Ֆինտեխ. նոր ներդրումներ՝ նոր հնարավորություններ
09.03.2020 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /









Ավստրալիայի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատ Համագործակցության ավստրալական բանկը (CBA) 200 մլն է ներդրել շվեդական Klarna ֆինտեխ ստարտափում:
Klarna-ի բիզնես մոդելի հիմքում ընկած է օնլայն խանութներում գնորդներին ապառիկի եւ վարկի տրամադրումը: Ապրանքի դիմաց վճարումը կատարվում է այն ուղարկելուց հետո 14 կամ անգամ 30 օր հետո (ամեն ինչ կախված է կոնկրետ խանութից): Սա, ըստ էության, անտոկոս ապառիկ է:
CBA-ն ավստրալական թվային վճարումների շուկայի առաջատարներից է: Նրա ծառայություններից կանոնավոր կերպով օգտվում է 7 մլն մարդ:
2019թ. օգոստոսին CBA-ն արդեն իսկ $100 մլն էր ներդրել ընկերությունում. նա մասնակցել էր ֆինանսավորման ռաունդին, որը գլխավորում էր Dragoneer ներդրումային խումբը: Այն ժամանակ շվեդական ստարտափին հաջողվել էր ներգրավել $460 մլն եւ գնահատվել $5,5 մլրդ:
Գործարքի արդյունքներով՝ Klarna-ն եւ CBA-ն համատեղ կֆինանսավորեն ստարտափի ավստրալական եւ նորզելանդական բիզնեսը, որը նրանք այսուհետ տնօրինում են հավասար մասնաբաժնով: CBA-ն իրեն նաեւ իրավունք կվերապահի համագործակցել Klarna-ի հետ Ինդոնեզիայում:
Բանկը գումար է ներդրել ստարտափում, որպեսզի «լրացուցիչ իրավունքներ եւ հնարավորություններ ստանա՝ ազդելու Klarna-ի միջազգային զարգացման վրա»:
Klarna-ի ծառայություններից օգտվում է ավելի քան 85 մլն սպառող, իսկ նրա գործընկերային ցանցին միացած է արդեն ավելի քան 250 հազ. վաճառող, որոնց թվում են Adidas-ը, H&M-ն, ASOS-ը, IKEA-ն, Samsung եւ այլն:
*****
Եվրոպական Tink բաց բանկինգի հարթակն անցկացրել է ֆինանսավորման հերթական ռաունդը, որի ընթացքում նրան հաջողվել է ներգրավել €90 մլն: Ներդրողները գնահատել են հարթակը €415 մլն:
Tink-ը գործարկվել է 2013թ. Շվեդիայում: Ի սկզբանե այն իրենից ներկայացնում էր ծառայություն, որը հնարավորություն էր տալիս կառավարել տարբեր բանկային հաշիվները մեկ մոբայլ հավելվածում: Այդ ժամանակվանից ընկերությունը դարձել է լիարժեք բանկային հարթակ, որի գործընկերներն են PayPal վճարային համակարգը, Klarna ֆինտեխ ընկերությունը, Nordea ֆիննական ֆինանսական խումբը, ABN AMRO գերմանական բանկը եւ այլն:
Tink-ի ամպային հարթակում վճարային եւ բանկային լուծումները միավորված են անձնական ֆինանսների վերլուծության եւ կառավարման գործիքների հետ: Հատուկ API-ն հնարավորություն է տալիս հարթակի հաճախորդներին օգտագործել միավորված ֆինանսական տվյալները, ընդունել վճարումներ, մշակել տրանզակցիաներ եւ ստեղծել գործիքներ՝ ֆինանսները կառավարելու համար:
Ներդրողներից ստացված միջոցները կուղղվեն հարթակի զարգացմանը եւ գործընկերների թվի ավելացմանը: Tink-ը մտադիր է դուրս գալ եվրոպական նոր շուկաներ. այսօր ընկերությունն աշխատում է 14 երկրում, որտեղ նրա ծառայություններից օգտվում է ավելի քան 2,5 հազ. բանկ եւ ֆինանսական կազմակերպություն:
*****
Qonto ֆրանսիական ստարտափը հերթական ֆինանսական ռաունդում ներգրավել է $115 մլն: Ստացված միջոցներն ընկերության ներկայացուցիչները մտադիր են ուղղել ընդլայնմանը եւ սեփական թիմի ավելացմանը: Ֆինանսավորումը կօգտագործվի նաեւ հաճախորդների հետ փորձի բարելավման համար այն երկրներում, որտեղ ներկայացված է ստարտափը:
Qonto-ն B2B գործարքների սպասարկման վրա կենտրոնացած նեոբանկ է: Վերջին 2.5 տարվա ընթացքում ընկերությանը հաջողվել է իր տեխնիկական լուծումներին միացնել 65 հազ. ընկերություն: Qonto-ի հաճախորդ կարող են դառնալ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի քաղաքացիները: 2019թ. Qonto-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ եվրո:
Ի տարբերություն N26 եւ Monzo նեոբանկերի, Qonto-ն սպասարկում է փոքր եւ միջին բիզնեսը, ինչպես նաեւ ինքնազբաղվածներին:
*****
Ճապոնական SoftBank կոնգլոմերատի գլխավորությամբ ներդրողների խումբը $125 մլն-ի ներդրում է կատարել AlphaCredit մեքսիկական վարկային ստարտափում:
AlphaCredit-ը սպառողական վարկեր է տրամադրում Մեքսիկայում եւ Կոլումբիայում: Ստարտափը վարկավորում է ինչպես աշխատող քաղաքացիներին, այնպես էլ թոշակառուներին: Եթե վարկառուն պետական ծառայող է կամ ստանում է պետական կենսաթոշակ, ապա վարկի վճարը գանձվում է անմիջապես իր աշխատավարձից կամ կենսաթոշակային հաշվից: Նման գանձումների համակարգ հաջողվել է կիրառել տեղական կարգավորիչների հետ համագործակցության շնորհիվ:
Ստարտափը մատուցում է նաեւ ֆակտորինգի եւ լիզինգի ծառայություններ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին:
Ստարտափն ունի ավելի քան 210 մասնաճյուղ, որից 25-ը գտնվում է Կոլումբիայում. այս շուկա ընկերությունը մուտք է գործել 2017թ.: Ստարտափը հիմնադրվել է 2010թ., այդ օրվանից ի վեր այն տրամադրել է $1 մլրդ-ի վարկ:
*****
Ռուսաստանցի միլիարդատեր Լեոնիդ Բոգուսլավսկին ներդրում է կատարել MoneyTap հնդկական ֆինտեխ ստարտափում: Ֆինանսավորման հերթական ռաունդում ընկերությանը հաջողվել է ներգրավել շուրջ $70 մլն:
MoneyTap-ը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին մոբայլ հավելվածի միջոցով բացել անձնական վարկային գիծ՝ առանց գրավի եւ երաշխավորների: Վարկային գծի չափը տատանվում է 3000-ից մինչեւ 500 հազ. ռուփի: Վարկերը տրամադրվում են տարեկան 15-19%-ով:
Վարկառուի վարկունակության գնահատման համար MoneyTap-ն օգտագործում է նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, հաշիվներով նրա վճարումների պատմությունը, սմարթֆոնի վրա պահպանվող տվյալները (օրինակ՝ տեքստային ինֆորմացիա եւ կոնտակտներ), ինչպես նաեւ գեոլոկացիայի մասին ինֆորմացիան: Ընկերությունում կարծում են, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ սքորինգ անցկացնել:
Ներդրողներից ստացված միջոցները կուղղվեն բիզնեսի ընդլայնմանը եւ մեծ տվյալների ոլորտի հետազոտությանը: Հետագայում MoneyTap-ը նախատեսում է ստեղծել սեփական նեոբանկային ֆինանսական ընկերությունը եւ բիզնես գործարկել եւս 140 քաղաքում:
MoneyTap-ը հիմնադրվել է 2015թ.: Ընկերությունն իր ծառայություններն է մատուցում հնդկական ավելի քան 40 քաղաքում: Վերջին երեք տարվա ընթացքում այն հասել է տարեկան 25 մլրդ ռուփի (շուրջ $350,5 մլն) ծավալով վարկավորման մակարդակի:
*******
API լուծումների մշակմամբ զբաղվող բրիտանական Currencycloud ստարտափը հերթական ֆինանսավորման ռաունդում ներգրավել է $80 մլն: Ներգրավված միջոցները կուղղվեն նախագծի ընդլայնմանը: Մասնավորապես, ստարտափի թիմը պատմել է Ասիայում բիզնեսի ընդլայնման մտադրության մասին:
Currencycloud-ը ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է տեխնիկական լուծումներ՝ API ինտերֆեյսերի տեսքով: Վերջինները անդրսահմանային փոխանցումների հեշտացման հնարավորություն են ընձեռում:
2020թ. հունվարի վերջի դրությամբ՝ ստարտափի մշակումների օգնությամբ 180 երկրի միջեւ իրականացված փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է $50 մլրդ: Գործարքների համար գործարկվել էր Currencycloud-ի 85 API ինտերֆեյս:
2019թ. վերջի դրությամբ՝ Currencycloud-ի մշակումներից ամբողջ աշխարհում օգտվում է շուրջ 350 կազմակերպություն:
Currencycloud-ը հիմնադրվել է 2012թ.: Ընկերության ստեղծման առաջին իսկ օրվանից նրա մասնագետները որոշում էին ընդունել կենտրոնանալ API լուծումների ձեւավորման վրա, որոնք հեշտացնում են շուկայում ֆինանսական գործարքների իրականացման հնարավորությունները:
*******
Բրիտանական Monese նեոբանկը կարող է ներդրողներից ներգրավել £100 մլն: Եթե գործարքը տեղի ունենա, ընկերությունը մուտք կգործի «միլիարդատերերի ակումբ»: Գործարքը նախատեսվում է փակել 2020թ. առաջին կիսամյակում:
Monese-ն իր հաճախորդներին է տրամադրում հաշվարկային հաշիվ եւ այլ նեոբանկերի (Monzo, N26 եւ Starling Bank) կողմից տրամադրվող նույնատիպ ծառայություններ: Նրա թիրախային լսարանում են այն մարդիկ, որոնց տարբեր պատճառներով հասանելի չեն ավանդական բանկերի ծառայությունները: Դրանց թվում են, օրինակ, ներգաղթյալները, որոնք դեռեւս չունեն վարկային պատմություն:
Monese նեոբանկը հիմնադրվել է 2013թ.: Վերջին տարվա ընթացքում նրա հաճախորդների բազան կրկնապատկվել է՝ հասնելով մինչեւ 2 մլն մարդու: 2020թ. վերջին Monese-ն նախատեսում է հաճախորդների թիվը հասցնել 5 մլն-ի:
2019թ. ֆինտեխ ոլորտում իրականացված ներդրումների մասին նյութը հասանելի է այս հղումով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: