Կորպորատիվ կառավարումը՝ խթան օտարերկրյա ներդրումների համար

15.06.2018 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Կոնստանտին Սարոյան #Տնօրենների հայկական ինստիտուտ
2015թ. ստեղծված Տնօրենների հայկական ինստիտուտը (ՏՀԻ) նպատակ ունի Հայաստանում ներդնել եւ ամրապնդել կորպորատիվ կառավարման սկզբունքներն ու անկախ տնօրենների ինստիտուտը, ինչն ավելի գրավիչ կդարձնի Հայաստանը ներդրումների համար: Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունների եւ կորպորատիվ կառավարման կարեւորության շուրջ Banks.am-ը զրուցել է Տնօրենների հայկական ինստիտուտի Խորհրդի նախագահ Կոնստանտին Սարոյանի հետ:

Ինստիտուտի նպատակը

2015թ. ստեղծված Տնօրենների հայկական ինստիտուտի հիմնական գաղափարախոսությունն է՝ Հայաստանում հնարավորինս լայնորեն տարածել կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառությունը:

Ինստիտուտը հիմնադրվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) աջակցությամբ՝ հաշվի առնելով միջազգային փորձը, որն ադապտացվել է հայկական իրականությանը: Ինստիտուտի հիմնադրման գաղափարը նախաձեռնվել էր դեռեւս 2012թ., երբ Կորպորատիվ կառավարման կենտրոնի եւ ՄՖԿ-ի միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում քննարկվում էր հայկական ընկերությունների կառավարման համակարգը բարելավելու միջոցառումների մի ամբողջ շարք։ Եվ այդ համատեքստում տեղական ու միջազգային փորձագետների համատեղ ջանքերով խնդրին տրվեց ինստիտուցիոնալ բնույթ։

ՏՀԻ-ն այս տարիների ընթացքում բազմաթիվ սեմինարներ, թրեյնինգներ եւ կրթական միջոցառումներ է կազմակերպել ինչպես իր անդամների, այնպես էլ հասարակության լայն շրջանակների համար:

Կորպորատիվ կառավարման նշանակությունը

Ցանկացած ներդրողի համար առաջնային նշանակություն ունի այն, թե ինչպես է կառավարվում տվյալ ընկերությունը: Հարցումները վկայում են, որ օտարերկրյա ներդրողները Հայաստան չեն գալիս ոչ միայն փոքր շուկայի, այլեւ կորպորատիվ կառավարման ցածր մակարդակի պատճառով, քանի որ այն ներդրողի շահերի պաշտպանության հիմնական լուծումն է:

Այլ կերպ ասած, կորպորատիվ կառավարումը ընկերության կառավարման մարմինների փոխհարաբերությունների ամբողջություն է, համապատասխան պարտավորությունների եւ իրավունքների բաշխումը՝ հիմնված կոլեգիալության սկզբունքի վրա: Գոյություն ունի, օրինակ, բաժնետերերի ժողով, որը բաժնետերերին ներկայացնող հիմնական մարմինն է՝ կառավարման ամենագլխավոր մարմինը: Այն, իր հերթին, ընտրում եւ հաստատում է խորհրդի կազմը, որը բաղկացած է խորհրդի անդամներից եւ նախագահից, վերջինս էլ արդեն նշանակում է գործադիր մարմնին՝ տնօրենին: Այսպիսի կառուցվածք է ընտրված, որպեսզի բաժնետերերը կարողանան հստակորեն ասել, որ իրենց ընտրած տեսլականը կիրականացվի:

Անկախ տնօրեններ, խորհրդի անկախ անդամներ

Կառավարման ընդհանուր մոդելում առանցքային դերակատարում ունի խորհուրդը, որում կարող են ներկայացված լինել բաժնետերերը կամ նրանց ներկայացուցիչները: Միջազգային լավագույն փորձը, սակայն, ցույց է տալիս, որ խորհրդում պետք է լինեն որոշակի թվով տնօրեններ, որոնք անկախ են բաժնետերերից եւ մենեջմենթից: Այդ մարդկանց հիմնական առավելությունն այն է, որ հարցերի քննարկման ժամանակ նրանք կաշկանդած չեն բիզնես շահով, ուստի՝ նրանց կարծիքը տվյալ իրավիճակում ամենաօբյեկտիվն է:

Անկախ տնօրենները կամ անկախ խորհրդի անդամները պետք է լինեն մարդիկ, որոնք ամբողջովին ընկալում են կորպորատիվ կառավարման սկզբունքները, ընդ որում, բավարար չէ ընդամենը իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կորպորատիվ կառավարումը:

Որպես օրինակ կարելի է դիտարկել իրավիճակը, երբ, օրինակ, որեւէ ֆինանսական կազմակերպությունում խորհուրդը պետք է որոշի որեւէ մեկին խոշոր վարկ տրամադրելու հարցը: Խորհրդի անդամը պետք է այնքանով ընդունի եւ ընկալի այդ կորպորատիվ կառավարման սկզբունքը, որ եթե քննարկվում է նրա ընկերոջը (որի հետ ազգակցական կապ հնարավոր չէ ցույց տալ փաստաթղթերով) վարկ տրամադրելու հարցը, ապա նա պետք է հրաժարվի այդ քվեարկությանը մասնակցելուց եւ բացահայտի, որ ինքը տվյալ հարցի հետ կապված շահերի բախում ունի: Այսինքն, նա պետք է գիտակցի, որ ընկերության շահը վեր է անձնականից:

Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները

Տնօրենների հայկական ինստիտուտն իր առջեւ դնում է հետեւյալ հիմնական խնդիրները.

1. Միավորել տարբեր հաստատությունների ղեկավարներին, որպեսզի նրանք փոխանակեն իրենց փորձը եւ գիտելիքները, ինչպես նաեւ շփվեն փորձառու էքսպերտների հետ:
2. Բարձրացնել կորպորատիվ կառավարման վերաբերյալ իր անդամների եւ շահառուների գիտելիքի մակարդակը:
3. Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խորհրդի անդամները որպես կանոն պետք է ունենան համապատասխան որակավորում, որոշ դեպքերում նաեւ սերտիֆիկացվեն: Այսինքն, դա որակավորման որոշակի ծրագիր է, որն անցնելով՝ տվյալ անդամը ստանում է համապատասխան սերտիֆիկատ: Մի շարք երկրներում նմանատիպ որակավորման ծրագրերն իրականացվում են Տնօրենների ինստիտուտի կողմից։


Հիմնադրմանը հաջորդած առաջին 3 տարիները ինստիտուտի համար եղել են կայացման տարիներ, իսկ առաջիկայի համար կա հստակ ռազմավարություն, այն է՝ առնվազն 1-3 տարվա ընթացքում հասնել հետեւյալին.

1. Դառնալ Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի (ecoDa) անդամ, ինչը հնարավորություն կտա շփման արդյունքում հասկանալ՝ ինչ է պետք կիրառել Հայաստանում, որպեսզի ե՛ւ ինստիտուտը, ե՛ւ կորպորատիվ կառավարումն ավելի արագ տեմպերով զարգանան:
2. Ներդնել սերտիֆիկացման ծրագիր, որը պետք է արտացոլի այն, ինչ տեղի է ունենում եվրոպական երկրներում:
3. Ավելացնել ինստիտուտի անդամների թիվը՝ հասցնելով այն 100-ի:

Կորպորատիվ կառավարումը պետական ընկերություններում

ՏՀԻ-ի կարեւոր թիրախներից են պետական եւ հանրային շահ ներկայացնող ընկերությունները (օրինակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հայփոստ», «ՀայՌուսգազարդ»): Հասարակությունը պետք է համոզված լինի, որ այն, ինչ տեղի է ունենում տվյալ ընկերություններում, համապատասխանում է կորպորատիվ կառավարման սկզբունքներին: Երբ հասարակությունը գիտակցում է, որ այնտեղ ներկայացված մարդիկ ամբողջությամբ հետեւում են կորպորատիվ կառավարման սկզբունքներին, կարող են նաեւ համոզված լինել, որ որոշումները չեն կայացվի՝ ելնելով անձնական շահից:

Այսօր գործում են հարյուրավոր պետական ընկերություններ, որտեղ պետությունը ներկայացված է այս կամ այն մարմնի միջոցով: Սակայն, մի շարք այդպիսի ընկերություններում թեեւ առկա են ձեւավորված խորհուրդներ, բայց դրանք չեն գործում կորպորատիվ կառավարման լավագույն փորձին համապատասխան: Նման ընկերություններում, որպես կանոն, որոշումներն ընդունում են բաժնետիրոջ ներկայացուցիչները, իսկ խորհրդի մյուս անդամները պարզապես ստորագրողներ են:

Եթե կա որեւէ ընկերություն, որը ներկայացնում է հանրային շահ, ապա այն պետք է հաշվետու լինի հանրությանը, եւ խոսքն ընդամենը ֆինանսական հաշվետվություն հրապարակելու մասին չէ: Նրանք պետք է հրապարակեն բովանդակային առումով կորպորատիվ կառավարման կանոնագրքի պահանջներին համապատասխան հաշվետվություններ:

Ներկայում պետական ընկերությունների հրապարակած հաշվետվությունները ֆորմալ առումով համապատասխանում են կորպորատիվ կառավարման կանոնագրքին, բովանդակային առումով՝ ոչ: ՏՀԻ-ն նպատակ է հետապնդում բացատրել այդ ընկերություններին, որ արդյունավետ խորհուրդ ունենալը բերում է բիզնեսի արդյունավետության բարձրացմանը, քանի որ որոշումները կայացվում են ոչ թե 1-2 հոգու պատկերացումներից ելնելով, այլ հարցը մանրամասն քննարկելու, ռիսկերը վեր հանելու եւ գնահատելու արդյունքում:

Վիկտորյա Անդրեասյան
Դիտում՝ 14716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW