Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական ոլորտում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել: Banks.am-ի հետ զրույցում «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը պատմել է թիրախային խմբերի համար ստեղծած լիզինգային պրոդուկտների, լիզինգից օգտվելու հնարավորությունների եւ ֆինանսական այլ կառույցների հետ համագործակցության մասին:«Արմենիան լիզինգ»-ի քաղաքականությունը«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ն իր գործունեությունը սկսել է չորս տարի առաջ՝ ի սկզբանե նպատակ ունենալով լիզինգի գործիքի միջոցով նպաստել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը: Մեր ընկերությունը, որդեգրելով այն քաղաքականությունը, որ ապագա ֆինանսական կառույցները հաճախորդամետ, շուկայի զարգացմանը միտված եւ պահանջարկ ստեղծող կառույցներ են, հենց այդպիսի առաքելությամբ եւ տեսլականով մտավ շուկա եւ այնպես արեց, որ բոլոր առաջարկվող պրոդուկտները լինեն այս տրամաբանության մեջ: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական կառույցների բազմազանությունը շատ մեծ է, շուկայում տարբերվելու համար անպայման որդեգրեցինք ոչ թե մրցակցության, այլ համագործակցության քաղաքականությունը: Այսինքն՝ մենք ֆինանսական կառույցների հետ ճանապարհներ փնտրեցինք եւ գտանք, թե ինչպես կարելի է համատեղ պրոդուկտներ ստեղծել, որոնք հետաքրքիր կլինեն հաճախորդի համար եւ ինչ-որ արժեշղթաներ կփակեն: Լիզինգը հենց այդ պրոդուկտներից մեկն է: Այն իր բնույթով նման է վարկավորմանը, բայց առանձնահատկությունը նրանում է, որ լրացուցիչ գրավադրում չի պահանջում, քանի որ լիզինգի առարկան հենց գործարքի ապահովման միջոցն է: Եթե համեմատենք ֆինանսական այլ գործիքների հետ, բացի լիզինգատուից եւ լիզինգառուից, գործարքում ունենք մատակարար ընկերություններ, ապահովագրողներ, բրոքերներ, որոնց համար նույնպես պրոդուկտներ են մշակվում եւ որոնք եւս օգտվում են այս շղթայից: Լիզինգի գործիքը բազմազան է դարձելԼիզինգի գործիքն այսօր այնքան բազմազան է դարձել, որ ՀՀ-ում արդեն օրենսդրորեն ամրագրված լիզինգի պայմանագրի մի քանի տեսակ կա՝ սեփականության իրավունքի փոխանցում ենթադրող եւ չենթադրող լիզինգ, հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ, ենթալիզինգ: Արսեն Բազիկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս ամենը միայն հնարավորությունների մասին է խոսում, այսինքն՝ այս պրոդուկտների բազմազանությունը ստեղծվել է նրա համար, որպեսզի այն հարմար լինի այս կամ այն տեսակի բիզնեսին:Թիրախային խմբերի համար նախատեսված պրոդուկտները«Արմլիզինգ»-ը շուկային մոտ է կանգնած եւ ավելի արագ է փորձում արձագանքել այն փոփոխություններին, որոնք պետք է տեղի ունենան այս կամ այն ուղղության եւ ոլորտի զարգացման մեջ: Մենք անմիջապես դրանք սարքում ենք հնարավորություն եւ տրամադրում հաճախորդին: Իհարկե, այստեղ կարեւոր է բիզնես նպատակների համընկնումը, իսկ բոլորիս գերնպատակն այս առումով տնտեսության զարգացումն է: Քանի որ մեր լիզինգային պորտֆելը շատ դիվերսիֆիկացված է, չկա տնտեսության այնպիսի հատված կամ ճյուղ, որը չենք ֆինանսավորում: Մեր առաջարկած բոլոր պրոդուկտները «դերձակի ստեղծած» են եւ թիրախային հաճախորդների համար են: Այսինքն՝ շատ լավ հարմարեցված են հաճախորդների աճող պահանջարկին: Ունենք չորս թիրախային խումբ՝ ՓՄՁ եւ խոշոր հաճախորդներ, ագրո-հաճախորդներ, ֆիզիկական անձինք, որոնց առաջարկում ենք լիզինգային պրոդուկտներ տարբեր ուղղություններով՝ բիզնես, միկրո, էկո, մեդ, ագրո: Այս անուններն արդեն հուշում են, թե դրանք ինչ նպատակների համար են նախատեսված:Այստեղ կառանձնացնեի թրենդային դարձած էկո-լիզինգը, որով ֆինանսավորում ենք էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմանն ու փոխարինմանը միտված էներգախնայող եւ էներգաարդյունավետ նախագծերը: Սրանք «կանաչ» ֆինանսներ են, որոնք նպատակայնության առումով շատ ավելի դյուրին է լինում հայթայթել: Միջազգային կառույցներն այս ուղղությամբ ռեսուրսները տրամադրում են ավելի շահավետ պայմաններով, ինչն էլ անդրադառնում է հետագայում այդ պրոդուկտի կազմի վրա: Այս առումով էկո-լիզինգի ուղղությունը ներկայում աճման միտում ունի: Լիզինգային պրոդուկտի տրամադրման առումով մեզ համար շատ հետաքրքիր է նաեւ թվայնացման եւ արդիականացման ուղղությունը, որն ուղղված է բիզնեսի գործընթացների թվայնացման ֆինանսավորմանը: Այստեղ առաջարկները բավականին շատ են՝ ծրագրերի, սերվերների, թվային բազաների կառավարման գործիքների ծառայություններ:Լիզինգից օգտվելն ու դրա ռիսկային կողմերըԼիզինգից օգտվելու հարցում ֆինանսական կառույցի դերը շատ մեծ է, քանի որ հաճախորդներին այդ հարցում կառույցն է օգնում: Եթե մեկ այլ ֆինանսական գործիքի տրամադրման պայմանները հնարավոր է մի քանի րոպեում ներկայացնել, լիզինգի դեպքում այդպես չէ: Դրա մասին տրամադրվող տեղեկատվությունը բավականին հագեցած է: Մենք, բացի նրանից, որ օգնում ենք հաճախորդներին իրենց պահանջարկները ձեւակերպել, նաեւ փորձում ենք ֆինանսական առումով նրանց ավելի գրագետ դարձնել, քանի որ լիզինգի առարկան շահագործելու համար միայն տեխնիկական գիտելիքները բավարար չեն: Պետք է կարողանալ հաշվարկել դրա ֆինանսական ներդրման, հետգնման ժամանակահատվածը, որքանով է այն շահավետ եւ արդյունավետ, ինչ գործակիցներ պետք է հաշվի առնել, հաշվարկել՝ մինչեւ ներդրումն իրականացնելը: Պետք է կարողանալ նաեւ հաշվարկել, թե ինչպիսին պետք է լինի քո ներդրման արդյունավետությունը: Եթե գործարքը տվյալ հաճախորդի համար ձեռնտու չէ կամ ֆինանսապես շահավետ չէ, մենք ուղղակի խորհուրդ ենք տալիս այդ պահին չգնալ դրան: Հաճախորդները հետո շնորհակալ են լինում դրա համար, քանի որ իրենց հետ ենք պահել ոչ ճիշտ ժամանակին ներդրում անելու ռիսկի հետեւանքները կրելուց:Լիզինգի գործընթացն իրեն յուրահատուկ ռիսկային այլ կողմեր էլ ունի: Օրինակ՝ ապրանքի չմատակարարման, տեխնիկական թերություններ ունենալու կամ մատակարար ընկերության պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ռիսկը, տեխնիկական բնույթի անվտանգության պայմանները չապահովելու արդյունքում լիզինգի առարկայի թերի շահագործումը եւ այլն: Կան նաեւ սպեցիֆիկ այլ ռիսկեր, որոնք կապված են լիզինգի առարկայի երկրորդային շուկայի հետ: Արսեն Բազիկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բայց պետք է նկատի ունենալ, որ այս ռիսկերը նվազեցնելու գործիքներն էլ են շատ եւ բազմազան: Մենք կիսում ենք այս բոլոր ռիսկերը՝ մատակարարի վրա դրվում է ինչ-որ մի պարտականություն, ապահովագրողի, տրանսպորտային փոխադրողի վրա՝ մեկ այլ: Այսինքն՝ քանի որ գործընթացի շղթայի մասնակիցները շատ են, ռիսկերի հեջավորման, մասնատելու հնարավորությունները եւս շատ են: Համագործակցությունն այլ ֆինանսական կառույցների հետՖինանսական այլ կառույցների հետ համագործակցելու հնարավորությունը «Արմլիզինգ»-ի առանձնահատկություններից մեկն է, որը ներդրել ենք մեր ընկերությունում՝ հաշվի առնելով լիզինգի գործիքի համադրման հնարավորությունը այլ ֆինանսական ծառայությունների հետ:Լիզինգը կարելի է համադրել վարկի կամ բանկային երաշխիքի հետ: Մեր նման պրոդուկտներից մեկը կոչվում է «Լիզինգ+ակրեդիտիվ», երբ մինչեւ ապրանքի մատակարարումը ոչ թե վճարումներ են կատարվում անմիջապես մատակարար ընկերությանը, այլ մի մասը կատարվում է, իսկ մյուսով ստեղծվում է ակրեդիտիվային եղանակով պրոդուկտ, որը մեկ այլ ֆինանսական կառույցի հետ համատեղ է արվում:Ունենք նաեւ այնպիսի ծառայություն, երբ ինչ-որ գյուղատնտեսական նշանակության տեխնիկա կամ սառնարանային տնտեսության սարքավորում տրամադրելուց փորձում ենք մեկ այլ ֆինանսական կառույցի հետ տրամադրել նաեւ մթերման վարկավորում: Օրինակ, եթե լիզինգառուն չրագործական սարքավորումներ է վերցնում, համագործակցող կառույցն էլ վարկավորում է հումք ձեռք բերելը: Այսպիսի համակցումները խիստ նպատակային են եւ ունենում են հատուկ ֆոնդեր, որոնք հակված են նման կարգի պրոդուկտների համար ներդրումներ անել: Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 3469