Հայաստանի մարզերի բիզնես դեմքը. Լոռի

18.06.2019 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Սամվել Գեւորգյան #Բի Էս Սի #BSC
Այս տարի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) նշում է հիմնադրման 25-ամյակը: Լինելով Հայաստանում առաջին բիզնես խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերությունը՝ 25 տարիների մեծ մասը կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են մարզերում:

BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը» հեղինակային նախագծի միջոցով Banks.am-ում կներկայացնի Հայաստանի բոլոր մարզերում բիզնեսի նկատմամբ մոտեցումների առանձնահատկություններն ու յուրահատկությունները:

Լոռին միասնական է

Լոռին բնակչության թվով Հայաստանում առաջին մարզն է: Ունենալով մարդկային ռեսուրսի մեծ պոտենցիալ՝ մարզը եղել է, կա եւ ամենայն հավանականությամբ կմնա Հայաստանի կարեւորագույն բիզնես հարթակներից մեկը:

Այն նաեւ բացառիկ մարզ է, գուցե միակը, որում ներառված բոլոր շրջանները իրենց բնակլիմայական, աշխարհագրական, մշակութային եւ այլ բնութագրերով իրարից համարյա չեն տարբերվում: Տաշիրը, Թումանյանը, Ստեփանավանը, Սպիտակը կազմում են ամբողջական եւ համապարփակ տարածք՝ իրար ամուր կապող բազմաթիվ գործոններով:

Այս ամբողջականությունն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ բիզնես միջավայրում՝ տեղային որոշ առանձնահատկություններով: Օրինակ, մարզկենտրոնի արդյունաբերական կարողությունները «հակադրվում են» հյուսիսային տարածքների գյուղատնտեսական պոտենցիալին, մինչդեռ տուրիզմի հնարավորություններն անսահմանափակ են մարզի բացառապես բոլոր շրջաններում:

Անցյալի արտացոլումը

Դեռ խորհրդային տարիներին Վանաձորը համարվում էր Հայաստանի արդյունաբերական հզորությամբ երկրորդ քաղաքը՝ ծանր եւ թեթեւ արդյունաբերության մի քանի տասնյակ գործարաններով: Ճիշտ է, այդ հզորություններից համարյա ոչինչ չի մնացել, սակայն փաստ է, որ ներկայում էլ Վանաձորը բիզնես ակտիվությամբ Հայաստանում երկրորդն է՝ Երեւանից հետո:

Դա արտահայտվում է նաեւ նրանով, որ վանաձորյան փոքր եւ միջին շատ ընկերություններ պլանավորում են ներկայություն ապահովել նաեւ երեւանյան շուկայում: «Լուսիա ֆուդ», «Սոխակյան դիզայն», «Աստերի»… Այս ընկերությունների ցանկը կարելի է շարունակել, որոնք բիզնես «ագրեսիվություն» են ցուցաբերում ոչ միայն լոկալ շուկաներում:

Ներկայում փորձ է արվում վերականգնել ոչ միայն տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը, այլեւ ստեղծվում են նոր ուղղություններ: Վանաձորցի գործարար Կարո Դոլմաջյանը, հիմնադրելով վառելիքի համար նախատեսված բրիկետների արտադրություն, փորձ է անում Հայաստանի էներգետիկ անկախությունն ուժեղացնելուց բացի, նոր մոտեցումներ ձեւավորել արտադրության կազմակերպման եւ կառավարման ոլորտներում:

Երիտասարդ ներկան

2018թ. սկզբին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկայացնում էի իմ՝ «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը: Ուշագրավ է, որ գրքի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը եղավ Վանաձորում:

Վերջին երեք տարվա ընթացքում մի քանի սեմինար անցկացրի Ստեփանավանում, Ալավերդիում եւ Վանաձորում՝ «Սեփական բիզնես Հայաստանում» թեմայով: Բոլորը ցանկանում են սկսել սեփական գործ, բոլորը՝ իրենց համայնքներում. հյուրատուն, մանկական զարգացման կենտրոն, արկածային եւ գյուղական տուրիզմ, հանրային սննդի կետեր:

Ընդ որում, նրանց բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են եւ նրանցից ոմանք արդեն հաջողել են: Հայաստանում ռաֆթինգի զարգացումը, որը նախաձեռնել է Գեւորգ Վարդանյանը, լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է ներքին զբոսաշրջությունը դարձնել գրավիչ եւ շահութաբեր:


Լոռու մարզում եւ մասնավորապես՝ Վանաձորում, ձեռնարկատիրական ոգին շնչում է:

Սակայն խնդիր կա. շատ շատերը նմանատիպ են մտածում, նույն գաղափարներն են, նույն մոտեցումները: Դեռեւս առկա է գլոբալ մտածելակերպի, խնդիրների լուծման պատրաստակամության եւ գլոբալ մարտահրավերների ընդունման պակաս:

Տնտեսական առաջնահերթությունները

Զբոսաշրջության տեսանկյունից Լոռու մարզի ռազմավարական դիրքը եւ բնությունը լավագույն հնարավորություններն են ստեղծում՝ կենտրոնանալու ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շուկաների վրա:

Մարզը կարող է դառնալ Հայաստանի սպորտային տուրիզմի կենտրոն: Մարզում մեծ արագությամբ բացվում են նոր հյուրատներ եւ հյուրանոցներ՝ ապահովելով զբոսաշրջիկի մի քանի օրվա ներկայությունը մարզում:

Թեթեւ արդյունաբերության երբեմնի համբավը վերականգնվում է՝ շնորհիվ նորաստեղծ արտադրություննների, որոնցից ամենախոշորը «Գլորիա»-ն է: Արտադրանքի առյուծի բաժինը արտահանվում է, որի շնորհիվ ստեղծվել է մի քանի հարյուր կայուն աշխատատեղ: Առաջիկա ծրագրերի թվում մի քանի այդպիսի ձեռնարկությունների հիմնադրումն է:

Ստեփանավանի տարածաշրջանի ֆերմերային տնտեսությունները սկսում են դառնալ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության առաջատարներ՝ արտադրելով ոչ ավանդական բանջարեղենի տարբեր տեսակներ:

Աննդի վերամշակման առումով առանձնանում է Տաշիրի տարածաշրջանը, որի պանիրները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:


Լոռու տեխնոլոգիական ապագան

Այս ամենով հանդերձ՝ Լոռին դիրքավորվում է որպես նորարարական եւ տեխնոլոգիական կենտրոն: Գյումրիից հետո, շնորհիվ EIF-ի, բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որը տրամադրություն փոխեց մարզում:

Իսկ երբ 2018-ին մարզի Դեբետ համայնքում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը բացեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը, Լոռին էլ ավելի ամուր դրեց ապագայի հիմքերը:

Այս ճյուղը կարող է ապահովել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ արդյունաբերության արդյունավետ գործունեությունը՝ հնարավորություն տալով բարձրացնել մարզի տնտեսական ներուժի մրցունակությունը ոչ միայն հայկական, այլեւ միջազգային բիզնես հարթակներում:

Սամվել Գեւորգյանը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է, «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի հեղինակը, մի քանի բիզնեսների հիմնադիր:
                                     
                                                                                                                                 Շարունակելի
Դիտում՝ 11606
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai