Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀ ՎԿԱ) պատվիրակությունը սեպտեմբերի 16-17-ը աշխատանքային այցով գտնվել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում՝ ուսումնասիրելու այդ երկրում միկրոֆինանսական հաստատությունների բազմաստիճան մոդելի, միկրոդեպոզիտային կազմակերպությունների կայացման եւ վարկային կազմակերպություններից դեպի լիարժեք առեւտրային բանկ տրանսֆորմացիայի փորձը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ՎԿԱ ղեկավարությունը, անդամ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետը։Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի առաջատար ֆինանսական կառույցների՝ «Օքսուս Տաջիկստան» միկրոդեպոզիտային կազմակերպության, «Իմոն Ինթերնեյշնլ» բանկի եւ «Հումո Բանկ»-ի, ինչպես նաեւ Տաջիկստանի ֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավարության եւ փորձագիտական թիմերի հետ։ «Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել միկրոֆինանսական հաստատությունների էվոլյուցիայի ամբողջական շղթան՝ ոչ առեւտրային հիմնադրամներից եւ դասական վարկային կազմակերպություններից մինչեւ ավանդներ ներգրավող միկրոդեպոզիտային կազմակերպությունների եւ առեւտրային բանկերի վերափոխման գործընթացը, ինչպես նաեւ գնահատել այդ փորձի կիրառելիությունը Հայաստանում «Միկրոբանկերի» ինստիտուտի ներդրման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հանդիպումների ընթացքում տաջիկ գործընկերները մանրամասն ներկայացրեցին Տաջիկստանի Ազգային բանկի կողմից սահմանված կարգավորիչ դաշտը, միկրոդեպոզիտային կազմակերպությունների պրուդենցիալ նորմատիվները, ավանդների ներգրավման կարգավորումներն ու սահմանաչափերը, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հետ աշխատանքը, միջբանկային գործառնությունները, ինչպես նաեւ այն հիմնական մարտահրավերներն ու դասերը, որոնք ուղեկցել են տրանսֆորմացիայի գործընթացին։ 27.07.2026 | 17:04 Վարկային կազմակերպությունների ասոցիացիան ուսումնասիրում է միկրոբանկերի մոդելի ներդրման վրացական փորձը Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր կարգավիճակի ազդեցությանը ֆինանսավորման արժեքի նվազեցման, արտարժութային հեջավորման ծախսերի կրճատման, տեղական ավանդային ռեսուրսների ձեւավորման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ վարկառուների համար տոկոսադրույքների իջեցման հնարավորությունների վրա։ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունը նաեւ ծանոթացել է հաստատությունների թվային էկոհամակարգերին, արհեստական բանականության եւ վարկային բյուրոյի տվյալների վրա հիմնված ավտոմատացված սքորինգի մեխանիզմներին, մասնաճյուղային լայն ցանցերի կառավարմանը, ինչպես նաեւ կանխիկի կառավարման եւ դրամապահոցների ենթակառուցվածքային առանձնահատկություններին։ Tweet Դիտում՝ 1189