Առաջին մոդեռնիստական հյուրանոցը Եղեգիսում՝ առանց ինտերնետի

11.12.2018 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#«Արեւի» #Գեւորգ Գասպարյան #Մելիք Ճիրոյան
Շուտով զբոսաշրջիկները Վայոց ձորում ժամանցի նոր վայր կգտնեն։ Եղեգիս գյուղում հիմնադրված «Արեւի» հյուրանոցը ոչ միայն իր դասական գործառույթն է իրականացնելու, այլեւ ունենալու է վայոցձորյան ժայռերին նայող բացօթյա սրճարան։ Banks.am-ի թղթակիցն այցելել է Եղեգիս, ծանոթացել հյուրանոցի ստեղծման պատմությանը, նպատակներին ու հեռանկարներին։

Աշխարհագրական հարմար դիրք

«Արեւի» հյուրանոցը պաշտոնապես բացվել է այս տարվա հուլիսին։ Հիմնադիր Գեւորգ Գասպարյանը սեփական միջոցներն է ներդրել կառուցման աշխատանքների մեջ՝ որոշակի ֆինանսավորում ստանալով նաեւ USAID-ի «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի կողմից։

Հյուրանոցում մեզ դիմավորեց մենեջերը՝ Մելիք Ճիրոյանը։ Նրա խոսքով՝ «Արեւի»-ի հիմնադրման վայր ընտրվել է Վայոց ձորը, քանի որ վերջինս հարուստ է պատմամշակութային կոթողներով:

«Հենց մոտակայքում Սմբատաբերդն է, Ցախացքարը, հրեաների գերեզմանատեղին, Արատեսի վանքը»,- ասում է Մելիքը։

Հյուրանոցում այս պահին գործում է 10 սենյակ։ Ապագայում դրանց թիվն ավելանալու է։ Այս պահին 3-րդ հարկում ընթանում են բացօթյա սրճարանի շինաշխատանքները։ Նախատեսվում է ստեղծել բար-սրճարան՝ թե՛ ձմեռային, թե՛ ամառային սեզոնների համար։


Ինչո՞վ է մրցունակ «Արեւի» հյուրանոցը

Պարզվում է՝ այն իր ոճի մեջ միակն է ամբողջ Վայոց ձորում. պատրաստված է կոնտեյներներով։ Մելիքի խոսքով՝ «Արեւի»-ն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ ոսկե միջինն է զբոսաշրջիկների համար.

«Տուրիստները սովորաբար սիրում են գոնե մի երկու օր մնալ մի տեղում. «Արեւի»-ն այդ տեսանկյունից հարմար է նրանց համար։ Հյուրանոցը մինիմալիստական եւ մոդեռնիստական ոճերի միաձուլում է։ Ակտիվ սեզոնին գրեթե բոլոր սենյակները զբաղված են լինում»։


Հյուրանոցի ինտերիերը կառուցված է Վայոց ձորից բերված քարերով, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր անկյուններից բերված տուֆով։  

«Արեւի»-ի բակում կարելի է հեռադիտակով հետեւել աստղերին եւ Լուսնին, ինչպես նաեւ՝ բեզոարյան այծերին։ Հյուրանոցում հավաստիացնում են՝ զբոսաշրջիկների համար ամենամեծ ուրախությունը այծերին տեսնելն է։


Եղեգիսի գյուղմթերքը՝ «Արեւի»-ի ճաշացանկում

Հյուրանոցում հիմնականում մատուցում են հայկական ավանդական ուտեստներ, սակայն եվրոպական խոհանոցից էլ անմասն չեն:

«Ունենք իտալական սպագետի, բրուսկետա, ֆրանսիական տոստեր»,- ասում է մենեջերը։

Հյուրանոցի ղեկավար կազմը սննդամթերքը հիմնականում գնում է հենց Եղեգիսից՝ կաթ, մածուն, ձու, խնձոր, տանձ, ընկույզ, մեղր։

Մեր այցելության ժամանակ հյուրանոցի նախասրահում վաճառվում էր տեղացիների պատրաստած մեղրը։ Պարզվում է՝ դրա հետ կապված ծրագրեր էլ կան:

«Առանձին անկյուն պիտի ունենանք՝ նախատեսված Եղեգիս գյուղի նկարիչների աշխատանքների համար՝ ցուցադրության եւ վաճառքի նպատակով, ինչպես նաեւ գյուղի վարպետների ձեռագործ աշխատանքների համար։ Բացի այդ, կվաճառվի բնամթերք՝ պատրաստված նրանց ձեռքով»,- նշում է Մելիքը։


Հանգիստ՝ առանց հեռուստացույցի եւ ինտերնետ կապի

«Արեւի»-ում սենյակների գինը տատանվում է 20-25 հազ. դրամի սահմաններում (ներառում է նախաճաշը)։ Այցելուներն այստեղ չեն կարող օգտվել հեռուստացույցից եւ ինտերնետ կապից, ինչը եւս մեկ քայլ է՝ ուղղված տուրիզմի զարգացմանը:

«Հայաստանում շատ քիչ տեղեր կան, որտեղ դրանք բացակայում են։ Մենք ցանկանում ենք մարդկանց ընձեռել լիարժեք հանգստի հնարավորություն, որ կարողանան կտրվել առօրյայից»,- ասում է Մելիքը։


Դահուկային սպորտի հեռանկարը

Հյուրանոցի հիմնադիր Գեւորգը որոշել է Եղեգիսում մեկնարկել գյուղի զարգացման եւ մշակութային ծրագրեր։ Այս պահին ֆինանսավորման աղբյուրներ է փնտրում.

«Մտադիր ենք ստեղծել տուրիզմի ինֆորմացիոն կենտրոն, մշակութային կենտրոն, ձմռան համար էլ ցանկանում ենք դահուկային սպորտի կենտրոն ստեղծել։ Դիմել ենք դոնոր կազմակերպությունների, սպասում ենք պատասխանի։ Ակնկալում ենք այս տարի ստանալ պատասխան, իսկ հաջորդ տարի՝ արդեն իրականացնել ծրագրերը»։

Տեքստը եւ լուսանկարները՝ Նելլի Պետրոսյանի
Դիտում՝ 12582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW