Լիզինգի վերագործարկված ծառայությունն ԱրարատԲանկում եւ «կանաչ» ռազմավարությունը

21.03.2024 | 22:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական ոլորտում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:

Banks.am-ի հետ զրույցում ԱրարատԲանկի կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահան Ղարիբյանը պատմել է բանկում վերագործարկված լիզինգի ծառայության, դրանից օգտվելու եւ էներգաարդյունավետ սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունների մասին։

Լիզինգի վերագործարկված ծառայությունը՝ բանկում

ԱրարատԲանկում լիզինգի ծառայությունը գործել է դեռեւս 2011 թվականից։ Այսինքն՝ առաջին լիզինգը տրամադրել ենք 13 տարի առաջ եւ մինչ օրս շարունակում ենք տրամադրել: Սակայն 2011-ից սկսած մինչեւ 2022 թվականը բանկում լիզինգն ավելի պասիվ դեր է ունեցել: Ունեցել ենք մեկ աշխատող, որն իր պարտականությունների հետ համատեղել է լիզինգի պրոդուկտի տրամադրումը: Դա էր պատճառը, որ նշված ժամանակահատվածում լիզինգի մասնաբաժինը վարկային պորտֆելում փոքր էր, իսկ հաճախորդների թիվը՝ քիչ։ Բանկում լիզինգի ծառայության վերագործարկումից եւ նոր թափ հաղորդելուց հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում լիզինգի մասնաբաժինը պորտֆելում մեծացավ. այդպիսի պատկեր չենք ունեցել նույնիսկ լիզինգային պրոդուկտի տրամադրման մի քանի տարվա ընթացքում:

Բանկում անընդհատ քննարկվում էր լիզինգի տրամադրման մոտեցումները վերանայելու հարցը։ 2022 թվականին բանկի վարչությունն ու խորհուրդը, համատեղ քննարկման արդյունքում, որոշեցին նոր թափ հաղորդել լիզինգին եւ ավելի ինստիտուցիոնալ հիմքեր դնել, այսինքն՝ զուտ լիզինգային պրոդուկտ տրամադրելուց անցում պիտի կատարվեր լիզինգին կենտրոնական դեր հատկացնելուն։

Նշվածը մի քանի պատճառ ուներ։ Նախ՝ այս տարիների ընթացքում օրենսդրական դաշտը բարելավվել է, ինչին շատ էր նպաստել Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան, որը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու եւ լիզինգը տրամադրելուց ֆինանսական կառույցների պաշտպանվածության աստիճանը ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Եթե կարճ, ամեն հնարավոր քայլ ձեռնարկվել է, որպեսզի ֆինանսական կառույցը լիզինգ տրամադրելուց լինի նույնքան պաշտպանված, որքան վարկի դեպքում։ Լիզինգատուների ասոցիացիայի դերը բավականին մեծ է եղել այս շրջանում եւ շուկայում իրենց բերած փոփոխությունները եւս նպաստեցին, որ վերագործարկենք լիզինգի գործիքը:

Վերագործարկմանը նպաստած մյուս հանգամանքն այն էր, որ շուկայում արդեն ձեւավորված փորձ կար, մի քանի ակտիվ կառույցներ եւ մասնագետներ կային, ինչն էլ հնարավորություն տվեց կրթական ծրագրերի մասնակցել: Սրան զուգահեռ նաեւ ստեղծվում էին սուբսիդավորման ծրագրեր, որով պետությունն էլ իր հերթին փորձում էր խթանել, որպեսզի էլ ավելի շատ տնտեսվարողներ օգտվեն լիզինգի ծառայությունից։

2022 թվականի սեպտեմբերին մենք միացանք Հայաստանի լիզինգատուների ասոցիացիային, ինչից մի քանի ամիս անց արդեն բանկում ձեւավորվեց լիզինգի բաժին՝ իր հիմնական աշխատողներով:

Առավելությունները բանկի եւ հաճախորդի համար

Լիզինգը մի շարք առավելություններ ունի թե՛ բանկի, թե՛ հաճախորդի համար: Բանկի տեսանկյունից առաջին դրական կողմը գործարքի թափանցիկությունն ու հստակ նպատակայնությունն է: Օրինակ, եթե համեմատենք վարկի հետ, վարկը տրամադրելուց հետո Բանկի համապատասխան բաժնի կողմից ստուգվում է վարկի նպատակային օգտագործումը, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրս եւ ժամանակ, սակայն լիզինգի դեպքում պատկերը միանգամայն այլ է, քանի որ դրա առարկան ձեռք է բերվում հենց ֆինանսական կառույցի՝ տվյալ դեպքում բանկի կողմից, ոչ նպատակային օգտագործելու հարցը ակտուալ չի դառնում: Եվ այստեղ բանկը խնայում է եւ՛ ժամանակ, եւ՛ ռեսուրս։ Մենք ձեռք ենք բերում գույքը, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ամբողջ գործընթացն ավելի վերահսկելի դարձնել:

Լիզինգի շուկա մտնելը բանկին հնարավորություն է տալիս նոր հաճախորդներ ներգրավել։ Բանկի վարկային պորտֆելում առեւտրով զբաղվող ընկերությունների տեսակարար կշիռը բավականին մեծ է, իսկ քանի որ լիզինգը հիմնական միջոցի ձեռքբերում է, հավանականությունն ավելի մեծ է, որ լիզինգից ավելի շատ կօգտվեն արտադրող ընկերությունները: Այսինքն՝ լիզինգի գործիքն օգտագործելով փորձում ենք վարկային ներդրումներն էլ ավելի դիվերսիֆիկացնել:

Լիզինգի գործարկումը համագործակցության հնարավորություն է ստեղծում նոր ֆինանսական ֆոնդերի հետ։ Բանկի միջազգային գործընկերների ցանկը բավականին ընդգրկուն է, իսկ համագործակցության փորձը՝ բազմամյա։ Կան գործընկերներ, որոնք լիզինգի համար նախատեսված առանձին ֆոնդեր ունեն, այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում մեզ մոտ լիզինգի համար նպատակային միջոցներ ներգրավել եւ ներդնել Հայաստանի շուկայում:

Հաճախորդի համար գլխավոր առավելությունը առանց գրավի պարտադիր պահանջի ֆինանսավորումն է: Ունենալով ձեռք բերվող լիզինգի առարկայի 10% կամ 20%-ը ու վճարելով լիզինգի ամսական վճարները՝ հաճախորդը տվյալ գույքի օգտագործման իրավունք է ստանում։ ՓՄՁ-ները, հաճախ չունենալով բավարար արժեքով գրավի առարկա, հնարավորություն են ստանում փոքր ներդրումներով օգտվել լիզինգից, ինչն էլ իր հերթին բերում է բիզնեսի զարգացմանը եւ նպաստում եկամուտների աճին:

Լիզինգից օգտվելու դեպքում հաճախորդի համար գործարքի ռիսկերն էլ ավելի են մեղմվում: Օրինակ՝ դեպք ենք ունեցել, երբ հաճախորդը ցանկանում էր ձեռք բերել սարքավորում Չինաստանից, մենք ուսումնասիրել ենք տվյալ մատակարար ընկերությունը եւ հասկացել, որ այն այդքան էլ վստահելի չէր, քանի որ նորաստեղծ էր, փորձ չունեցող եւ 100% կանխավճար էր պահանջում: Մենք առաջարկել ենք ընտրել այլ մատակարար: Բացի սա՝ լիզինգի առարկաների բեռնափոխադրման հետ կապված եւս տարբեր ռիսկեր կարող են լինել, որոնք պոտենցիալ հաճախորդը կարող է հաշվի առած չլինել։ Մենք այդ բոլոր ռիսկերը գնահատում ենք եւ, դրանք հաշվի առնելով, օգտագործում տարբեր ապահովագրական գործիքներ եւ փորձում զսպել ռիսկերը:

«Կանաչ» ռազմավարությունը

Քանի որ ԱրարատԲանկի ռազմավարության մեջ կարեւոր ուղղություններից մեկը կանաչ վարկավորումն է, որն, ի դեպ, մեկնարկել ենք դեռեւս 2012 թվականից Green for Growth Fund հիմնադրամի հետ՝ կնքելով էներգախնայողությանն ուղղված ֆինանսավորման պայմանագիր եւ որի մասին մենք հերթական անգամ հայտարարեցինք վերջերս Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի շրջանակում, վերականգնվող էներգետիկան, էներգաարդյունավետ վարկերը, լիզինգով տրամադրվող սարքավորումները եւս համապատասխանում են այդ չափանիշներին։ Լիզինգի գործիքը մեզ օգնում է մեր ընդհանուր վարկային պորտֆելում ավելացնել էներգաարդյունավետ ներդրումների տեսակարար կշիռը:

Այժմ Բանկն ակտիվ ֆինանսավորում է իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ, էլեկտրամոբիլներ, արտադրության մեջ օգտագործվող էներգաարդյունավետ նոր սարք-սարքավորումներ ձեռք բերելու համար:



ԱրարատԲանկի ֆինանսավորած վերջին նախագծերից է 100 BYD մակնիշի էլեկտրամոբիլների ձեռքբերումը, որոնք այսօր շահագործվում են որպես տաքսի ծառայություն: Այս գործարքով նպաստում ենք թե՛ լիզինգի, թե՛ կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

Ի դեպ, ապրիլի 12-14 Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի կունենա «Բոլոր սարքավորումները մեկ հարթակում Leasing EXPO 2024»  ամենամյա խոշոր ցուցահանդեսը, որին ԱրարատԲանկը կմասնակցի առանձին տաղավարով։ Ուրախ կլինենք տեղում շփվել գործող եւ հավանական հաճախորդների հետ, պատասխանել հարցերին եւ առաջարկել լուծումներ։



Լիզինգից օգտվելու հեռանկարը

Եթե համեմատենք լիզինգի պատկերը 5 տարի առաջ, ապա այս տարիների ընթացքում տնտեսվարողների մոտ բավականին բարձրացել է ֆինանսական լիզինգից օգտվելու գրագիտության աստիճանը։ Լիզինգատուների ասոցիացիան շարունակական միջոցառումներ է անցկացնում, որով բարձրացնում է իրազեկումը հասարակության ավելի լայն շրջանակների համար, ավելի մատչելի ներկայացնում, թե ինչ է լիզինգը եւ ինչ առավելություններ ունի: Իհարկե, այս ուղղությամբ աշխատելու տեղ դեռ կա, անելիքներ ունենք, բայց ամեն դեպքում, հատկապես պետական սուբսիդավորման ծրագրով լիզինգից մեկ անգամ օգտվելուց հետո, հաճախորդները հասկանում են, որ այս գործիքով ավելի հեշտ է ամեն ինչ կազմակերպել:

«Կանաչ» համագործակցությունն արտացոլում է ԱրարատԲանկի նվիրվածությունը ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագրի» 8-րդ սկզբունքին, որը կոչ է անում ձեռնարկություններին իրագործել նախաձեռնություններ, որոնք նպաստում են բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը:

Արփի Ջիլավյան

Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ

Դիտում՝ 7559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW