«Տելեկոմ Արմենիա» ԲԲ Ընկերությունը (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) շարունակում է նոր նվաճումներ գրանցել Հայաստանի կապիտալի շուկայում՝ ցուցակելով դոլարային եւ դրամային կայուն զարգացման հետ կապված պարտատոմսեր Հայաստանի ֆոնդային բորսայի հիմնական (Abond) ցուցակում: Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենն այսօր ստորագրել է ընկերության պարտատոմսերի ցուցակման որոշումները, որոնց համաձայն դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես կշրջանառվեն բորսայում։ Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակվեն Team Telecom Armenia-ի կայուն զարգացման հետ կապված 3 սերիա պարտատոմսեր։ Առաջին սերիայով կցուցակվեն ընդհանուր $45 միլիոն անվանական ծավալով եւ $100 անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7.95%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս: Երկրորդ սերիայով կցուցակվեն $20 միլիոն անվանական ծավալով եւ $100 անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7.85%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս: Երրորդ սերիայով կցուցակվեն 3․9 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով եւ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.25%, շրջանառության ժամկետը՝ 60 ամիս: Վերոնշյալ պարտատոմսերով կթույլատրվի հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ՝ անցնելով հղումով։Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից թողարկվել են $75 միլիոնին համարժեք կայուն զարգացման հետ կապված պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Տեղաբաշխումն իրականացվել է դեկտեմբերի 5-ից 16-ը ընկած ժամանակահատվածում, իսկ տեղաբաշխող է հանդիսացել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը եւ պարտատոմսերը կարելի է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով համապատասխան հայտ:Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն կուղղի ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաեւ վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։ «Հայաստանի ֆոնդային բորսայում խոշոր ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը ոչ միայն վկայում է կապիտալի շուկայի վստահության եւ գրավչության աճի մասին, այլեւ ծառայում է որպես խթան երկրի տնտեսական զարգացման համար։ Տեղական ընկերությունների կողմից պարտատոմսերի եւ բաժնետոմսերի թողարկումը ներդրողներին առաջարկում է նոր հնարավորություններ՝ միաժամանակ բարձրացնելով ֆինանսական համակարգի թափանցիկությունն ու կայունությունը։ Team Telecom Armenia-ի այս նախաձեռնությունը վառ օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել տնտեսության իրական հատվածի զարգացմանը՝ նպաստելով ներդրումների ներգրավմանն ու նոր նախագծերի իրականացմանը: Ունենալով գործունեության հարյուրամյա պատմություն՝ Team Telecom Armenia-ն մուտք է գործում զարգացման նոր փուլ՝ ներդրողներին հնարավորություն տալով ոչ միայն խնայողություններն արդյունավետ օգտագործելու, այլեւ մասնակից դառնալու Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանն ու դեպի կայուն թվային ապագա անցնելուն՝ նշանակալի ավանդ բերելով երկրի տնտեսության զարգացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:«Team Telecom Armenia-ի պարտատոմսերի ցուցակումը կարեւոր քայլ է ինչպես ընկերության զարգացման, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի հզորացման համար։ Այն ստեղծում է նոր հնարավորություններ տեղական եւ միջազգային ներդրողների համար, խթանում ֆինանսական համակարգի թափանցիկությունն ու արդյունավետությունը եւ նպաստում երկրի տնտեսության կայուն զարգացմանը։Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) շարունակում է հանդես գալ որպես հուսալի հարթակ՝ խթանելով տեղական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը կապիտալի շուկայում։ Այսպիսի նախաձեռնությունները ընդգծում են AMX-ի կարեւոր դերը ներդրումների ներգրավման եւ տնտեսության իրական հատվածի աճի աջակցման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 307