Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը

25.01.2019 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#զրոյից #Հովհաննես Արզումանյան #Bow-X

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:


***
34-ամյա Հովհաննես Արզումանյանը 2014-ին հիմնել է թիթեռ-փողկապների, ինչպես նաեւ փողկապների, ճարմանդների, թաշկինակների, տաբատակալների արտադրությամբ զբաղվող Bow-X («Բոու-իքս») ընկերությունը: Ամբողջը նրա ձեռքի աշխատանքն է: «Բաբոչկաների» վաճառքն իրականացնում է Սարյան փողոցում հիմնած առաջին եւ միակ մասնագիտացված խանութ-սրահում:

Ամեն ինչ սկսվեց «նշանդրեքից»

Նշանադրությունիցս առաջ ամբողջ քաղաքում սկսեցի «բաբոչկա» փնտրել: Բոլորը սեւ, կրկնվող թիթեռ-փողկապներ էին, իսկ ես ուզում էի նշանածիս (հիմա արդեն կնոջս) զգեստին համապատասխան մի բան ընտրել: Վերջում հենց այդ զգեստի կտորից ծուռ-մուռ ինչ-որ բան սարքեցի ու կրեցի:

Հովհաննես Արզումանյանը

Կարելու ձիրք չեմ ունեցել, ժամանակին մայրս է կարել, մեքենան նրանից է ինձ փոխանցվել: Այնքան փորձեցի մինչեւ ստացվեց, YouTube-ով էի տեսանյութեր նայում, հիմա արդեն հմտացել եմ (ժպտում է – խմբ.): Էությամբ ստեղծագործող եմ, թվաբանական գործեր կամ կարգադրություններ չեմ կարող կատարել. ձանձրալի է:

Ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, էկոլոգ-տնտեսագետ եմ: Մասնագիտությամբ երբեւէ չեմ աշխատել:

Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո սկսեցի աշխատել լուսանկարչական փոքր ստուդիայում, որտեղ ամբողջ օրվա աշխատանքս գնահատվում էր 2700 դրամ: Որոշեցի ծնողներիցս գումար խնդրել, տպագրական սարք գնել ու իմ սեփական գործը հիմնել: Սկսեցինք զբաղվել նաեւ հագուստների, բաժակների վրա տպագրությամբ: Վերածվեց ընտանեկան բիզնեսի. 2010-2012-ին դա նորություն էր: Այս ամենը սակայն մինչեւ «բաբոչկաներ»-ն էին:


Կնոջ հուշումով

Նշանադրությունից հետո, կնոջս մտահաղացմամբ, որոշեցինք թիթեռ-փողկապներ կարել ու վրան տպագրություն անել:

2012-ի Մարտի 8-ին նախորդող երկու օրերին ցուցահանդես-վաճառքներ էին կազմակերպված, մասնակցեցինք: Բուռն արձագանք ստացանք: Մեր թիթեռ-փողկապները նորություն էին, մարդիկ կարող էին նաեւ իրենց ուզած նկարով պատվիրել:


Առաջին օրը մոտ 20 օրինակ վաճառվեց. այդ ժամանակ բոլոր նմուշներն արժեին 2500 դրամ: Երեկոյան տուն եկա (մեկսենյականոց բնակարան էինք վարձակալում), կնոջս ուղարկեցի ծնողների տուն, որ չխանգարեմ քունն ու ամբողջ գիշեր 20 նոր նմուշ պատրաստեցի: Հաջորդ օրը դրանք գրեթե ամբողջությամբ վաճառեցի: Ցուցահանդեսը փորձ էր, որ հասկանանք՝ գտել ենք մեր ճիշտ արտադրանքը:
 
Նույն օրը բացեցինք ֆեյսբուքյան էջը: Սկզբում գովազդ չէինք անում, պարզապես ակտիվ տարածում էինք ու հաճախ մրցույթներ անցկացնում:
 
Ի դեպ, առաջին պատվերը Լեոնիդ Բրեժնեւի նկարով թիթեռ-փողկապն էր:

Ապրանքանիշի ծագումը

Bow-tie նշանակում է թիթեռնիկ-փողկապ, բառի առաջին հատվածին ավելացրել ենք X, որին հակառակ նայելու դեպքում ստացվում է թիթեռ-փողկապ:

Օ տառի վրա նշան ենք դրել, որ սեռային սահմանափակում չլինի, քանի որ այն ի սկզբանե համարվում է տղամարդու հագուստի աքսեսուար (մինչդեռ մեր հաճախորդների մեծ մասը կանայք են):


Երբ «օգնության է գալիս» տատիկը

Պատկերացրեք՝ բիզնեսը հիմնելիս գումարային ներդրում գրեթե չենք արել: Քանի որ գաղափարն անմիջապես գումարի «վերածվեց», ստացվածն ուղղեցինք բիզնեսի զարգացմանը եւ ավելի ուշ խանութ բացեցինք:

Սկզբում գումար ծախսում էինք միայն կապիչների մասնիկների վրա, կտորներն օգտագործում էինք տատիկիս պահոցից: Բացի այդ, որոշ արհեստանոցների հետ պայմանավորվել էինք, ավելացած կտորներն անվճար մեզ էին տալիս:


Վաղուց արդեն հին կտորներ չենք օգտագործում. տեսականին մեծ է, ամբողջը հայաստանյան խանութներից ենք գնում:

Դեպի քաղաքակիրթ բիզնես

Երկու տարի ամեն-ինչ օնլայն պատվերով էինք անում: Տանը կարում էի, հանդիպում ու փոխանցում էի: Շատ էի հոգնում: Փողոցում ապրանք փոխանցելն էլ անհարմար էր. քաղաքակիրթ բիզնես չէ: Մարդիկ տեսականին չէին տեսնում, որ ընտրեին, շոշափեին, իսկ ցուցահանդեսները տարին երկու անգամ էին կազմակերպվում:


Որոշեցինք խանութ բացել. բավական շարժունակ տեղում հարմար տարածք գտանք: 2014-ի մայիսի 1-ից բացեցինք խանութ-սրահը: Վերանորոգումը, տաղավարները, փաթեթավորման տուփերը, տոպրակները՝ ամբողջը մեր ձեռքի աշխատանքն է:

Ասեղնագործություն, փայտ եւ այլ աքսեսուարներ

Սկզբում, երբ օնլայն էինք աշխատում, վաճառքը չափազանց լավ էր. ծախսը քիչ էր, հարկեր չէինք վճարում: Սկզբում խանութը եւս լավ էր աշխատում: Հետագայում սակայն, երբ թիթեռ-փողկապ նախընտրող մարդիկ գնեցին իրենց ուզածը, վաճառքները սկսեցին պակասել: Դա փորձեցինք լրացնել՝ տեսականին ավելացնելով:


Քույրս միացավ ու սկսեց թիթեռ-փողկապների վրա ասեղնագործել: Հետո ավելացրինք փայտե տեսականին եւ մնացած աքսեսուարները:


Մեզնից առաջ հիշում եմ միայն մի տղայի, որը որպես հոբբի էր թիթեռ-փողկապներ պատրաստում. նա ավելի շատ նկարիչ էր: Տպագրությամբ տարբերակները մեր նորամուծությունն է:

Որպես մասնագիտացված խանութ-սրահ, որն ունի այսպիսի մեծ տեսականի, Հայաստանում միակն ենք: Չնայած վրացի զբոսաշրջիկ հաճախորդներն ասել են, որ նման բան անգամ Վրաստանում չկա:

«Մարդ-նվագախումբ»

Կցանկանայի արտադրամաս բացել: Ցավոք, արհեստանոցս փոքր է. այն խանութում է՝ անմիջապես վաճառասեղանի հետեւում, ներսում միայն ես եմ տեղավորվում (ծիծաղում է – խմբ.): Վաճառողն էլ եմ ես:

Հովհաննես Արզումանյանը եւ հաճախորդը

Հայաստանի համար մեկ խանութը բավական է, հիմա մտածում ենք գործերն արտահանելու մասին:

Հայտնիները կրում են Bow-X

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ ամբողջ հագուստը հայկական է՝ բացառությամբ փողկապի: Մենք էլ որոշեցինք երկու փողկապ ուղարկել. մեկը կապույտ կտորից՝ գործնական հանդիպումների համար, մյուս՝ եռագույնով: Այդ օրը համընկել էր վարչապետի ասուլիսի հետ, ու նա անմիջապես կրել էր այն:

Նիկոլ Փաշինյանը՝ Bow-X-ի փողկապով

«Լավ երեկո»-ի հաղորդավարներ Արամ Mp3-ն եւ Գարիկն Ամանորի հաղորդման ժամանակ նույնպես կրում էին իմ պատրաստած թիթեռ-փողկապները. նրանց դիզայներ Արամ Նիկոլյանը հաճախ է Bow-X-ի հետ համագործակցում:

Արամ Mp3-ն եւ Գարիկը՝ Bow-X-ի թիթեռ-փողկապով

Վերջերս նաեւ Ռաֆայել Քոթանջյանի տղան էր հոր համար պատվիրել մեր աշխատանքներից:

Աշխատանքից հաճույք ստանալու մասին

Ինձ ամենաշատն աշխատանքիս ռեժիմն է դուր գալիս, այսինքն՝ դրա բացակայությունը. գուցե մինչեւ առավոտվա 4:00-ը գործ անեմ ու ընդհանրապես չհոգնեմ, բայց եթե որեւէ այլ տեղում աշխատանքի լինեի, ամբողջ էներգիաս կսպառվեր:


Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարող եք կարդալ նաեւ՝

Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում

Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել

Տնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը

Դիտում՝ 26440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW