Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները: ***Միջոցառումների կազմակերպիչ Էդուարդ Լեւանյանն ընկերոջ՝ Արմեն Սուքիասյանի հետ 2012-ին հիմնել է Fest.am ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների եւ գույքի վարձակալությամբ, ինչպես նաեւ տրամադրում է լոգիստիկ սպասարկում: CVՋավախքից Երեւան տեղափոխվելուց հետո Էդուարդն ամիսներ անց արդեն աշխատում էր, ուսանողական տարիներին մշտապես սոցիոլոգիական հարցումներ էր անցկացնում: Սովորել է սոցիոլոգիա, այնուհետեւ մասնագիտացել PR-ում: 2008-ից աշխատել է մասնավոր ընկերությունում՝ որպես PR-ի եւ մարքեթինգի մասնագետ: Քանի որ միջոցառումների կազմակերպման ուղղվածությունը նրան շատ էր դուր գալիս՝ հատկապես սթրեսային վիճակներում վերջին րոպեին հարցերին լուծում տալը, ավելի խորացված մասնագիտանում է հենց այս ոլորտում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի դեպ, Էդուարդը ներկայում աշխատում է տեղական խոշոր ընկերություններից մեկում՝ որպես ծրագրերի ու միջոցառումների պատասխանատու:Սկզբում «Ֆլեշմոբն» էր2012-ին հինգ ընկերներով հիմնում են «Ֆլեշմոբ դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն ու սկսում տարբեր կազմակերպությունների եւ անհատների համար ֆլեշմոբեր կազմակերպել: Հատկապես ակտիվ էին 2012-ին, երբ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակվել: Fest.am-ի հիմնադրումը կապված է հենց այս փառատոնի հետ: «Նոր հրատարակված գրքերի համար հարկավոր էր բացօթյա ցուցադրություն կազմակերպել, տաղավար էր անհրաժեշտ, որտեղ հեղինակը կներկայացներ գիրքը: «Փեթակ» տոնավաճառից գնեցինք երկու տաղավար-վրան: Վերջում դրանք թողեցինք գրասենյակում, մի քանի ամիս անց ինչ-որ մարդիկ զանգեցին ու վարձով խնդրեցին այն: Հետագայում նույն մարդիկ մեր հեռախոսահամարը փոխանցել էին ուրիշներին, որոնք արդեն չորս տաղավար էին ուզում. երկու նորը գնեցինք»,- ասում է նա: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Ֆլեշմոբ դիվիզիա»-ի թիմն արդյունքում ցրվում է. երկուսը երկրից հեռանում են, մյուսը նոր բիզնես է սկսում, իսկ Էդուարդն ու Արմենը խորանում են այս գործում եւ ստեղծում Fest.am ընկերությունը: Եթե չկա, ապա ի՛նքդ ստեղծիր Fest.am-ի ամբողջ պատմությունը սկսվել է երկու տաղավար-վրանից: Հետագայում գույքը քիչ-քիչ ավելացրել են. ներկայում ունեն 40 վրան, 800-ից ավելի աթոռ, 7 տեսակի մոտ 200 սեղան, բեմահարթակ, լույսեր ու այն ամենը, ինչ անհրաժեշտ է բացօթյա միջոցառումներ անցկացնելու համար: Լուսանկարը՝ Fest.am 32-ամյա Էդուարդն ասում է՝ Fest.am-ը մանր գույքի վարձույթով զբաղվող առաջին ընկերությունն է, քանի որ մինչ այդ գործում էին միայն մեծ միջոցառումների համար գույք տրամադրող ընկերություններ: «Քանի որ ինքս այդ ոլորտում էի աշխատում, միջոցառումներ կազմակերպելու համար ստիպված էի մի քանի տեղ դիմել, զանգել, ինքս գնալ տարբեր պահեստներ ու իմ ուժերով վերցնել գույքը: Շատ էի ցանկանում դիմել ընդամենը մեկ մարդու, որը կկազմակերպեր այդ ամբողջ գործընթացն ու կհեշտացներ մարդկանց կյանքը»,- պատմում է Էդուարդը: Լուսանկարը՝ Մեդիամաքս 2012-ին Fest.am-ը դեռ ստարտափ էր, բիզնեսը սկսել է կայունանալ 2014-ից: Ստարտափից լուրջ բիզնեսի անցումը համարում են այն ժամանակահատվածը, երբ կարողացան ներդրումներ անել՝ առանց պարտքերի:Ռիսկը գործի կեսն էՄի օր էլ ծանոթներից մեկը զանգահարում է, 10 վրան-տաղավար ու սեղան-աթոռ պատվիրում՝ Սիրահարների այգում միջոցառում կազմակերպելու համար: Տղաներն անմիջապես ընդունում են պատվերը, մինչդեռ այդ պահին ընդամենը չորս վրան ունեին: Սեփական միջոցներով կարողանում են գնել եւս վեցը, իսկ սեղան-աթոռներ վարձակալում են հատը 500 դրամով ու նույն գումարով վարձով տալիս, որպեսզի հաճախորդին չմերժեն: Մյուս մեծ պատվերը «Երեւան մոլ»-ից էին ստացել, Ֆուտբոլի աշխարհի խաղերի ցուցադրության համար մեկ ամսով վարձակալության համար պատվիրում են 250 աթոռ ու 50 սեղան, առանց երկար մտածելու անմիջապես համաձայնում են, հետո հաշվարկում ծախսերը, ծնողներից պարտքով գումար խնդրում ու գնում ամբողջ գույքը: Արմեն Սուքիասյանն ու Էդուարդ Լեւանյանը Լուսանկարը՝ Fest.am «Մենք այսքան մեծ հաջողության հասել ենք միայն ռիսկի դիմելով: Կատակում էինք անգամ, որ եթե գույքն ապագայում պետք չգա, տաղավարները մեր բակում կդնենք, պապիները նարդի կխաղան: Ոչ ֆորմալ կարգախոս ունենք՝ «Fest.am. մեզ մոտ չէ բառը չկա», եթե որեւէ գույք չունենք, մեր ծանոթների միջոցով ձեռք ենք բերում, որ հաճախորդն ամբողջովին հարմարավետ զգա: Մեր առավելություններից մեկն այն է, որ չենք ասում՝ եկե՛ք պահեստից վերցրեք, այլ ինքներս ենք տանում, տեղադրում, որի համար, իհարկե, հավելյալ գումար է վճարվում»,- պատմում է նա: 1/2 Լուսանկարը՝ Մեդիամաքս 2/2 Լուսանկարը՝ Fest.am Խնամի-ծանոթ-բարեկամFest.am կայքն Էդուարդն ինքն է պատրաստել: Ոլորտում մասնագիտացած լինելու արդյունքում դոմեյնային անունը դեռ տարիներ առաջ էին գնել ու երբ հասկացել էին, որ գույքի վարձույթն իսկապես զարգանում է, Fest.am անվանել են հենց այս բիզնեսը: Facebook-ում նույնպես էջ ունեն, բայց հիմնականում նրանց գտնում են ծանոթների խորհրդով: Տարիների ընթացքում հետեւում են, թե արտասահմանյան ընկերություններն ինչ գույք են վարձով տալիս ու փորձում են ընդլայնել ունեցած տեսականին: Ունեն մեծ բեմահարթակ, որը «Էրեբունի-Երեւան» միջոցառման օրերին Օպերայի տարածքում են օգտագործել: Լուսանկարը՝ Fest.am «Նեղին հասնող»«Երբեմն մեզ «ոսկե ձկնիկ» են ասում. ամեն ինչ կարողանում ենք կազմակերպել ու տրամադրել: Մի անգամ առավոտյան ժամը 5:00-ին զանգել էին եւ նույն օրվա ժամը 8:00-ի համար պատվեր էին կատարում: Չմերժեցինք, որովհետեւ եթե մարդ զանգում է, կապ չունի՝ որ ժամին ու ասում է՝ հարկավոր է, նշանակում է նա դրա կարիքն ունի»,- ասում է Էդուարդը: Բիզնես եւ ընտանեկան միջոցառումների համար տղաների մոտեցումները տարբեր են. եղել է՝ անգամ գումար չեն վերցրել, երբ բանակի քեֆի համար մի քանի սեղան են տրամադրել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիմնականում հաճախորդների հետ ընկերանում են, զեղչեր անում: ԹիմըԹիմում 4 հոգի են՝ Էդուարդը, երկու Արմենները եւ Ռուբենը: Վերջինը գործադիր տնօրենն է ու պատասխանատու է համերգային հատվածով, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում է Արմենը: Էդուարդը, Ռուբենը եւ Արմենը Լուսանկարը՝ Մեդիամաքս Աշխարհագրական առումով խնդիր չունեն, բոլոր մարզերը սպասարկում են: Տղաները հաճախ իրենք են պատրաստում գույքը: Օրինակ, պարային բեմն ընկերների ձեռքի գործն է. այն արդեն 3 տարի է՝ օգտագործվում է բացօթյա հարսանեկան խնջույքների ժամանակ: Վերջին տարիներին սկսել են նաեւ վրաններն ինքնուրույն պատրաստել, որ ավելի որակյալ գույք ունենան: «Քարից բիզնես քամել»Էդուարդը վստահեցնում է՝ ամեն ինչից հնարավոր է բիզնես ստեղծել, կարեւորը՝ այն պետք է քո ոլորտին վերաբերի:«Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում բիզնես չէի սկսի, որովհետեւ նույնքան լավ չէր ստացվի, որքան միջոցառումների կազմակերպման դեպքում ստացվեց: Մարդ պետք է իր շրջանակի մեջ լինի, ուսումնասիրություն անի, թույլ կողմերը նկատի ու վերածի դրանք ուժեղ կողմերի: Էդուարդ Լեւանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բիզնեսը պետք է խնդիր լուծի: Իսկ երբ հասկանում ես, որ հասել ես մի կետի, որից հետո կարող ես քո ժամանակի ոչ թե 100%-ը, այլ 40%-ը տրամադրել դրան եւ ունես թիմ, կարելի է արդեն ոլորտի մյուս բաց կողմերի համար մտահոգվել ու եւս մեկ բիզնես սկսել»,- ամփոփում է Էդուարդը: Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Fest.am-ի Կարող եք կարդալ նաեւ՝ Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել Տնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը Tweet Դիտում՝ 27215