Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***27-ամյա Արեգ Քեշիշյանը 2017-ին հիմնել է Skillshop ճարտարապետական ուսումնական կենտրոնը: Մինչ այդ երեք տարի նա ուսանողների հետ պարապում էր իր տան հյուրասենյակում: Կենտրոնում այժմ տարեկան 300-ից ավելի ուսանող է սովորում: Skillshop-ը վերջին շրջանում նաեւ արվեստանոցի է վերածվել. պատվերներ է ընդունում եւ նախագծեր իրականացնում: Գիտելիքից բիզնես Ծնվել եմ Սիրիայում, 18 տարեկանում տեղափոխվել եմ Հայաստան. մայրս երեւանցի է: Ընտանիքս Երեւանում տուն ունի, մեծ խնդիր չէր տեղափոխվել եւ հաստատվելը, նաեւ ուսանելու նպատակով էի եկել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Սովորել եմ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, մի շարք միջազգային սեմինարների մասնակցել, հիմա ինքս էլ եմ վարում նման դասընթացներ: Առաջին աշխատանքս երկրորդ կուրսում էր՝ որպես գրաֆիկ դիզայներ, հետո միայն դասերով տարվեցի. անվճար էի սովորում: Երրորդ կուրսում անընդհատ համակարգչային ծրագրեր էի ուսումնասիրում, որ ավելի արագ նախագծեմ, քանի որ մինչ այդ օգտագործածս ծրագրերը «ջանջալ» էին: Կանգ առա Autodesk Revit ծրագրի վրա, այն տեղեկության մոդելավորման ծրագրային ապահովում է ստեղծում: Revit-ով նախագիծ արեցի ու հանձնեցի: Կուրսեցիներիցս մեկը հարցրեց, թե ինչպես եմ հասցրել այդքան գործ անել, խնդրեց՝ իրեն էլ սովորեցնեմ ու ասաց՝ կվճարի: Մեկ ամիս տեւեց սովորեցնելը՝ 30 000 դրամ: Հետո նրա կուրսընկերներն էին հարցրել, պատասխանել էր՝ Արեգի մոտ է սովորել: Երեք հոգի էլ դիմեցին, հետո մեկը մյուսին ասելով՝ շատացան, խմբեր ձեւավորվեցին: Լուսանկարը՝ Մեդիամաքս Դասախոսները՝ ուսանող Դասերը մեր տանն էինք անում, մինչ այդ միայնակ էի ապրում, հետո երբ Սիրիայում պատերազմը սկսվեց, ընտանիքս տեղափոխվեց Երեւան: Մեր տան հյուրասենյակն ամբողջովին լսարանի էր վերածվել (ժպտում է - խմբ.): Skillshop-ի դասընթացավարներից Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկզբում իմ կուրսեցիներին էի սովորեցնում, հետո պարզվեց, որ վատ չեմ անում գործս, ցածր կուրսերից սկսեցին գալ, այնուհետեւ բարձր կուրսերից եկան, որը զարմանալի էր: Որոշ ժամանակ հետո իմ դասերին հաճախում էին անգամ դասախոսներ:Autodesk Revit ծրագիրը թույլ է տալիս շենքը մոդելավորել ինֆորմացիայի հիման վրա (building information modeling): Ունենում ենք մեկ սինխրոն մոդել, որտեղ ցանկացած փոփոխություն անելիս տարածվում է ամբողջ մոդելի վրա: Այս ծրագիրը ժամանակ եւ ֆինանս է խնայում, ավելի արագ ու շատ գործ ես կատարում կարճ ժամանակում: Լուսանկարը՝ Skillshop Սովորելու ամենալավ ձեւը սովորեցնելն էԻրականում, ցանկացածը կարող է ինքնուրույն սովորել, պարզապես մինչեւ YouTube-ով լավ տեսանյութեր գտնես, լիքը սխալներ անես, դա կտեւի մեկ-երկու տարի, մինչդեռ մեզ մոտ երեք ամսում ֆիլտրված գիտելիք ես ստանում: Ես մինչեւ հիմա սովորում եմ ծրագրերը: Սովորելու ամենալավ ձեւը սովորեցնելն է, երբ դու բացատրում ես, ինքդ էլ ես սովորում: Միայն քո խնդիրները լուծելու փոխարեն միանգամից շատերինն ես լուծում, որն էլ ինքնազարգանալու առիթ է:ԹիմըԽմբերը շատացան, լավագույն ուսանողներիս խնդրեցի միանալ ինձ, սկսեցի նրանց մարզել, թե ինչպես ճիշտ դասավանդեն ու ծրագիրը մատուցեն: Բոլորս դասավանդում էինք իմ տան հյուրասենյակում: Ընթացքում այլ ծրագրեր սովորեցինք, հիմա մի քանիսն ենք դասավանդում: Մեզ նաեւ տարբեր ընկերություններից են հրավիրում, որ իրենց աշխատակիցներին մարզենք: Skillshop-ի թիմը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այժմ թիմում 12 հոգի ենք՝ 1 մենեջեր, 5 դասընթացավար, 5 օգնական եւ ես՝ որպես տնօրեն ու դասընթացավար: Տարին բաժանում ենք երեք կիսամյակի, յուրաքանչյուրին 100-110 ուսանող ենք ունենում: Հյուրասենյակից դեպի իրական բիզնես Եթե մեկն ես, որը կյանքում փող չի աշխատել եւ հյուրասենյակից է սկսել բիզնեսը, շատ լավ է, բայց պետք է նաեւ հասկանաս, որ եթե ուզում ես մրցունակ մնալ շուկայում եւ պահպանել համբավդ, պետք է գործդ շոշափելի դարձնես՝ գրանցես այն որպես կազմակերպություն: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մինչ այդ ես խուսափում էի հարկեր տալուց, որովհետեւ չգիտեի՝ ինչպես է արվում: Երբ շփվեցի մասնագետների հետ, ամեն ինչ պարզ դարձավ: Տարածք վարձեցինք Նաիրի Զարյան փողոցում: Վերջին մեկ տարում հավաքված գումարը ծախսեցինք կազմակերպությունը հիմնելու վրա: Երբ հյուրասենյակից դուրս եկանք, սկսեցին մեզ ավելի շատ վստահել. ուսանողների թիվը մեկ ու կես անգամ շատացավ: Հետո կրկին տեղափոխվեցինք, այժմ Մհեր Մկրտչյանի վրա է մեր կենտրոնը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Skillshop-ի ուսանողներն այստեղ ծախսած գումարը հետագայում վաստակելու են մեկ ամսում: Շատ հաճելի զգացում է, երբ գիտես՝ քո գործը ոչ միայն քեզ է օգուտ, այլեւ քո ուսանողին: Հիմա շատ ընկերություններ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներով են աշխատում, իսկ դրանք ուսումնասիրելը եւ արվեստանոցներին մատուցելը մեր գործն է: Հայտնի «բիսետկան» Skillshop-ն է հեղինակել Դասավանդելուց բացի, վերջին շրջանում նախագծեր ենք իրականացնում: Առաջադեմ տեխնոլոգիայով նախագծված գործեր են, որոնք ամեն օր չեն կառուցվում: Ճարտարապետ Գիորգի Պոչոյանի եւ Skillshop-ի համատեղ նախագիծը Դալմա Գարդեն Մոլում Լուսանկարը՝ Skillshop Վերջին նախագիծը ՄԱԿ-ի «Վերաիմաստավորելով հանրային տարածքները» ծրագրի շրջանակում ենք արել. կառուցել ենք մի տաղավար, որը հանրության համար բակային նոր մշակույթ է ձեւավորում: Լուսանկարը՝ Skillshop Մեզ առաջարկել էին հանրային տարածք ստեղծելու փորձ անել ու ներկայացրել էին որոշակի բյուջե: Ընտրեցինք 1930-ականներին նախագծված եւ կոնստրուկտիվիստ շարժումը ներկայացնող շենքերի տարածքը. Rethink Pavilion-ը (համահեղինակներ՝ Արեգ Քեշիշյան, Հակոբ Մանսուրյան) կառուցել ենք Չեխովի 23 հասցեում գտնվող բակում: Վերանայել ենք զրուցարանի (բիսետկայի) գաղափարը: Թիրախային խմբում բոլորն են, բնակելի շենքին շատ մոտ է: Հատուկ աթոռների միջեւ այնքան հեռավորություն ենք թողել, որ մարդիկ նարդի չխաղան ու աղմուկ չլինի. այն աշխարհից կտրվելու, հանգստանալու վայր է: Սա նաեւ առաջին նախագիծն է, որ ոչ միայն մենք ենք նախագծել, այլեւ մենք ենք կառուցել: Զրոյից սկսելու նուրբ արվեստըԳործը զրոյից սկսելու դեպքում շատ ես սովորում, եւ եթե սովորել սիրող մարդ ես, այն քեզ լավ «դրայվ» է տալու: Քո բիզնեսը սկսելիս գուցե ընդհանրապես գումար չաշխատես, բայց դրանից անձդ զարգանում է: Ամալի Խաչատրյանը զրուցում է Արեգ Քեշիշյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինձ շատերն էին թերահավատորեն մոտենում ու ասեմ՝ ով է հիմա Revit ծրագիրն օգտագործում, փոքր շուկա է, հաջողությունների չեմ հասնի: Եթե մի բանի ռեալ հավատում ես ու զգում ես, որ քո ուզածը կարեւոր է, ինքդ կարող ես դրա պահանջարկը ստեղծել: Պետք չէ շատ հետեւել պահանջարկին, այլ պետք է ձեռնարկել ու չվախենալ սկսելուց: Երբեք էլ ուշ չէ, սակայն երիտասարդ տարիքում դեռ կարող ես մի լավ ձախողել եւ նորից սկսել, առանց որի հաջողություն չի լինում: Արեգ Քեշիշյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նաեւ պետք է առաջ շարժվել, ցանկացած բիզնեսում նույն տեղում մնալը հետ քայլ է. մնացածն իրենց տեղում չեն մնալու: Հենց զգաս՝ հայտնվում ես հարմարավետության տիրույթում, պետք է այն կոտրես. ստաբիլությունը պատրանք է: Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Skillshop-իԿարող եք կարդալ նաեւ՝Բարմեն Չինոն «զրոյից» գազավորված ջրի բիզնես է հիմնելՄիջոցառումների կազմակերպիչ Էդուարդն ու նրա «զրոյից» բիզնեսըԷկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսըՀայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը ՀայաստանումԼեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծելՏնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը Tweet Դիտում՝ 28552