit ընկերության կողմից: Սա տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատն է, որը վկայում է այն մասին, որ Gube Invest-ում ներդրված գործընթացները, մեխանիզմները համապատասխանում են ISO-ի տեղեկատվական անվտանգության միջազգային չափանիշներին։



Հավաստագիրն առաջին հերթին մեր հաճախորդներին եւ գործընկերներին վստահություն կներշնչի, նրանք համոզված կլինեն, որ իրենց տվյալները ավելի պաշտպանված են եւ երրորդ անձանց կամ այլ մատակարարների համար դրանք հայտնի դառնալու վտանգ չկա: Այսինքն՝ ընկերությունը որդեգրել է այնպիսի անվտանգության միջոցներ եւ մեխանիզմներ, որոնք ռիսկերը մինիմալի են հասցնում:

Ներդրումային ոլորտում, հատկապես Հայաստանի կապիտալ շուկաներում, մի քիչ սկեպտիցիզմ կամ վստահության պակաս կա ներդրումային ընկերությունների հանդեպ: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր հաճախորդները եւ գործընկերները հասկանան, որ իրենք մեզ հետ համագործակցելիս վստահության խնդիր չեն ունենա եւ մեզ մոտ տվյալների անվտանգության պաշտպանությունը միջազգայնորեն ընդունված, եվրոպական ստանդարտներին համապատասխան մակարդակի վրա է: Այսինքն՝ կարող ենք ասել սերտիֆիկատը կրիտիկական նշանակություն ունի ներդրումային առումով:

Հավաստագիրը ստանալու գործընթացը բավականին երկար է տեւել՝ շուրջ 5-6 ամիս: Այդ ընթացքում ընկերությունը նախ իր ներքին կանոնակարգերն է համապատասխանեցրել միջազգային ISO 27001 հավաստագրի պահանջներին, այնուհետեւ հավաստագրող ընկերությունն աուդիտ է անցկացրել, հետեւել աշխատանքային գործընթացներին, թե դրանք որքանով են համապատասխանում իրենց չափանիշներին, որի արդյունքում նոր միայն հավաստագիր տրամադրելու որոշում կայացրել:

Միքայել Մարգարյանը


Այս հավաստագիրը տրվում է 3 տարի ժամկետով: Յուրաքանչյուր տարի աուդիտ պետք է անցնենք, որը կհավաստի, որ մեր գործընթացները անխափան են եւ համապատասխանում են սերտիֆիկատին: 3 տարի հետո նորից թարմացվելու է սերտիֆիկատը։

2024-ը՝ նոր գործընկերների եւ նախագծերի տարի

2024 թվականը Cube Invest-ի համար նշանավորվեց նաեւ նոր հաճախորդների եւ գործընկերների ավելացմամբ, ինչպես նաեւ նոր ծրագրերի ներդրմամբ: Այս տարի նաեւ ռեպո պայմանագրերով միջազգային գործընկերներից ֆինանսական միջոցներ ներգրավեցինք, ինչը եւս եզակի էր Հայաստանի ներդրումային ընկերությունների շրջանում:

Այս տարին նաեւ արժեւորվեց նրանով, որ, այսպես ասած, «բիզնես քեյսերից» բացի՝ նաեւ ունեցանք մի շարք այլ նախագծեր, որոնք ուղղված են ընդհանուր ոլորտի զարգացմանը, մարդկանց ֆինանսական գրագիտությանն եւ ոլորտի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը: Երբ ընդհանուր շուկան, ոլորտը զարգացնենք, դրանով նաեւ մեր՝ ներդրումային ընկերությունների իրավիճակը կբարելավենք: Այս տեսանկյունից մեզ համար հանրային հաղորդակցության եւ իրազեկվածության հատվածը շատ կարեւոր է: Մեզ համար կարեւոր է նաեւ մեր թիմը երիտասարդ կադրերով համալրելը: Այսինքն՝ մեր ռազմավարության մեջ միայն բիզնես ուղղությունը չէ առաջնահերթություն, այլեւ այս ոլորտում իրականացվող կրթական եւ կազմակերպչական աշխատանքները:



Պետք է նշեմ նաեւ, որ վերջին մի քանի տարվա ընթացքում աստիճանաբար ֆինանսական գրագիտության բարձրացում է նկատվում: Այսինքն՝ մարդիկ ավանդական գործիքներից զատ՝ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ ֆինանսական գործիքների նկատմամբ: Կապիտալի հայկական շուկան եւս ակտիվացել է, որին նպաստել է նաեւ կառավարության կողմից խթանող ծրագրերի ներդնումը: Դրանցից մեկը եկամտահարկի արտոնությունն է՝ ցուցակված պարտատոմսեր ձեռք բերելիս, մյուսը՝ թողարկողներին խրախուսելը եւ սուբսիդիաներ տրամադրելը:

Cube Invest-ն այս տարի անդամակցել է նաեւ Եվրոպայի մեծածախ ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME -Association for Financial Markets in Europe), որը եվրոպական ֆինանսական շուկայի ամենախոշոր միավորումներից մեկն է:

AFME-ն նպատակ ունի խթանել մրցունակ եւ կայուն կապիտալի շուկաները։ Այն գործում է որպես կապող օղակ Եվրոպայի մեծածախ ֆինանսական շուկաների եւ կարգավորող մարմինների միջեւ՝ ապահովելով փորձագիտական կարծիք տարբեր հարցերի վերաբերյալ։

Միքայել Մարգարյանը


AFME-ին անդամակցելով ֆինանսական կառույցներն օգտվում են ասոցիացիայի փորձագիտական գիտելիքներից`կարգավորման եւ կապիտալի շուկաների հետ կապված, ստանում են մասնագիտական նորամուծություններ եւ բովանդակություն: AFME-ն բարձրացնում է անդամների ձայնը՝ ներկայացնելով նրանց շահերը եվրոպական կառավարությունների եւ հանրային կառույցների մակարդակներում:

Ասոցիացիայի անդամ կառույցները նաեւ մշտապես ստանում են թարմ տեղեկատվություն, հետազոտություն եւ վիճակագրություն ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ։ AFME-ն պարբերաբար հրապարակում է զեկույցներ եւ վիճակագրական տվյալներ, որոնք հասանելի են միայն անդամներին։ Անդամները հնարավորություն են ունենում մասնակցել AFME-ի կազմակերպած կոնֆերանսներին եւ միջոցառումներին, որի արդյունքում ստեղծվում են ամուր բիզնես կապեր եւ համագործակցություններ այլ ֆինանսական կառույցների հետ։ Այսպիսով՝ AFME-ն կարեւոր դեր է խաղում Եվրոպայի ֆինանսական շուկաների զարգացման եւ կարգավորման գործում՝ իր անդամներին տրամադրելով արժեքավոր ռեսուրսներ եւ հնարավորություններ։

Զարգացման հեռանկարները

Մեր ընկերությունը 2025 թվական կմտնի արդեն նախանշած մի քանի ծրագրով: Տեղական շուկայում առնվազն երկու պարտատոմսերի թողարկում ենք նախապատրաստում՝ մասնավոր հատվածի ընկերությունների կողմից, որոնք մենք կտեղաբաշխենք, կցուցակենք Հայաստանի ֆոնդային բորսայում եւ երկրորդային շուկայում գնանշումներ կիրականացնենք:

Շուտով նաեւ կհայտարարենք եւս մեկ խոշոր «մարկետմեյքինգ» կոչված ծառայության մասին, որտեղ Cube Invest-ը հանդես կգա որպես շուկա ստեղծող, այսինքն՝ երկրորդային շուկայում ամենօրյա գնանշում կիրականացնի պարտատոմսերի մասով եւ այլն:

Այսինքն՝ ակտիվություն նախատեսում ենք թե՛ լոկալ շուկայում, թե՛ միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններում: Շարունակաբար ընդլայնում ենք մեր գործընկերային ցանցը, որպեսզի կարողանանք ավելի բարելավված եւ նորացված ներկայանանք եւ նոր պրոդուկտներ առաջարկենք մեր հաճախորդներին։



Շատ շուտով վերջնական կգործարկվի Cube Invest-ի հավելվածը, որը հնարավորություն կտա հաճախորդներին միանգամից իրենց հեռախոսի միջոցով կառավարել իրենց ֆինանսական միջոցները, ներդրումներ իրականացնել տարբեր արժեթղթերում:

Մեր ծրագրերում է այդ հավելվածն անընդհատ կատարելագործել, նորարարական պրոդուկտներ դնել հավելվածի մեջ, որպեսզի հաճախորդները հասանելիություն ունենան այնպիսի գործիքների, որոնք Հայաստանում դեռեւս չեն կիրառվում։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Դիտում՝ 321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW