American Express․ համագործակցություն հանուն «ավելի խելամիտ վճարումների»

03.12.2021 | 10:16 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#American Express #Opy #BNPS
American Express-ը (Amex) հայտարարել է, որ նախատեսում է համագործակցել Opy-ի՝ ավստրալիական Openpay ֆինտեխ ընկերության ամերիկյան դուստր ընկերության հետ:

Համագործակցության շրջանակում Opy-ն American Express-ի ԱՄՆ բոլոր քարտապաններին կառաջարկի ապառիկ եղանակով վճարման հնարավորություն առողջապահության, ավտոմեքենաների վերանորոգման եւ տեխնիկական սպասարկման ոլորտներում գնումներ կատարելու համար:

TechCrunch-ի փոխանցմամբ՝ այս համագործակցությունը American Express-ի ԱՄՆ-ում առաջին BNPL պայմանագիրն է երրորդ կողմի հետ: Amex-ը կօգնի իր հարթակ ներգրավել այս ոլորտներում գործող վաճառողներին:

Opy-ն իր լուծումը նկարագրում է որպես ավանդական BNPL («գնիր հիմա, վճարիր հետո») մոդելի բարելավված տարբերակ, որն ընկերությունն անվանում է BNPS (buy now, pay smarter, «գնիր հիմա, վճարիր ավելի խելամիտ»): Opy-ն հաճախորդին կտրամադրի մինչեւ $20 000 ծավալի վարկ, մինչեւ 24 ամիս ժամկետով, նրանցից գանձելով հաստատագրված վճար՝ ի տարբերություն Affirm-ի եւ Klarna-ի նման ընկերությունների կողմից առաջարկվող ավելի կարճաժամկետ վճարումների:



American Express-ն արդեն իսկ առաջարկում է BNPL-ի սեփական տարբերակը՝ «Pay it Plan it», որը գործարկվել է 2017 թվականին $100-ից ավել գնումների համար: Այս դեպքում եւս առաջարկվում է ֆիքսված տոկոսադրույք։

«Opy-ի հետ համագործակցությունը կօգնի Amex-ին ավելի երկար ժամանակահատվածով բավարարել խոշոր գնումների ֆինանսավորման պահանջարկը»,- ասել է Opy-ի գլխավոր տնօրեն Բրայան Շնայդերմանը:

«Եթե դա խոշոր ապրանք է, իսկ դա այն է, ինչում մենք մասնագիտանում ենք՝ $1000-ից մինչեւ $20 000 արժողությամբ ապրանքներ, ապա 60 օրն իսկապես բավարար չէ ավելի թանկ ապրանքի դիմաց վճարելու համար»,- ասել է նա:

Շնայդերմանի խոսքով՝ ընկերությունը կարող է առաջարկել ավելի ցածր տոկոսադրույքներ, որոնք չեն գերազանցում 9,99%-ը, քանի որ այն ուղղված է շատ կոնկրետ ոլորտներին, որոնք գրավում են ֆինանսապես գրագետ հաճախորդներին: Ընկերության հաճախորդի միջին տարիքը 40 տարեկան է, մինչդեռ շատ այլ BNPL մատակարարների հաճախորդի միջին տարիքը 20 տարեկանից է, ավելացրել է նա։

Բացի առողջապահությունից, ավտոմեքենաների վերանորոգումից եւ տեխնիկական սպասարկումից, Opy-ն առաջարկում է ֆինանսավորում բնակարանային պայմանների բարելավման եւ կրթության համար, սակայն այս երկու հատվածները չեն ներառվի Amex-ի հետ համագործակցության մեջ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20433
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW