Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում: BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:***Ես անձամբ Հայաստանում շատ եմ ճամփորդում: Գործի բերումով, նաեւ հետաքրքրությունից ելնելով: Անընդհատ ճանապարհներին եմ: Լինում է տարի, որ ամբողջ ընթացքում մարզերում եմ, օրինակ՝ 2018-ին, երբ Վանաձորից գնում էի Գավառ, հետո Գորիս, Իջեւան, մի քանի օրից՝ Ստեփանակերտ: Ու այսպես շարունակ: Երեւանը կարծես հյուրանոց լինի: Ընթացքում մտնում եմ գիշերելու, ճամպրուկս թարմացնելու ու կրկին ճանապարհ ընկնում: Ու այսպես 25 տարի: Այս ընթացքում եղել եմ Հայաստանի 880 համայնքում, գյուղում, բնակավայրում: Մարզային սահմանները հատելիսԵրբ հատում եմ մարզային սահմանները, մի կողմից՝ կարծես ոչինչ չի փոխվում, մյուս կողմից էլ՝ զգացողությունս հաստատ փոխվում է: Զգում ես այդ մարզի շունչը եւ տարբերությունները: Միշտ փնտրել եմ առանձնահատկությունները: Ինչպե՞ս է գյումրեցին բիզնես անում: Իսկ վանաձորցի՞ն, գորիսեցո՞ւ մասին ինչ կասեք: Ավելի գլոբալ հարց տամ. ինչպե՞ս է բնակության վայրը կամ մարզային պատկանելությունն ազդում բիզնես անելու ոճի եւ բիզնես մտածելակերպի վրա: Արդյոք ազդո՞ւմ է: Ինչո՞վ են Հայաստանի մարզերը տարբերվում մեկը մյուսից։ Համարյա ամեն ինչով՝ իջեւանցու պրագմատիզմը, արմավիրցու երեւակայությունը, մարտունեցու ռիսկայնությունը, արցախցու նպատակասլացությունը, մեղրեցու սառը դատողությունը… Այս ամենն ավելի քան ակնհայտ է: Իմ կարծիքով՝ այս ամենն արտացոլվում է նաեւ բիզնեսի մեջ։ Ով ինչպես է պատկերացնում բիզնեսը, ով ինչպես է կառավարում բիզնեսը, ով ինչպես է բիզնես անում։ Երբ գրում էի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը, առաջինը, որ մտքովս անցավ հետեւյալ տողերն էին. «Հայաստանից լավ տեղ չկա: Ով ինչ ուզում է ասի, ես համոզված եմ սրանում: Հայաստանը բիզնեսի երկիր է»: Այս նախագծի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները, որոնք բնութագրում են հենց այդ մարզը, տարածքը, բնակավայրը: Ես, լինելով Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում, ճանաչելով հազարավոր մարդկանց, ունենալով միլիոնավոր հույզեր, կփորձեմ ձեզ հետ կիսել իմ պատկերացումները յուրաքանչյուր մարզի բիզնես դեմքի մասին։ Սեւանի կողքով անցնելիսՀայաստանյան բիզնես ճամփորդությունս սկսեմ Սեւանի շուրջ սփռված մարզից` Գեղարքունիքից: Մի քանի պատճառ կա, թե ինչու հենց այստեղից: Ամենակարեւորը, լինելով Հայաստանի ամենամեծ լիճը, այն չափազանց մեծ նշանակություն ունի հայերիս համար՝ պատմական, հոգեբանական, քաղաքական, բնապահպանական եւ տնտեսական առումներով: Իզուր չէ, որ Սեւանը ծով ենք անվանում, հատկապես՝ նրա շուրջ ապրող մարդիկ: Այն միշտ բոլորիս ուշադրության կենտրոնում է. ջրի մակարդակը, ձկնային պաշարը, բնությունը միշտ էլ եղել են քաղաքական եւ կենցաղային քննարկումների թոփ թեմաներ: Տարվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ անցնում եմ Սեւանի կողքով: Գեղարքունիքի մարզի բիզնես դեմքն արտահայտված է հենց Սեւանա լճի շուրջ լինելու հանգամանքով: Թերեւս միայն Ճամբարակի շրջանն է, որ մի փոքր շեղվում է ընդհանուր պատկերից: Այստեղի տնտեսության կառուցվածքն ավելի մոտ է Տավուշի մարզին, հատկապես՝ Բերդի տարածաշրջանին: Ավելի շուտ լեռնցի են ու դրանից բխող բնավորության գծերով. շատ աշխատասեր, քարից հաց քամող եւ ուժեղ կամքով: Իսկ, օրինակ, Սեւանը, Վարդենիսը, Մարտունին, Գավառը «սեւանյան» թեմայի մեջ են: Տուրիզմի ոլորտում նրանք հակված են աշխատելու 3-4 ամիս՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Ու սովորել են այդ վիճակին, դժվարանում են մտածել այլ ամիսների հնարավորությունների մասին: Տարիներ շարունակ այս ոճով աշխատելն էլ բերել է նրան, որ կարճ ժամանակահատվածում ձգտում են ավելի շատ գումար աշխատել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «աչքս տեսնի»:Այս մարզի բիզնես դեմքը հիմնականում ներկայացնում են ձկնային պաշարներն ու տուրիզմը: Վերջինը հիմնականում թիրախավորված է ներքին շուկայի վրա, իսկ ձկնամթերքն արդեն ստացել է արտահանման ուղղվածություն: Վարդենիսի եւ Ճամբարակի պարագայում անասնապահությունը մեծ դերակատարում ունի, մինչդեռ մարզի այլ շրջաններում գերիշխում են տվյալ տարածաշրջանին բնորոշ բիզնեսներ: Գավառի քյուֆթան ու փախլավան, Մարտունու շինարարները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Չիրացված հնարավորություններ Գեղարքունիքի մասին խոսելիս այն ասոցացվում է «չիրացված հնարավորությունների մարզ»-ի հետ: Օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողների չափազանց մեծ թիվը: Մարդիկ, որոնք իրենց աշխատունակությունը ներդնում են հիմնականում Ռուսաստանում ճանապարհներ կառուցելու վրա, իսկ Մարտունու, Գավառի եւ Վարդենիսի ճանապարհների վիճակի մասին խոսելիս միայն կարելի է խոր հոգոց հանել: Անսահմանափակ հնարավորություններ կան նաեւ արտաքին տուրիզմի զարգացման առումով: Չնայած սեզոնային գործոններին՝ լողալ հնարավոր է միայն ամռան ամիսներին, Սեւանը կարող է դառնալ ձմեռային տոնավաճառների, պատմական, բնապահպանական թեմաներ պարունակող միջոցառումների անցկացման կենտրոն: Վերականգնվող էներգետիկան, կաթնամթերքի լայնածավալ արտադրությունը, արդյունաբերական գյուղատնտեսությունը եւ այլ ոլորտները կարող են ապահովել մարզի տնտեսական ակտիվության կտրուկ աճ: Ապագային նայելովՄեկ տարի առաջ Գավառում եւ Ճամբարակում երկու դասընթաց անցկացրի «Բիզնես գաղափարների գեներացում» թեմայով: Մասնակիցները միայն երիտասարդներ էի՝ մինչեւ 35 տարեկան: Նրանք այս ամենին այլ աչքով են նայում: Ոչ թե «յոլա գնալու», այլ զարգանալու տրամաբանությունը գերիշխող էր բոլորի մոտ: Տարբեր բիզնես գաղափարներ էին ներկայացնում, սակայն մոտեցումը մեկն էր՝ պետք է արժեք ստեղծել քո հողի վրա եւ քո համայնքում: Ու առաջին՝ «Ինչո՞ւ եք ցանկանում սեփական բիզնես սկսել» հարցիս արձագանքը տվեց բոլոր պատասխանները. «Ցանկանում ենք մնալ Հայաստանում՝ մեր քաղաքում»: Ու ճամբարակցի Հովսեփը, Լիլիթը, Աննան, սեւանցի Նարեկը, գավառցի Սերինեն, Գրիշան ու նրանց ընկերներն ամեն օր գործով ապացուցում են դա:Ուիլիամ Բլեքն ասել է. «Ինչ որ հիմա ապացուցված է, ժամանակին եղել է երազանք»: Երբ ուզում ես ինչ-որ բան իրականացնել, պետք է երազել այդ մասին: Հիմա, ես երազում եմ ու պատկերացնում Սեւանի խնամված ափերը, բազմաթիվ հյուրանոցները, հարյուր հազարավոր տուրիստները, արդյունաբերական եւ գյուղատնտեսական մեծ համալիրները, արեւային կայանները: Բայց երազելը առաջին քայլն է, պետք է անել հաջորդը... Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակը, մի քանի բիզնեսների հիմնադիր: Շարունակելի Tweet Դիտում՝ 11270