Գեղեցկության սրահ, որ Ջուլհակյանները «զրոյից» են հիմնել

22.03.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Beauty by Julhakyans #Հարություն Ջուլհակյան #վարսավիր
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

37-ամյա Հարություն Ջուլհակյանը՝ վարսավիր կնոջ ու դիմահարդար ընկերոջ հետ միասին, 2016-ին հիմնել է Beauty by Julhakyans գեղեցկության սրահը: Երեքով դեռ տարիներ առաջ էին թիմ կազմել: Այսօր նրանց հաճախորդների մեծ մասը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն են:

«Վարսավիրությունն ի՞նչ տղամարդու գործ է»

Դպրոցի վերջին տարիներին Ռուսաստանում ատամնատեխնիկական գործ եմ սովորել ու աշխատել, հետո որոշեցի գալ Հայաստան ու զինվորական ծառայության մեկնել: Որպես ատամնատեխնիկ այլեւս չէի ուզում աշխատել, չնայած լավ էր ստացվում, բայց հոգեպես հանգիստ չէի. ստեղծագործական աշխատանքի էի ձգտում:

Աշխատել եմ նաեւ ոսկերիչ, փայտամշակում եմ արել, եղբորս եմ օգնել կոստյումներ կարելու գործում: Եղել եմ նաեւ բարմեն, մատուցող: Դպրոցական տարիքում էլ մնջախաղի դասերի եմ հաճախել:

Հարություն Ջուլհակյանը՝ աշխատանքային պրոցեսում

Վարսավիրություն փոքր տարիքում էի ուզում սովորել: Չէի ցանկանա մորս վատ կողմից ներկայացնել, բայց նա էր, որ ասաց. «Վարսավիրությունն ի՞նչ տղամարդու գործ է» (ժպտում է – խմբ.): Նրա «խաթր» սովորեցի այն, ինչ ուզում էր, չնայած եթե ի սկզբանե միայն վարսավիրություն սովորած լինեի, հիմա շատ բան չէի կարողանա անել:

Ոսկերչությունն ու ատամնատեխնիկան համբերություն են պահանջում. մանր գործեր անելու համար ձեռքի վարժանքներն են կարեւոր, այդ ունակություններս հիմա օգտագործում եմ մազերի տատու անելու համար, որն իմ հիմնական «ֆիշկան» է: Քանի որ նաեւ մնջախաղի թատրոն եմ հաճախել, գիտեմ, թե ինչպես լուռ ներկայացնել այդ ամենը: Հաճախորդների հետ ճիշտ շփման հմտություններն էլ ձեռք եմ բերել բարմեն ու մատուցող աշխատելիս:


«Կողքից» սովորելու արվեստը

Ես վարսավիրություն չեմ սովորել. գումար չունեի: Ընկերոջս վարսավիրանոցում եմ սկսել աշխատել որպես մենեջեր:


Հետեւում էի վարսավիրների աշխատանքին, բախտս բերել էր, որ շատ լավ մասնագետներ ունեինք, ամեն մեկից մի բան սովորեցի: Օրվա վերջում բոլորին ճանապարհում էի, կանչում էի ընկերներիս ու նրանց վրա փորձում այն, ինչ տեսել եմ օրվա ընթացքում: Ամիսներ հետո առաջարկեցի, որ վարսավիր աշխատեմ, չորս ամիս միայն երեխայի մազ կտրեցի, քիչ-քիչ հմտացա: Տասը տարի աշխատել եմ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող այդ նույն սրահում:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Հարություն Ջուլհակյանի հետ

Հայաստանում նոր էր զարգանում տեսահոլովակներ նկարելու ճյուղը, հաճախորդներիս թվում էր ռեժիսոր Սերժ Գաբյանը, ինձ նման «փախած» մտքեր ուներ, մի օր առաջարկեց ՀՏ Հայկոյի տեսահոլովակի համար վարսահարդում անել: Հետագայում մեկը մյուսին ասելով՝ իմացան իմ մասին ու սկսեցինք բոլորի հետ էլ աշխատել:

Հիմա շոու-բիզնեսի 80%-ի հետ համագործակցում ենք՝ ոչ միայն տեղացիների, այլեւ արտասահմանցիների հետ: Ոլորտում 2004-ից եմ:


Ընտանեկան-ընկերական բիզնես

Կինս վարսավիրություն սովորել էր, բայց տանն էր ինչ-որ բաներ փորձում: Ես նոր էի սկսել աշխատել, երբ ամեն օր նոր գործ էի սովորում ու առաջարկում՝ իրար հետ փորձել: Որոշեցինք, որ Նանոն նաեւ ֆլորիստիկա սովորի՝ ոչ ստանդարտ սանրվածքներ անելու հմտությունները զարգացնելու համար:

Սեփական գեղեցկության սրահ ունենալու պլաններ դեռ չունեինք, պարզապես ինքներս մեզ էինք զարգացնում:

Նանոն, Հարությունն ու Լիանան

Մեզ միացավ նաեւ մեր սիրելի ընկեր Լիանան, որը դիմահարդար եւ մեյքափ արտիստ է: Հետագայում սկսեցինք համագործակցել ստուդիաների հետ: Ինչ-որ պահի զգացինք, որ այլեւս միայնակ չենք հասցնում ու մեզ թիմ է պետք, որովհետեւ լինում էր՝ օրական երկու տեսահոլովակի համար էինք աշխատում:

Ինչպե՞ս հիմնել բիզնես 400 դոլարով

Նախկինում, երբ աշխատում էի մինչեւ վերջին շունչս, օրվա վերջում հաշվում էի վաստակածս, հասկանում էի՝ որոշ ժամանակ հետո X գումար եմ ունենալու, բայց ապագա չէի տեսնում. այդպես 20-30 տարի, իսկ հետո՞:

Ես աշխատում էի ոչ թե գումարի, այլ գաղափարների համար, իսկ նման աշխատանքի դեպքում դժվար թե ստացվեր դրանք իրագործել: Հենց դա ինձ ստիպեց, որ ինքս սկսեմ ու իմ սեփականը հիմնեմ:

Նանո Ջուլհակյանը

$400 ունեի խնայած, երեքով միացանք, Բագրատունյաց փողոցում ընդարձակ տարածք վարձակալեցինք: Տեսահոլովակների աշխատանքները վերջացնում էի, գումարը վերցնում էի, առավոտյան նոր կահույքի մաս էի առնում սրահի համար, աղջիկները պատերն էին ներկում, մեզ նաեւ շատ օգնում էին մեր ընկերները:

Հատուկ եմ այս տարածքն ընտրել, որ մեքենաների կայանատեղի լինի, նաեւ մետրոն է մոտ: Քանի որ բոլորն ինձ ավելի շատ ճանաչում են ազգանունով՝ Ջուլհակյան, հենց այդպես էլ անվանեցինք սրահը:

Մինչ օրս, ինչ աշխատում ենք այստեղ, ներդնում ենք սրահի զարգացման մեջ:

Թիմը

Ընդհանուր 10-15 հոգի ենք թիմում, որի մի մասը մեզ միանում է տեսահոլովակների նկարահանումների ժամանակ. մենք ապահովում ենք արտիստների արտաքին տեսքը՝ վարսահարդարում, դիմահարդարում: 


Հաճախ ենք թիմում ժողովներ անում, որոշումները կայացնում ենք խորհրդակցելով:

Վարսահարդարումից մինչեւ սոլյարի

Beauty by Julhakyans սրահում առաջարկում ենք վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, կոսմետոլոգիա եւ սոլյարի:

Հետագայում մտադիր եմ նաեւ սեփական խանութ ունենալ:

1/3

2/3

3/3

Ինձ համար մշտապես դժվար է եղել նյութեր եւ գործիքներ ձեռք բերելը, հատկապես տարիներ առաջ այստեղ վաճառում էին էժան ու ոչ որակյալ նյութեր, ստիպված պատվիրում էի կամ խնդրում ծանոթներիս բերել ինձ համար:

Դպրոց, որտեղ սովորեցնում են տարբերվել

Julhakyans-ում ունենք նաեւ վարսավիրական դպրոց, որն այժմ զարգացման փուլում է:

Ամսական 5 աշակերտ ենք ունենում, դասընթացը տեւում է 3-4 ամիս: Ներսում մեծ տարածք ունենք, որն օգտագործում ենք ե՛ւ դասերի, ե՛ւ նկարահանումներ համար:


Մեր աշակերտները սովորում են հինգ տարբեր մասնագետներից, ինչպես ես եմ սովորել՝ ամեն մեկից մի բան «գողանալով»: Սա է ճիշտ ձեւը, այլ ոչ թե շատերի նման՝ աշակերտին կցում են մեկ մասնագետի՝ առանց լուրջ ուշադրություն դարձնելու:

Ես սովորեցնում եմ տարբերվել մյուսներից: Եթե երկու սրահ իրար կողքի աշխատում են եւ նույն գործն են անում, պետք է մտածել, թե ինչ կարող ես ինքդ առաջարկել, որ մյուսը չի կարող: Այդ ժամանակ հաճախորդը հաստատ քեզ կնախընտրի:


Ցանկանում ենք Հայաստանում եզակի դպրոց ունենալ, որտեղ կվերապատրաստենք մեր մասնագետներին ու կուղարկենք միջազգային մրցույթների մասնակցելու:

Սեփական անունը՝ բրենդ

Տարիներ շարունակ աշխատել ենք մեր անվան վրա:

Վերջին երկու տարին է, որ հանգստանալու եմ մեկնում, մինչ այդ մտածում էի՝ շատ բանի չեմ հասել, որ ինձ թույլ տամ հանգստանալ:

Եթե մտածես՝ հիմա վարսավիր աշխատեմ, մի օր էլ իմ սեփական սրահը կունենամ, գուցե չհաջողվի. կարեւորը լինել լավ մասնագետ, ինքնազարգանալ, հետո ամեն ինչ քայլ առ քայլ կստացվի: Պետք չէ նշաձող սահմանել, որովհետեւ դու դրան կհասնես ու ավելիին չես ձգտի:

Հարություն Ջուլհակյանը

Եթե կան մասնագետներ, որոնք քո ոլորտում մի նոր բան են ստեղծում, ինչո՞ւ դու չլինես այդ մարդկանցից մեկը:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Beauty by Julhakyans-ի

Կարող եք կարդալ նաեւ՝

Ճարտարապետ Արեգը «զրոյից» ուսումնական կենտրոն է հիմնել
Բարմեն Չինոն «զրոյից» գազավորված ջրի բիզնես է հիմնել
Միջոցառումների կազմակերպիչ Էդուարդն ու նրա «զրոյից» բիզնեսը
Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը
Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում
Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել
Տնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը
Դիտում՝ 31965
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW