Լիզինգը, որպես ֆինանսական գործիք, վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանի ֆինանսական կառույցներում: Այն շատերի համար հիմնական միջոցների ձեռքբերման ճկուն եւ հարմար տարբերակ է դարձել:Banks.am-ի հետ զրույցում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ առեւտրային կոոպերատիվի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը պատմել է լիզինգի հեռանկարների, դրա հիմնական ռիսկի, ինչպես նաեւ վարկային կոոպերատիվ լինելու առանձնահատկությունների մասին:Լիզինգը՝ տնտեսվարողների համարԼիզինգը շատ արդյունավետ եւ նպատակային պրոդուկտ է՝ հատկապես տնտեսվարողների համար, քանի որ վերջնական արդյունքի տեսանկյունից դրա արդյունավետությունը շատ բարձր է: Լիզինգի առավելությունները բազմաթիվ են: Ի տարբերություն վարկավորման, լիզինգի պարագայում մեծամասամբ լրացուցիչ ապահովության առկայություն անհրաժեշտ չէ: Մյուս առավելությունն այն է, որ լիզինգառուն ձեռք է բերում հիմնական միջոցը, որը միգուցե առկա չէ ՀՀ-ում, այն ներկրվում է արտերկրից, իսկ դրա գործարքն անհամեմատ ավելի ապահով է կատարվում: Արմեն Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինչ վերաբերում է լիզինգատուի, լիզինգառուի եւ մատակարարի պարտավորություններին, ապա նրանցից յուրաքանչյուրի պարտավորությունները հստակ ամրագրված են պայմանագրում: Լիզինգատուն պարտավորվում է ձեռք բերել լիզինգի առարկան, որը մատակարարը պարտավորվում է ժամանակին ներկրել եւ տրամադրել, իսկ լիզինգառուն՝ ժամանակին վճարել վարձավճարները: Լիզինգի գործարքը կարելի է համարել հաջողված եւ արդյունավետ, եթե բոլոր կողմերը պարտավորությունները ճշգրիտ եւ ժամանակին են իրականացնում:Գործառնական եւ ֆինանսական լիզինգԼիզինգը համարվում է վարձակալության պայմանագիր, բայց կարելի է դիտարկել նաեւ որպես վաճառքի պայմանագիր: Երկու դեպքում էլ այն լիզինգառուի համար շահավետ գործարք է:Լիզինգի տեսակներն են ՝գործառնական եւ ֆինանսական: Գործառնականի դեպքում լիզինգի առարկան վարձավճարները վճարելուց հետո չի դառնում լիզինգառուի սեփականությունը:Ֆինանսականի դեպքում լիզինգի առարկան բոլոր վարձավճարները վճարելուց հետո մնում է որպես սեփականություն լիզինգառուի մոտ: Մենք մեծամասամբ ֆինանսական լիզինգ ենք տրամադրում: Հիմնական ռիսկըԼիզինգատուի հիմնական ռիսկը լիզինգառուի վճարունակության ռիսկի գնահատումն է եւ վերջինիս չվճարելու դեպքում լիզինգի առարկայի վերադարձը եւ իրացումը: Օրենսդրությունը նախատեսում է, որ եթե լիզինգառուն հրաժարվում է լիզինգի առարկայից, լիզինգատուն իրավասու է երկրորդային լիզինգով հիմնական միջոցը տրամադրել մեկ այլ վարձակալի կամ իրացնել այն:Իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ լիզինգի գործարքի նպատակային լինելը եւ դրանով նոր արտադրական հնարավորություններ ստեղծելն արդեն իսկ ապահովված է. շատ քիչ են լինում դեպքեր, երբ վարձավճարի ուշացումներ ենք ունենում: Մեր փորձից կարող եմ նշել, որ պրակտիկորեն չենք ունեցել եւ չենք ունենում ժամկետանց լիզինգ: Լիզինգի առանձնահատկությունը հենց իր նպատակայնությունն է, քանի որ լիզինգառուն չի ստանում գումարը, այլ ստանում է հիմնական միջոցը, ինչն արդեն իսկ լրացուցիչ արդյունավետություն է բերում տնտեսությանը կամ բիզնեսին:«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն՝ վարկային կոոպերատիվ«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն լիզինգային ծառայություններ սկսել է մատուցել դեռեւս 2009 թվականից: Ներկրվել եւ լիզինգով տրամադրվել են չինական արտադրության 100 միավորից ավելի YTO մակնիշի տրակտորներ եւ գյուղատնտեսական գործիքներ: Մեր կազմակերպությունում լիզինգի պրոդուկտի մեջ ներդրումները նոր շունչ են ստացել 2022 թվականից, երբ ձեւավորեցինք նոր՝ Լիզինգի բաժին եւ այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի համակարգված եւ նպատակային սկսեցինք իրականացնել: Արմեն Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ֆարմ Կրեդիտ»-ը միակ վարկային կոոպերատիվն է ՀՀ ում եւ պատկանում է 11 հազար անդամ փայատերի: Մեր նպատակը՝ որպես վարկային կազմակերպություն, շահույթի մաքսիմիզացիան չէ, այլ մեր անդամների վարկային՝ տվյալ դեպքում լիզինգային կարիքների բավարարումը: Այս տեսանկյունից մենք շատ ավելի մոտ ենք կանգնած մեր փայատեր սեփականատերերին, իսկ մեր գործունեության հիմքում ընկած է նրանց վարկային շահերի բավարարումը: Հանրապետության տարբեր մարզերում 10 մասնաճյուղ ունենք, որոնց միջոցով էլ իրականացնում ենք մեր գործունեությունը: Մեծ մարքեթինգային կամ գովազդային քարոզարշավ չենք իրականացնում, համաչափ աշխատում ենք եւ գնում առաջ:Գյուղատնտեսների եւ գինեգործների համարՄեր կազմակերպության հիմնադրման օրից մեր բաժնետեր-փայատերերը գյուղացիներն են եղել: Կազմակերպության լիզինգային պորտֆելն այս պահի դրությամբ $3.5 մլն-ից ավելի է: Լիզինգ ենք իրականացնում մի շարք ուղղություններում՝ գյուղատնտեսություն, վերամշակում, շինարարություն, ինչպես նաեւ սպասարկման ոլորտներում:50-ից ավելի մատակարար ընկերության հետ ենք աշխատում՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում: Կարող եմ առանձնացնել գյուղատնտեսական եւ շինարարական տեխնիկա մատակարարող ընկերությունների հետ արդյունավետ աշխատանքը: Մեծ ներդրումներ ենք կատարել նաեւ ագրովերամշակող սարքավորումների պահանջարկ ունեցող կազմակերպությունների ակտիվների մեջ, որոնք, ինչ խոսք, արտադրական նոր հզորություններ եւ արտադրողականություն են ապահովել այդ ընկերություններում:Ինչ վերաբերում է մեր առաջարկած լիզինգի առարկաներին, ապա դրանք բազմաբնույթ են՝ շինարարական աշտարակային կռունկից մինչեւ գինու շշալցման հոսքագիծ կամ որեւէ այլ սարքավորում: Այսինքն՝ ցանկացած հիմնական միջոց, որը որոշակի նոր արտադրական հզորություն կամ արդյունավետություն է ապահովում ձեռնարկատիրոջ համար, կարող է լինել լիզինգի առարկա:Նշեմ, որ գինեգործությունը Հայաստանի համար հեռանկարային ճյուղ է, եւ մենք հակված ենք հետագայում ավելի զարգացնել այդ ուղղությամբ մեր առաջարկները: Գինեգործները բավականին հետաքրքրված են լիզինգով, հատկապես, որ կառավարության հատուկ ծրագրի շրջանակում մենք ցանկացած արտադրական հզորություն գինեգործության համար կարողանում ենք ֆինանսավորել:Լիզինգի հեռանկարները Լիզինգ իրականացնելն այսօր շահավետ է, մի բան, որն այդպիսին չէր մի քանի տարի առաջ: Մինչեւ վերջերս լիզինգի մասին օրենսդրությունը բարվոք վիճակում չէր, խթանող գործոններ չկային, որպեսզի լիզինգը լայնորեն տարածվեր: Լիզինգատուների ասոցիացիայի ջանքերի շնորհիվ նաեւ օրենսդրական բավականին շատ փոփոխություններ եղան, ինչի արդյունքում էլ լիզինգի կիրառությունը դարձավ արդյունավետ: Արմեն Գաբրիելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պետք է նաեւ նշել, որ կառավարության կողմից իրականացվող սուբսիդավորման ծրագիրը նոր խթան հանդիսացավ եւ տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծեց անհամեմատ ցածր տոկոսադրույքով ձեռք բերել հիմնական միջոցներ իրենց բիզնեսի համար: Գյուղտեխնիկայի սուբսիդավորման ծրագիրն այդ հնարավորությունն ընձեռնում է նաեւ տնտեսվարող ֆիզիկական անձանց համար:Եթե սուբսիդավորման ծրագիրը եւ ներկրման հետ կապված օրենսդրական փոփոխությունները շարունակվեն առաջիկա տարիներին, ապա դրանք հնարավորություն կտան, որ գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի, ինչպես նաեւ սարքավորումների պարկը թարմացվի, ինչի արդյունքներն էլ ապագայում կերեւան, քանի որ տեխնիկական պարկի թարմացումը կբերի աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Հոդվածը պատրաստվել է ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Tweet Դիտում՝ 3421