Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմություններ: ***Բարմեն Վահան (Չինո) Սարգսյանը 2017-ին ստեղծել է կոկտեյլների պատրաստման համար նախատեսված Chino's գազավորված ջուրը: 29-ամյա գործարարն իր արտադրանքը համարում է «բարմենների ընկեր»-ը: Chino's բիզնեսը շատ արագ կողմնակի աշխատանքից վերածվել է հիմնական եկամտի աղբյուրի: Կարիքը բիզնեսի պատճառԵրկու տարի առաջ բարմեններով մի խնդրի առջեւ կանգնեցինք. քաղաքում պարզապես չկար գազավորված ջուր (soda water): Այն ընկերության ջուրը, որից օգտվում էինք մինչ այդ, երկար ժամանակ շուկայում չէր լինելու: Օրական տասնյակ այլ գազավորված հանքային ջրեր էինք փորձում, որ պատրաստենք մեր կոկտեյլները, բայց մեզ հարկավոր էր միայն գազավորված ջուր: Մի օր գործընկերս հարցրեց՝ «Էլի չե՞ս բերել ջուրը», պատասխանեցի՝ «Չկա», կատակով ասաց՝ «Չկա, ստեղծի՛ր»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկսեցի հետաքրքրվել ու կարդալ, թե ինչպես կարելի է առանց հանքային համերի գազավորված ջուր ստանալ: Մի ընկեր ունեի, որը համապատասխան սարքավորումներով արտադրամաս ուներ, այնտեղ իմ առաջարկած մեթոդներով կարողացանք ստանալ ուզածս գազավորված ջուրը: Ի սկզբանե, ցանկություն չկար բիզնես սկսելու, այդ ջուրն ուղղակի մեր բարին էր շատ անհրաժեշտ: Երբ բարմեն գործընկերներս փորձում էին ջուրն ու իմանում՝ ես եմ հեղինակել, ողջունում էին ու առաջարկում իրենց բարերին եւս մատակարարել: Այս գործում ամենամեծ դերն ունեցել են ընկերներս, ռուսերենով ասած՝ сарафанное радио տարբերակով է զարգացել բիզնեսը: Շատ եմ կարեւորել բոլոր կարծիքները, այդ ամենից սարքել եմ «բալանսավորված կոկտեյլ» ու թողարկել իմ արտադրանքը: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Մականունը դարձավ բրենդԵրբ զգացինք պահանջարկն իսկապես մեծանում է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց օրինականացնել բիզնեսը եւ ապրանքանիշ ստեղծել: Վստահ էի, որ բոլորը միեւնույնն է՝ ասելու էին Չինոյի ջուրը, որոշեցի հենց այդ անվանումն անգլերեն տարբերակով օգտագործել: Ինձ բոլորը Չինո են ասում. փոքր տարիքում մի փոքր գեր էի, աչքերս շեղ էին, չինացի էին ասում, հետո դարձավ՝ «Չինո»: Ամալի Խաչատրյանը զրուցում է Վահան (Չինո) Սարգսյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բիզնեսում որեւէ կողմնակի ներդրում չեմ արել: Որքան վաճառել եմ, ստացված գումարը ներդրել եմ բիզնեսի զարգացման մեջ: Լոլիկը, չիչխանն ու սովորական ջուրըChino’s-ն արդեն չորս տեսակի արտադրանք ունի շուկայում: Քանի որ շատերն էին ասում, որ Bloody Mary կոկտեյլը ես լավ եմ պատրաստում, այնինչ դրա հիմքում ամենակարեւորը լոլիկի հյութն է, որոշեցի արդեն հավաքված միջոցներով թողարկել լոլիկի հյութ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հետո ավելացրինք չիչխանի հյութը: Այժմ արտադրում ենք նաեւ սովորական ջուր: Պատրաստվում եմ ավելացնել 10 համ: Տեխնոլոգիայի հեղինակը, ինչպես նաեւ շշի եւ պիտակի դիզայները ես եմ: Սկզբնական շրջանում ես էլ առաքում էի: Վահան (Չինո) Սարգսյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից Հոգով-սրտով բարմենԱվարտել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, մասնագիտությամբ ինժեներ-մետալուրգ եմ: Ուսանողական տարիքից աշխատել եմ ռեստորանային ոլորտում: Ցանկանում էի մասնագիտանալ մետալուրգիայի բնագավառում, բավական լավ էի սովորում, բայց քանի որ ժամանակիս մեծ մասն անցկացնում էի Երեւանի կենտրոնում, չէի պատկերացնում աշխատանքս քաղաքից հեռու գտնվող արտադրամասերում: Վահան (Չինո) Սարգսյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից Տարիներ առաջ նաեւ պարզեցի, որ ատամհատիկի ժամանակ օղու բաժակ եմ վերցրել, մայրս անհանգստացել էր, որ «խմող» կլինեմ, բայց բարմեն եմ դարձել: Սովորել եմ Բարմենների հայկական ասոցիացիայում, ստեղծել հայկական ազգային կոկտեյլը՝ Ապրիկոտան, որը երկու տարի առաջ ընդգրկվել է համաշխարհային կոկտեյլների այն դասականների ցանկում, ինչպիսիք են, օրինակ, Դայքիրին, Մոխիտոն, Կուբա Լիբրեն:Tom Collins փաբում աշխատում եմ հինգ տարի, վերջին մեկ տարին՝ որպես ադմինիստրացիայի գծով տնօրեն: «Ձեռքի հետ» գործը՝ արդեն հիմնական բիզնես Քանի որ բնույթով ակտիվ եմ, սիրում եմ անընդհատ «թեմայի մեջ լինել» ու չեմ պատրաստվում իմ շատ սիրելի փաբից հրաժարվել, ամբողջությամբ տրվել բիզնեսին: Եթե ես անգամ վարչապետ էլ դառնամ, միեւնույնն է՝ ես Չինո բարմենն եմ: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Բարմեն լինելն ապրելակերպ է, իսկ մյուսը՝ բիզնես, չնայած այն փաստը, որ անվանս մի մասնիկն է դրված այս գործում, նշանակում է՝ դրանից հետ կանգնել չկա, պետք է միայն ու միայն զարգացնել: Հասցնում եմ համատեղել, փաբում ես մի քանի ժամ եմ աշխատում. ի տարբերություն աշխատավարձի՝ բիզնեսով ավելի շատ գումար եմ վաստակում: Chino’s արտադրանքը վաճառվում է 100-ից ավելի ռեստորաններում, սրճարաններում ու բարերում, այս փուլում խանութներին դեռ չենք մատակարարում: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Առաջիկայում կգործարկվի chinos.am կայքը, որը հնարավորություն կտա նաեւ օնլայն պատվերներ կատարել: ԹիմըՍկզբում ամեն ինչ միայնակ էի անում. անմիջական մասնակցություն արտադրամասում չունեի, սակայն արտադրամասից ստացված ապրանքը ես էի պահեստավորում, առաքում, ապրանքը ներկայացնում ու առաջարկում: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Նախնական մոտ 500 շիշ էիք վաճառում, հասցնում էի առաքել, բայց երբ ծավալը տասնյակ անգամ մեծացավ, հասկացա, որ ժամանակ ու ռեսուրս եմ ծախսում եւ չեմ հասցնում բիզնեսի զարգացմամբ զբաղվել, խնդրեցի մանկության ընկերոջս դուրս գալ աշխատանքից եւ կազմակերպել իմ ընկերության արտադրատեսակների առաքումը: Նա զբաղվում է նաեւ լոգիստիկ հարցերով: Վահան (Չինո) Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Թիմում երկուսս ենք, ունենք նաեւ արտապատվերային (outsource) աշխատողներ, որոնք զբաղվում են հաշվապահությամբ, ֆեյսբուքյան էջը ղեկավարելով: Ապագա ծրագրերի թվում է միջազգային շուկա դուրս գալը: Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Chino’s-ի Կարող եք կարդալ նաեւ՝ Միջոցառումների կազմակերպիչ Էդուարդն ու նրա «զրոյից» բիզնեսը Էկոլոգ Հովհաննեսն ու թիթեռ-փողկապների «զրոյից» բիզնեսը Հայրենադարձ Մանեի «զրոյից» սկսած բիզնեսը Հայաստանում Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել Տնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը Tweet Դիտում՝ 30311