Հայաստանի գործարար համայնապատկերում իրենց ուրույն եւ ակտիվ դերն ունեն կանայք, ինչն առավել ակնառու է հատկապես փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում:«Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» (ՀՈՒՄԿ) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն, Տնօրենների hայկական ինստիտուտի խորհրդի անդամ Հասմիկ Սահակյանի հետ Banks.am-ը զրուցել է COVID-19-ի հետեւանքով կին գործարարներին սպասվող մարտահրավերների, դրանց դիմակայելու եւ սպասվող փոփոխությունների մասին:Կին ձեռներեցները, COVID-19-ն ու մարտահրավերները«Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՓՄՁ-ների ստվար մասը հիմնել եւ ղեկավարվում են կանայք՝ ի տարբերություն խոշոր բիզնեսի, որն ավելի շատ «man dominated» է: Եվ այսօր, կարելի է ասել, այս դարակազմիկ փոփոխությունների պատճառով, ոլորտի կանանց համար դժվար ու մարտահրավերներով լի ժամանակաշրջան է սկսվել»,- նկատում է Հասմիկ Սահակյանը:Նրա խոսքով՝ Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսում մեծ դերակատարում ունեցող կին ձեռներեցներն այս շրջանում ավելի քան երբեք պետության կողմից ուշադրության կարիք ունեն։«Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարելու համար հատուկ քաղաքականություն պետք է մշակվի կին գործարարների կամ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ների համար»:Հասմիկ Սահակյանը նշում է ամենագլխավոր մարտահրավերներից մեկը․ բիզնես վարելու ողջ կոնցեպցիան փոփոխելու կարիք է առաջանալու, եւ նման իրավիճակում պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել:«Բիզնես վարելն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է, կապ չունի այդ կազմակերպությունը ընտանեկան ձեռնարկություն է, ՓՄՁ, թե միջազգային կորպորացիա։ Իմ փորձից կարող եմ ասել, որ կանայք շատ ավելի զգայական են մոտենում իրենց բիզնեսին, ավելին՝ ինչպես իրենց երեխաներին»,- նշում է նա:3 հարցի պատասխանՀասմիկ Սահակյանը գտնում է, որ կանայք իրենց բիզնեսի ղեկավարման արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է երեք կարեւոր հարցի պատասխան գտնեն:«Առաջին ամենակարեւոր հարցը սա պետք է լինի՝ արդյոք արժի՞ շարունակել այն բիզնես գործունեությունը, որն իրականացնում էիք մինչ կորոնավիրուսը, քանի որ այս ճգնաժամն իր հետ որոշակի ժամանակահատվածում բերելու է հաճախորդների վերականգնման հարց, եւ պարզ չէ դեռեւս՝ սա միջնաժամկետ, թե երկարաժամկետ խնդիր է դառնալու։ Հետհամավարակային Հայաստանն ունենալու է հաճախորդների գնողունակության խնդիր:Երկրորդ հարցը՝ եթե որոշվում է շարունակել նույն գործունեությունը, ապա ի՞նչ փոփոխություններ պետք է կրի բիզնեսը: Պարզ է դառնում, որ այն, ինչ մենք անում էինք մինչ այժմ, շատ դեպքերում կարող է եւ արդիական չլինել։ «Չնայած մարդկային գործոնը միշտ էլ որոշիչ դեր է կատարում, եւ անհատական շփումները միշտ էլ պետք են լինելու, բայց այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ բիզնեսի պահպանման եւ զարգացման համար շատ կարեւոր գործոն են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաները: Հարցը կայանում է նրանում, թե այն բիզնեսը, որն ունեք ներկայումս, որքանով է պատրաստ դիմակայել նոր մարտահրավերին: Յուրաքանչյուր գործարար պետք է լուրջ դիտարկումներ անի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ փոփոխի բիզնեսի զարգացման վեկտորը»,- գտնում է Հասմիկ Սահակյանը:Երրորդ հարցն, ըստ նրա, վերաբերում է ծախսերին եւ եկամուտներին։ Ինչպիսի՞ն էին դրանք մինչ ճգնաժամը եւ ինչպիսի՞ն են լինելու ճգնաժամից հետո. «Կան հաստատուն ծախսեր, որոնք ցանկացած պարագայում նույնն են, բայց դրանց մեջ էլ միգուցե կարելի է ինչ-որ ձեւով կրճատումներ անել եւ գնալ ավելի խնայողական ռեժիմի՝ չնսեմացնելով այն պրոդուկտը կամ ծառայությունը, որն առաջարկվում է գործարարի կողմից»։«Այս ամենի հանրագումարում մեկ կարեւոր խնդիր է առաջ գալիս։ Որքան էլ որ դժվար է «չեմ կարող»-ը, «չեմ ուզում»-ը, պետք է վերափոխել «կարող եմ», «ուզում եմ»՝ «պատրաստ եմ փոփոխությունների» կարգախոսների:Շատ հեշտ է ասել՝ կորոնավիրուսն եկավ քանդեց իմ բիզնեսը, բայց արդյոք մենք ամեն օր կատարում ենք այն քայլերը, որոնցով կարող ենք ճգնաժամային իրավիճակից ճկուն կերպով դուրս գալ, վերափոխելով բիզնեսը, հարմարեցնել նոր իրավիճակի՝ չմոռանալով, որ սպառողի պատկերացումներն ու պահանջմունքները ժամանակի մեջ նույնպես վերափոխվում են»,- ասում է նա:Կառավարության միջոցառումներն՝ ուղղված ՓՄՁ-ներին Մեր զրուցակիցը նշում է, որ վերը նշված հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն ոլորտի ներկայացուցիչները պետք է որոշում կայացնեն՝ ինչն է իրենց դրդում գնալ եւ նոր վարկային բեռ վերցնել, մտնել նոր պատասխանատվության տակ:«Խորհուրդ կտայի լավ մտածել, որքանո՞վ է այդ աջակցությունը պետք ՓՄՁ-ներին եւ արդյոք հետագայում դժվարություններ չեն ստեղծվի։ Ճիշտ է՝ վարկերը զրոյական տոկոսադրույքով են, բայց հետո պետք է կարողանալ այնքան գումար աշխատել, որ ընթացիկ ծախսերը ծածկելու հետ միաժամանակ հնարավոր լինի վերադարձնել անտոկոս վարկի գումարները»,- նշում է նա:Հասմիկ Սահակյանի խոսքով՝ արդեն իսկ գործազրկության աճ կա եւ հարց է, թե դրա մակարդակն առաջիկայում ինչպես է մեղմվելու, քանի որ այս պահին չկա կոնկրետ գնահատական, թե ինչ ժամանակներում, աճի ինչ տեմպերով շուկաները կրկին կզարգանան։Անհրաժեշտ փոփոխությունները ոլորտումԿենտրոնի տնօրենն ասում է, որ փորձում է նաեւ իր համար բացահայտել այդ փոփոխությունները. «Խոսել փոփոխությունների մասին, եւ պատրաստ չլինել փոխվելու, դա աբսուրդ է: Փոփոխությունները տեսնում եմ անվերջ սովորելու, նոր լուծումներին եւ առաջարկություններին բաց նայելու եւ, հատկապես, նոր գիտելիքներ ձեռք բերելու մեջ»:Նրա խոսքով՝ այսօր սովորելու բազմաթիվ անվճար ռեսուրսներ կան, որոնք դժվարին իրավիճակում կրկնապատկվել, եռապատկվել են:«Շատ մեծ հնարավորություն են տալիս նաեւ առցանց դասընթացները, որոնք եւս բացում են զարգանալու ճանապարհները: Բիզնեսը վերաձեւելու եւ ժամանակակից պայմաններին ադապտացնելու մի ճանապարհ էլ՝ երիտասարդ կոլեգաներից եւ ընկերներից սովորելն է։Նա ընդգծում է, որ մինչեւ գործատուն, ձեռնարկատերն ինքը չհասկանա, թե ինչպես է պետք ընդունել մարտահրավերները, չունենա բիզնեսն ուղղորդելու գիտելիք, չստեղծի համապատասխան բիզնես միջավայր, որտեղ բոլորը ցանկանան զարգանալ եւ ունենալ առաջխաղացում, աշխատակիցներն երբեւէ չեն արձագանքի դրանց, կամ կարձագանքեն ոչ լիարժեք:Հայաստանում առկա է մի իրավիճակ, որտեղ «ամբողջ բիզնես միջավայրը կունենա մեծ «ռիլոդի» հնարավորություն։ Սա շատ կարեւոր հանգամանք է եւ ցանկալի է նաեւ, որ հասարակությունը նույնպես ընդունի, որ իրապես դժվար է այս պայմաններում տնտեսվարել, եւ «փայփայի» իր գործարարներին։ Այս անհանգստությունները ոչ միայն իմն են, այլեւ գործընկերներինը եւս: Բոլորի մոտ սպասողական, ինչ-որ չափով նաեւ անհանգիստ իրավիճակ է»,- հավելում է նա:Հասմիկ Սահակյանը մեզ հետ զրույցը լավատեսական նոտայի վրա է ավատում՝ համոզմունք հայտնելով, որ կին գործարարներն անպայման կհաղթահարեն դժվարությունները, քանի որ կանայք ունեն աշխատասիրություն, հատուկ ինտուիցիա, էմոցիոնալ կապ իրենց գործի նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն:«Կանայք շատ ավելի մանրակրկիտ են մոտենում բոլոր դետալներին, ինչն արդեն հաջողության գրավական է դառնում շատ դեպքերում: Պարզապես պետք է հավատան իրենց ուժերին, ներքին համոզմունքներին, պաշտպանեն այն կարեւոր գործը, որը սկսել են եւ հավատան, որ քրտնաջան աշխատանքով դուրս կգան այս իրավիճակից»:Պատրաստեց Արփի Ջիլավյանը Tweet Դիտում՝ 7206