Telcell-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) բաժնետոմսերը սպառվել են ժամանակից շուտ

02.12.2024 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Telcell #IPO
Նոյեմբերի 29-ին`ժամանակից շուտ, սպառվել են «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերության առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) առաջարկի բաժնետոմսերը։

Ընկերությունը նախապատրաստվում է ցուցակման (listing) փուլին, հայտ կներկայացնի բորսայում գնանշվելու համար:

 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով շուրջ 4 մլն բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) մասին «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունը հայտարարել էր սեպտեմբերի 18-ին: Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը, իսկ արժեթղթերի պահառությունը՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Մեկ բաժնետոմսի արժեքը 400 ՀՀ դրամ էր, նվազագույն քանակը առաջին գնման դեպքում 10 բաժնետոմսն էր, առավելագույնը՝ 500 հազար բաժնետոմսը:

Առաջնային հրապարակային վաճառքի վերջնաժամկետը 2024թ. նոյեմբերի 30-ն էր, սակայն ընկերության բաժնետոմսերը սպառվել են ավելի շուտ, որը «փաստում է բաժնետոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրվածության մասին»:

«Հազարավոր անհատներ, կազմակերպություններ դարձել են «Թել-Սել»-ի բաժնետերեր՝ կատարելով իրենց ամենակարեւոր ներդրումը։ Ընկերության հանրային առաջին տեղաբաշխման (IPO) առաջարկի բաժնետոմսերի գնորդներն ինչպես ֆինանսական ոլորտի, տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներն են, այնպես էլ շարքային քաղաքացիները։

Telcell ընկերությունը նպատակ ունի տարեկան գրանցած շահույթի առնվազն 50%-ը տեղաբաշխել որպես դիվիդենտ՝ գրավիչ դառնալով ներդրողների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Telcell-ն արդեն 17 տարի ընթանում է առաջանցիկ զարգացման ճանապարհով՝ պարբերաբար ներկայանալով իր նոր նախագծերով ու ձգտելով կատարելության:

Մեր ընկերության բաժնետոմսերը շուկա դուրս բերելու, հաճախորդների ու գործընկերների համար հրապարակային, բաց դառնալու մեր ձգտումը ոչ այլ ինչ էր, քան այս երկար ու հագեցած բիզնես ճանապարհի տրամաբանական շարունակություն:

 Ուրախ եմ եւ հպարտ մեր թիմով, որի հետեւողական աշխատանքի շնորհիվ նաեւ կարողացանք շահել մարդկանց, մեր հաճախորդների վստահությունը՝ դրանով իսկ նոր բաժնետերերի միջոցով ներգրավելով լրացուցիչ ներդրումներ, որոնք կուղղվեն հեռանկարային խոշոր նախագծերի իրականացմանը»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Telcell վճարահաշվարկային ընկերությունը հիմնադրվել է 2007թ. Հայաստանում՝ որպես առաջին վճարային տերմինալային ծառայություններ մատուցող ընկերություն։ Ներկայում այն ունի ամենամեծ տերմինալային ցանցը եւ ճկուն Telcell Wallet հավելվածը։ Ընկերությունը կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում եւ դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 3342
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW