Decanter World Wine-ում 2019-ին հայկական գինու 17 տեսակ ներկայացվեց։ 12 տարվա մասնակցության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը գրանցեց ոսկե մեդալ։ Մեդալակիրը Շուլեր Ստ. Յակոբսկելլերեյ ԱԳ ընկերության NOA Classic կարմիր գինին էր՝ պատրաստված Արենի խաղողից: Մասնագիտական խմբի գնահատմամբ՝ «Գինին հատապտուղների թեթեւ համ ունի՝ ծխախոտի եւ ծիրանի նոտաներով։ Թթվայնությունը շատ բնական է, թեթեւ է եւ առանց կաղնու համի պարտադրող ազդեցության, ինչը շատ գրավիչ է։ Խաղողի տեսակն ուղղակի հրաշալի է եւ տարիքային զարգացման մեծ ներուժով»։Մրցույթին ընկերությունը ներկայացրել էր նաեւ NOA Reserve՝ Արենի խաղողից պատրաստված եւ 12 ամիս հնեցված գինին, որն էլ դարձել էր բրոնզե մեդալակիր։ Banks.am-ը զրուցել է Շուլեր խմբի հայաստանյան «Նոա օֆ Արենի» ընկերության տնօրեն Արսեն Մկրտչյանի հետ։Ովքե՞ր են ՇուլերներըԵթե համացանցում փորձեք որոնել Շվեյցարիայի ամենահին գինեգործներին, տվյալների բազան առաջիններից մեկը Schuler St. JakobsKellerei ընկերության անունը կտրամադրի։ Շուլերները՝ որպես լավ գինեգործներ, աշխարհին հայտնի են արդեն 325 տարի: «Սա գինեգործության երկարատեւ պատմություն ունեցող ընտանեկան բիզնես է, մասնագիտացած գինու արտադրության եւ վաճառքի մեջ: Նրանք են արտադրում նաեւ իրենց գինու տակառները՝ համագործակցելով ֆրանսիական հանրաճանաչ Seguin Moreau ընկերության հետ: Որակի այնպիսի անփոփոխ չափանիշ ունեն, որ 3 դար մնում են աշխարհի առաջատարներից մեկը»,- ասում է Արսեն Մկրտչյանը։ Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Schuler St. JakobsKellerei ընկերությունը Շվեյցարիայում 12 գինու խանութ ունի, գինեգործական ահռելի երկու տարածք շվեյցարական Վալեյում, մեկը՝ իտալական Տոսկանայում, մեկն էլ՝ Հայաստանում։ Ընկերությունը միշտ յուրօրինակ մտահղացումներով է աչքի ընկել, օրինակ, Շվեյցարիայի բարձրադիր շրջանում գտնվող խաղողի այգիներից այնքան դժվար է հավաքված բերքն իջեցնել, որ օգնության են գալիս ուղղաթիռները, եւ սա Վալեյ այցելող զբոսաշրջիկների համար տարվա ամենասպասված իրադարձությունն է: Շուլեր խմբին է պատկանում իտալական Տոսկանայի սրտում գտնվող Կաստելլո-դի-Մելետո 13-րդ դարում կառուցված դղյակը, որին կից գինու գործարանում պատրաստվում են ավելի քան 20 տեսակի գինիներ: Ընդհանուր առմամբ, ընկերությունն աշխարհին առաջարկում է սեփական արտադրության եւ տարբեր երկրներից ներմուծված 253 տեսակ գինի։ Ինչպե՞ս եկան Հայաստան««Որտե՞ղ կարելի է գինեգործունեություն ծավալել Իտալիայից դուրս» հարցադրմամբ Շուլերները 2014 եւ 2015 թթ. սկսեցին ուսումնասիրել Վրաստանը, վրացական գինին ու վրացական գինեգործությունը։ Շատ երկար փնտրեցին այն խաղողը, որը կհամապատասխաներ իրենց քիմքին ու կդառնար «ռազմավարական» գինու հիմք ու հենք։ Երկար ու մանրակրկիտ որոնումները Վրաստանում ավարտվեցին անարդյունք, եւ խմբի նախագահ Յակոբ Շուլերը որոնումները որոշեց շարունակել Հայաստանում»,- պատմում է Արսեն Մկրտչյանը։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից Հայաստանում ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակ խաղող են գտել եւ ընկերության նախագահ Յակոբ Շուլերի վերջնական ընտրությունը կանգ է առել Արենի եւ Ոսկեհատ տեսակների վրա։ Արդեն երկու տարի ընկերության արտադրանքի մեծ մասն արտահանվում եւ հաջողությամբ վաճառվում է Շվեյցարիայում եւ Գերմանիայում։ Հայկական Արենի խաղողը NOA ապրանքանիշով արդեն իր ուրույն տեղն ունի խաղողների ճանաչված տեսակների կողքին։Ինչո՞ւ գնեցին այգի Այն, որ հայտնի Schuler St. JakobsKellerei-ն Հայաստանում պատրաստվում է գինեգործությամբ զբաղվել, ազդարարվեց նույնիսկ պաշտոնական լրահոսում՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Յակոբ Շուլերի հանդիպումից հետո։ Հայտնի դարձավ, որ ընկերությունը գործունեություն է ծավալել Վայոց ձորի Ռինդ ու Աղավնաձոր համայնքներում եւ պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ անել։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից - «Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ն 2017-2018-ին գնել է 50 հեկտար խաղողի այգի։ Գործարան դեռ չունենք, գործընկերային պայմանագրով աշխատում ենք գինու գործարաններից մեկի հետ, սակայն նախատեսել ենք գինու գործարանի կառուցում Արենիում, հավանաբար աշխատանքները կսկսենք 2020-ին։ - Իսկ ինչո՞ւ սկզբում գնեցիք այգի եւ ոչ գործարան։- Մեզ համար առաջնայինը գինու որակն է, որը հնարավոր է կառավարել, եթե ունես սեփական այգի, գիտես ինչպես մշակել, երբ ոռոգել եւ դադարեցնել ոռոգումը, ինչ նյութեր օգտագործել եւ երբ կազմակերպել բերքահավաքը։ Ավելացնեմ, որ ընկերությունն այգիների պարարտացման համար օգտագործում է միայն օրգանական պարարտանյութ։ Գործարան գնելու դեպքում գուցե գինին ավելի էժան ստացվեր, բայց վստահ եմ, որ որակապես նույնը չէր լինի։ Բացի այդ, մեր այգիներում սահմանափակել ենք ստացվող խաղողի քանակը. սահմանել ենք առավելագույնը 5 տոննա՝ 1 հեկտարից։ Մեր նշաձողը շատ բարձր է«Մենք շատ բարձր նշաձող ենք սահմանել, եւ դրան հասնելը հեշտ չէ, բայց արդյունքն ակնհայտ է»,- մանրամասնում է Արսեն Մկրտչյանն ու պատմում, որ իրենց այգիներում բազմաթիվ փորձարկումներ են անում՝ վաղ են դադարեցնում նաեւ այգիների ոռոգումը, որ խաղողն ինքնուրույն շաքար, համ ու հոտ հավաքի, խաղողը շատ ուշ են հավաքում. անցած տարի վերջին խաղողը այգուց գործարան է տեղափոխվել նոյեմբերի վերջին, երբ ամբողջ տարածաշրջանում արդեն 1-2 ամիս խաղողը հավաքված է լինում։ Արսեն Մկրտչյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ըստ գործարարի՝ հայկական գինին աշխարհում դեռեւս շատ ճանաչված չէ, եւ դա հետխորհրդային «մշակույթի» հետքն է։«Հաճախ ես լսում՝ եթե հայկական, ուրեմն՝ կոնյակ, եթե վրացական, ուրեմն՝ գինի։ Այս կարծրատիպը հատկապես գործում է ռուսական շուկայում։ Մի քանի տարի է՝ Հայաստանում հրաշալի ու նաեւ մատչելի գինիներ են արտադրում, որոնք արտաքին շուկայում ճանաչելի դարձնելու համար պակասում է ե՛ւ պետության աջակցությունը, ե՛ւ ճիշտ գովազդը, ե՛ւ ճիշտ կապերը։ Ուրախալի է, որ Հայաստանում զարգանում է գինու մշակույթը, չնայած դեռ դժվար է պնդել, որ գինու սպառումը գերազանցում է օղունը»,- անկեղծանում է Արսեն Մկրտչյանը։NOA Noah of Areni գինինDecanter World Wine Awards-ին այս տարի մենք առաջին անգամ մասնակցեցինք, եւ միանգամից ե՛ւ ոսկի, ե՛ւ բրոնզ նվաճեցինք: Սա, իհարկե, հպարտանալու առիթ է տալիս, նաեւ պարտավորեցնող է։ Եվրոպական, հատկապես շվեյցարական ու գերմանական շուկաներում, որոնք աչքի են ընկնում իրենց մեծ մրցակցությամբ, մեզ արդեն ճանաչում են: Հուզմունքով սպասում ենք նաեւ հայկական շուկայի արձագանքներին։ Մեր գինին որակի ճանապարհ անցած բրենդ է»,- նկատում է Արսեն Մկրտչյանը։Արենին ներկայացված է նաեւ Ռեզերվ՝ հնեցված տարբերակով. գինին հնեցվում է ֆրանսիական կաղնուց պատրաստված տակառներում, եւ ըստ Մկրտչյանի, դրանց մշակման տարբերակը դարձել է որակյալ խաղողագործության նախատիպ։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից Շուտով ընկերությունը կսկսի ավելի քան 30 հեկտար սեփական հողի վրա խաղողի այգիների հիմնումը: Այգին մշակվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, հաշվի է առնվելու արեւի դիրքը, ոռոգվելու է կաթիլային համակարգով, Արենիի եւ Ոսկեհատի կողքին աճեցվելու են տեղական խաղողի այլ տեսակներ՝ Կախեթ, Գառան դմակ, Ճիլար։ Օգոստոսին NOA սպիտակ եւ վարդագույն գինիները սահմանափակ քանակությամբ կհայտնվեն նաեւ հայաստանյան շուկայում, սեպտեմբերին կսկսվի NOA Արենի Կլասիկի վաճառքը, նոյեմբերից կվաճառվի նաեւ 12 ամիս հնեցված NOA Արենի Ռեզերվը։ Հայկական շուկային զուգահեռ՝ գինին կարտահանվի ռուսական, չինական եւ բրիտանական շուկաներ։ Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի, Արսեն Մկրտչյանի անձնական արխիվից Tweet Դիտում՝ 8523