Ներկայացնում ենք Պեկինի համալսարանի պրոֆեսոր, Չինաստանի Ժողովրդական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի անդամ Հուան Յիպինի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Հուան Յիպին Չինաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղել է 2024 թվականի առաջին երեք եռամսյակներին՝ 5,3%-ից իջնելով 4,7%-ի, հետո 4,6%-ի, ինչը մտավախություն է առաջացնում, որ երկիրը չի կատարի տարեկան աճի մոտ 5%-ի նպատակը։ Սակայն վերջին տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանի տնտեսությունը վերջապես վերականգնվում է:Չինաստանի տնտեսական ակտիվությունը համեմատաբար թույլ էր Քովիդ-19-ի ճգնաժամից հետո։ Սա անսպասելի չէր, համենայն դեպս սկզբում. երեք տարվա համաճարակային սահմանափակումները բացասական ազդեցին տնային տնտեսությունների, ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշիռների վրա: Իրավիճակը վատթարացրեց բիզնեսի վստահության անկումը (որը մասամբ պատասխան էր ֆինանսների, անշարժ գույքի հատվածի և հարթակային տնտեսության նկատմամբ կարգավորող ճնշումներին):2021-ի սկզբին, երբ Միացյալ Նահանգները դուրս եկան համաճարակի ամենածանր կարանտինից, ամերիկյան տնային տնտեսությունները սկսեցին արագ ծախսել իրենց կուտակած գումարը: Չինական տնային տնտեսությունները, ընդհակառակը, շարունակեցին կուտակել նույնիսկ կարանտինի ավարտից հետո. 2020-ի հունվարից մինչև 2024-ի օգոստոսը տնային տնտեսությունների բանկային ավանդները Չինաստանում աճել են 65,4 տրիլիոն յուանով (9 տրիլիոն դոլար), ընդ որում զգալիս մասը հարուստների խնայողություններն են:Չինաստանի կառավարությունը այս ժամանակահատվածում սկսեց մի քանի աջակցող ծրագրեր, սակայն, ի տարբերություն անցյալ միջամտությունների, ձեռնպահ մնաց ագրեսիվ խթանման քաղաքականությունից՝ երկյուղելով հնարավոր կողմնակի ազդեցություններից: 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո կառավարության զանգվածային խթանման փաթեթը նպաստեց աճին, բայց նաև առաջացրեց անշարժ գույքի «փուչիկ», մեծացրեց տեղական իշխանությունների պարտքը և նվազեցրեց ներդրումների արդյունավետությունը: Կառավարության հաշվարկները փոխվեցին 2024-ի երրորդ եռամսյակի վերջում, երբ պարզ դարձավ, որ Չինաստանի տնտեսությունը ավելի մեծ օգնության կարիք կունենա աճի հետագիծը բարձրացնելու համար։ Սեպտեմբերի վերջին Չինաստանի Ժողովրդական բանկի կառավարիչ Պան Գոնգշենգը հայտարարեց ֆոնդային շուկային աջակցելու երեք միջոցառումները․ բանկերի պարտադիր պահուստավորման նվազեցում, ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում և դրամավարկային քաղաքականության գործիքների ստեղծում:Ավելին՝ հոկտեմբերի 12-ին Չինաստանի ֆինանսների նախարար Լան Ֆոանը հայտարարեց, որ հարկաբյուջետային նոր միջոցառումները ուղղված կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների պարտքի խնդիրների լուծմանը, անշարժ գույքի շուկայի կայունացմանը և զբաղվածությանն աջակցելուն: Նոյեմբերի սկզբին հայտարարությանը հետևեց տեղական ինքնակառավարման մարմինների համար 10 տրիլիոն յուանի պարտքի փոխանակման ծրագիրը: Ե՛վ Պանը, և՛ Լանը ակնարկել են, որ նոր խթանման միջոցառումներ են մշակվում, ընդ որում Լանը նշել է, որ Չինաստանի կենտրոնական կառավարությունը դեռ շատ տեղ ունի իր պարտքն ու դեֆիցիտը մեծացնելու համար: Սակայն հաճախ կատարվող տնտեսական ցուցանիշների վերջին տվյալները (որոնք ամենաարագն են արձագանքում մակրոտնտեսական քաղաքականության փոփոխություններին) ցույց են տալիս, որ կառավարության գործողությունները սկսել են ազդել գրեթե անմիջապես:Հոկտեմբերին ընդհանուր «սոցիալական ֆինանսները» (իրական տնտեսության ընդհանուր ֆինանսավորումը) տարեկան կտրվածքով աճել են 7,8%-ով, իսկ բանկային չմարված վարկերը՝ 7,7%-ով։ Մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 4,8%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 1,6 տոկոսային կետով։ Արտադրական գնումների մենեջերների ինդեքսը հասել է 50,1-ի՝ 50-ից պակաս եռամսյա ցուցանիշներից հետո, և նոյեմբերին կրկին աճել է մինչև 50,3:Ավելի լավ նորություն է, որ քաղաքային գործազրկության մակարդակը հոկտեմբերին նվազել է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 5%-ի: Նույնիսկ անշարժ գույքի շուկան փոքր-ինչ բարելավվել է, թեև հողի վաճառքը և անշարժ գույքի ներդրումները դեռ փոքր են: Եթե այս դրական միտումները շարունակվեն, ապա 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը հավանաբար կհասնի 5%-ի:2025 թվականի հեռանկարը, սակայն, այդքան հստակ չէ: Եթե հաջորդ տարի Չինաստանը հասնի ՀՆԱ-ի 5% աճի (եթե դա է կառավարության նպատակը), քաղաքականություն մշակողները պետք է հաղթահարեն երեք հիմնական մարտահրավերներ՝ սկսած անշարժ գույքի ոլորտի կայունացումից, որը նպաստում է ՀՆԱ-ի աճի մոտ 20%-ին և կազմում է տնային տնտեսությունների հարստության 70%-ը:Երկրորդ մարտահրավերը տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեկշիռներն են: Ֆոնդերի պակասը վերջերս ստիպում է տեղական իշխանություններին կրճատել ծախսերը, օրինակ՝ պաշտոնյաների աշխատավարձերը, և ընկնել եկամուտների հետևից, օրինակ՝ հետապնդել կորպորատիվ հարկային պարտքերը և նույնիսկ կալանավորել մասնավոր ձեռներեցներին այլ տարածաշրջաններից: Սա լավ չէ տնտեսական աճի համար:Հիմնական խնդիրն այն է, որ ծախսերի պարտավորություններն այժմ գերազանցում են հարկաբյուջետային եկամուտները, որոնց այլևս չի նպաստում հողի վաճառքը և տեղական ինքնակառավարման մարմինների ներդրումները: Կենտրոնական կառավարությունը պետք է ընդհանուր նշանակության եկամուտների զգալի մասը շտապ փոխանցի տեղական ինքնակառավարման մարմիններին: Սկզբունքորեն՝ Չինաստանը պետք է վերակազմավորի հարկաբյուջետային պատասխանատվության հավասարակշռությունը կառավարական մակարդակներում:Երրորդ կարևոր մարտահրավերը, որին Չինաստանը կբախվի 2025-ին, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն է, որն իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում խոստացել է 60% մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Հաշվի առնելով, որ Չինաստանի արտահանումն ԱՄՆ կազմում է ՀՆԱ-ի 3%-ը, նման մաքսատուրքերը (և նույնիսկ շատ ավելի ցածրերը) էականորեն կազդեն 2025-ի աճի վրա: UBS ներդրումային բանկը, օրինակ, կանխատեսել է, որ 2025-ին Չինաստանի ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 4%։ Լուսանկարը՝ REUTERS Չինաստանում բանավեճեր են ծավալվել այն մասին, թե արդյոք տնտեսությանը անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ, թե ավելի շատ մակրոտնտեսական խթաններ: Իրականում երկուսն էլ պետք են: Առաջին հերթին պետք է վճռական խթանման փաթեթ, որն ունի կայուն հարկաբյուջետային քաղաքականության բաղադրիչ․ սա կունենա ամենամեծ անմիջական ազդեցությունը: Բայց երբ փաթեթը ստեղծվի, կառավարությունը պետք է զբաղվի կառուցվածքային բարեփոխումներով և կենտրոնանա սպառողների, ներդրողների և ձեռնարկատերերի վստահության բարձրացման վրա:Անցած տարվա ընթացքում Չինաստանի կառավարությունը հրապարակել էր մի շարք քաղաքական փաստաթղթեր, որոնք ուղղված էին վստահության վերականգնմանը։ Բայց քանի որ շուկայի մասնակիցները լիովին համոզված չեն, կառավարությունը պետք է ավելի հեռուն գնա և համարձակ ու տեսանելի կերպով իրագործի մի քանի միջոցառումներ, որոնք հայտարարել էր, օրինակ՝ մասնավոր ձեռնարկությունների ավելի լավ պաշտպանություն: Բիզնեսի վստահության ամրապնդմանը կօգնի նաև, եթե տեղական պաշտոնյաները չփորփրեն հին հարկային գրառումները՝ բացակայող վճարումները գտնելու նպատակով: Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի Project Syndicate-ի հոդվածները Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում են «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գործընկերությամբ: «Կուբ Ինվեսթ»-ը մատուցում է բիզնես ներդրումային ծառայություններ, օգնում է թողարկել պարտատոմսեր, ժամանակ եւ գումար խնայել արտարժութային գործառնություններ իրականացնելիս:Copyright: Project Syndicate, 2024.www.project-syndicate.org Tweet Դիտում՝ 227