Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Վայոց ձոր

10.03.2020 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Գեւորգյան #BSC
2019-ին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշեց հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում:

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում ներկայացնում է Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

Փոքր մարզի մեծ հնարավորությունները

Վայոց ձորը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ տարածքով, բնակչությամբ եւ համայնքների թվով։ Սակայն այս հանգամանքները չեն խանգարում մարզին իր կայուն տեղն ու դերն ունենալ Հայաստանի տնտեսական, մշակութային եւ սոցիալական կյանքում:

Մարզը զբաղեցնում է Հայաստանի համար առանձնակի կարեւորություն ունեցող աշխարհագրական տարածք եւ ունի կենսական նշանակություն՝ որպես երկրի հյուսիսն ու հարավը կապող խաչմերուկ:

Մարզը ճյուղավորված է մի քանի ուղղություններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ դիրքն ու ձեռագիրը ոչ միայն մարզի, այլ Հայաստանի տուրիստական քարտեզում. Խաչիկի ուղղությունը, որտեղից բացվում է Հայաստանի լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռը, Եղեգիս-Հերմոն ուղղությունը, որն առանձնանում է պատմական ժառանգությամբ, Գոմք-Մարտիրոս գյուղերի միջեւ ընկած տարածքը, որն աննկարագրելի բնական պատկերներ է պարունակում, Հերհերի ուղղությունը, որը զարմացնում է բնական հուշարձաններով եւ գիհու անտառներով, Ջերմուկն՝ իր բնական աղբյուրներով եւ հիասքանչ ձորերով, Մոզրովը՝ իր քարանձավերով։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել։

Տուրիզմը «ծնվել» է Վայոց ձորում

Վայոց ձորը շնչում է տուրիզմով: Զբոսաշրջիկների համար այս մարզը Հայաստանի ամենագրավիչ տարածքներից է: Այն, ինչ մեզ համար առօրյա ու սովորական է դարձել, նրանց համար անիրական գեղեցկություն է՝ ինչ-որ նոր բան, որի նմանը այլ տեղում երբեք չեն հանդիպել: Երբ որեւէ օտարերկրացու հետ ճամփորդում եմ այդ ուղղությամբ, առանց բացառության, նրանք խնդրում են մեքենան կանգնեցնել յուրաքանչյուր կիլոմետրի վրա՝ լուսանկարելով գունազարդ ժայռերը, խոր ձորերը, վարար գետերն ու ամենագեղեցիկ երկինքը:

Այստեղ ամեն ինչ, ներառյալ՝ Արենի խաղողի տեսակը, քաղցրահամ մրգերը, բնական հուշարձանները, ամրոցներն ու հեռավոր գյուղերը, ուղղակիորեն կապված են տուրիզմի հետ: Զբոսաշրջությունն է Վայոց ձորի տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացման համար իրական հնարավորություններ ստեղծում:

Տուրիզմը կարծես ծնված լինի այստեղ պատմության, բնության, մշակույթի եւ տնտեսության խաչասերումից: Եվ տրամաբանական է, որ մարզում զարգացման մեծ հնարավորություններ է պարունակում պատմական, մշակութային, առողջարարական, էկո, ագրո եւ տնտեսական տուրիզմի ուղղությունները։

Գինեգործական եւ առողջարարական տուրիզմ

Վայոց Ձորում պատմությունն ու տնտեսությունը միահյուսվում են գինեգործությամբ։ Արենի-1 քարանձավը՝ աշխարհում հայտնաբերված հնագույն գինեգործարանն է, որը հիմնադրվել է 6000 տարի առաջ։ Ամեն տարի մարզում տեղի է ունենում գինու փառատոն, որի շրջանակում գինու համտես են առաջարկում տեղի մի քանի գինեգործարաններ՝ Արենի, Զորահ, NOA, Գետնատուն, Հին Արենի, Հին Կամուրջ, Տրինիտի կանյոն այգիներ եւ այլն։


Վայոց ձորում արտադրված գինիներն արդեն մեծ թվով ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են շահում միջազգային հեղինակավոր գինեգործական մրցույթներում եւ ցուցահանդեսներում:


Այս ամենը հիմք է հանդիսանում մարզում գինու տուրիզմի զարգացման համար եւ տարեցտարի ավելացնում արտասահմանյան տուրիստների հոսքը մարզ՝ գինու արտադրության գործընթացը տեսնելու, գինու տարբեր տեսակներ համտեսելու եւ գինեգործների հետ շփվելու նպատակով:


Ջերմուկը դարձել է իսկական բրենդ ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին ԽՍՀՄ երկրներում։ Ներկայումս Ջերմուկի ճանաչելիության աշխարհագրությունը լայն թափերով ավելանում է՝ շնորհիվ բուժիչ ջրերի ու նորանոր կառուցվող հյուրանոցների եւ առողջարանների։ Ջերմուկը մարզի առողջարարական տուրիզմի առաջամարտիկն է։


Ջերմուկում է գտնվում Հայաստանի ամենահայտնի ջրվեժը, որն ունի 71 մ բարձրություն։ Ջրվեժը ստացել է «Ջրահարսի վարսեր անվանումը»։

Այստեղ է կատարվում «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը եւ առաքումն աշխարհի տասնյակ երկրներ:

Վայոց ձորի մարզի տնտեսության մյուս ճյուղերը այնքան էլ զարգացած չեն՝ սահմանափակվելով գյուղմթերքների վերամշակմամբ, պանրագործությամբ, ոչ պարենային ապրանքների փոքր արտադրություններով։

Մարզում զարգանում է նաեւ չրագործությունը, քանի որ պտղատու այգիների բերքի մի մասը վաճառվում է թարմ վիճակում, մյուս մասը՝ վերամշակվում։ Չրագործության ոլորտում հայտնվում են նոր ընկերություններ («Եղեգնի չրեր»), իսկ վերամշակման ոլորտում՝ վերագործարկվում հին ձեռնարկությունները («Եղեգնաձորի պահածոների գործարան»)։


Էկոտուրիզմ

Էկոտուրիզմի զարգացման համար Վայոց ձորն ունի ռեսուրսների հարուստ բնական ժառանգություն. այստեղ են գտնվում Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքներից չորսը, որտեղ պահպանվել է 225 տեսակի վայրի կենդանիների ու 1650 տեսակի բույսերի կենսաբազմազանություն:

Մարզի տարածքները հետաքրքրում են զբոսաշրջիկներին՝ տարվա ցանկացած եղանակի: Վաղ գարնանից մինչեւ ամառվա կեսերն առկա են վայրի ծաղիկների հսկայական տեսակներ՝ ձնծաղիկներ, մանուշակներ, ծաղկած մասրենիներ:


Լայն հնարավորություններ կան նաեւ թռչնադիտման սիրահարների համար։ Նորավանքի կիրճում եւ շարք այլ տարածքներում հանդիպում են սեւ անգղի, մորուքավոր եւ սպիտակագլուխ անգղերի, ներկարարի, բազեների տեսակներ։

Մարզի հարուստ բնական արժեքներից են Արենիի ջրվեժը, Մագելի, Թռչնի, Մոզրովի եւ Արջերի քարանձավները, բազմաթիվ քարայրներ, Գրավի աղբյուրը, էկզոտիկ ժայռային գոյացությունները եւ այլն։

Հայաստանում ամենամեծ քարանձավներից մեկը՝ Մագելի քարանձավը, եւս Վայոց ձորում է այստեղ։ Այստեղ հայտնաբերվել են նաեւ քարեդարյան ոսկորներ, քարե գործիքներ եւ այլ պարագաներ։ Քարանձավի հեռավոր դիրքը եւ դժվարամատչելի մուտքը դարձրել էին այն հուսալի ապաստարան՝ հարձակումներից թաքնվելու համար։


Վայոց ձորի Շատին գյուղում տարիներ առաջ Հայաստանի ու Նորվեգիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ կառուցվեց դիտակետ, որտեղից կարելի է ուսումնասիրել Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին։


Վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատվում մարզն էքստրեմալ տուրիզմի կենտրոն դարձնելու գործում։ Մասնավորապես, այդպիսի հավակնություններ ունի Ջերմուկը՝ իր յուրահատուկ էկոհամակարգով։

Ագրոտուրիզմ

Վայոց Ձորի մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է նույնանուն գինին։


Ամռանը եւ աշնանը մարզի տարածքում տեղի են ունենում տարբեր տոնավաճառներ՝ նվիրված բերքին, գինուն, այգեգործությանը, որոնք գրավիչ են բազմաթիվ արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Արդեն 11-րդ տարին է, որ իրականացվում է «Արենի գինու փառատոնը»: Սա խթան է ոչ միայն տուրիզմի, այլեւ գինեգործության զարգացման համար: Անցյալ տարի եւս փառատոնին ներկա գտնվեցին 20-ից ավելի գինեգործական ընկերություններ եւ 100-ից ավելի գյուղական գինու ներկայացուցիչներ:

Վայոց ձորը հայտնի է ոչ միայն գինիներով, այլեւ տարբեր պանրատեսակներով՝ «Չանախ», «Եղեգնաձոր», «Լոռի»:


Վերջին տարիներին մեծ հռչակ են վայելում նաեւ Վայոց ձորում պատրաստվող այծի պանիրները, որոնք սպառողին են հասնում ինչպես կճուճում հորած, այնպես էլ ձիթապտղի յուղի մեջ պահածոյացված վիճակում: Այդ պանիրները Վայոց ձորից իսկական հուշանվերներ են դարձնել:


Վայոց ձորի գյուղերի մեծ մասի ճանապարհները բարվոք են։ Ցանկացած գյուղում կան վերանորոգված առանձնատներ, որոնք ծառայում են որպես հյուրատներ, իսկ այն տները, որոնք պահպանել են հին կառուցվածքային ոճը, հին դեկորատիվ-կիրառական իրերը, կարող են գրավել շատ զբոսաշրջիկների ուշադրությունը։

Արդեն ի հայտ են գալիս մոդեռնիստական դիզայնով հյուրատներ, որոնք զարմանալիորեն համահունչ են շրջակա բնաշխարհի հետ։ Օրինակներից լավագույնը Եղեգիսի «Արեւի» հյուրատունն է։


Մարզի մի քանի համայնքներում, ի լրումն «Վայք» հյուրանոցի, Ջերմուկի մի քանի հյուրանոցների, սկսվել են կառուցվել մեծ հյուրանոցային համալիրներ։ Մասնավորապես, Արենի գյուղում կառուցվող «Թուֆենկյան» հյուրանոցն ամենամեծն է լինելու Հայաստանում, եւ նախատեսվում է այն շահագործման հանձնել երկու տարի անց:


Մի քանի գյուղերում կան ազգագրական երգի-պարի խմբեր, որոնք կարող են ազգային կոլորիտ հաղորդել գյուղական զբոսաշրջիկների առօրյային եւ ներգրավվել նրանց համար կազմակերպվող միջոցառումներում:

Պատմական եւ կրոնական տուրիզմ

Վայոց ձորում հազարից ավելի պատմամշակութային եւ քիրստոնեական կոթողներ կան, որոնք մագնիսի նման դեպի իրենց են ձգում տասնյակ հազարավոր տուրիստների։ Մասնավորապես, 2008-ին Վայոց ձորի մարզում գտնվող Արենի-1 քարանձավում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։

Մեկ այլ պատմական վայր է Եղեգիսի հրեական գերեզմանատունը։ Սա եւս բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։


Վայոց ձորով է անցել Մետաքսի հանրահայտ ճանապարհը, որը Չինաստանը 7000 կմ ձգվող երթուղով կապել է Առաջավոր Ասիայի եւ Եվրոպայի հետ։ Պատմական վայրերից Բոլորաբերդ ամրոցը, Սելիմի քարավանատունը, Սմբատաբերդ (Ցախաց Քարի բերդ) պաշտպանական բերդը եւ մի շարք այլ հետաքրքիր ու տեսարժան համալիրներ զբոսաշրջիկների համար դառնում են այցելության հիմնական վայրեր։

Մարզի նշանավոր եկեղեցիներից են Նորավանքը, 10-րդ դարում որպես ձորի ճգնավորների մենաստան հիմնված Գնդեվանքը, վաղ միջնադարյան Սուրբ Ստեփանոս վանքը, 1300-ականներին հիմնված Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցին, Շատինի վանքը։

Վայոց ձորում պահպանված վանքերից հայտնի են նաեւ Սպիտակավորի Սուրբ Աստվածածինը, Արատեսի վանքը, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ շատ այլ կոթողներ։


Արագություն է պետք հավաքել

Ցավոք, այս ամենի հետ մեկտեղ, զարգացումները շատ դանդաղ են: Որոշ դեպքերում դրական փոփոխությունները տեղի են ունենում այդ պահին առկա, Հայաստանի պայմաններից անկախ միտումների հիմքի վրա: Մասնավորապես՝ տուրիզմն ամբողջ աշխարհում է աճ գրանցում, եւ հատկապես փորձառու ճանապարհորդները փնտրում են նորանոր ուղիներ, երկրներ, վայրեր այցելելու նպատակով: Հայաստանն այդ տեսակետից բացառություն չէ: Մյուս կողմից էլ՝ մարզի զարգացման հիմնական շեշտը դրված է անհատների վրա, որոնք տարիներ շարունակ իրենց վրա են վերցրել մարզի տուրիզմի զարգացման ամբողջ բեռը:

Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակը, մի քանի բիզնեսների հիմնադիր:

                                                                           Շարունակելի

Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Արարատ
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Արմավիր
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Կոտայք
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Արագածոտն
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Սյունիք
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Լոռի
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Շիրակ
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Գեղարքունիք
Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Տավուշ
Դիտում՝ 9920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW