Եվրոպական միության աջակցությամբ հիմնված «Երփին» պանրի արտադրամասը փորձում է պահպանել Վայոց ձորի ավանդական կանաչիով պանիր պատրաստելու մշակույթը. շուտով սեփական արտադրության Չանախ եւ Լոռի տեսակները, ինչպես նաեւ Գաուդան եւ Պարմեզանը փորձելու է արտահանել այլ երկրներ: Լուսանկարը՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության Վայոց ձորի Ելփին համայնքում ստեղծված «Երփին» բարձրորակ պանրի արտադրամասը մեկն է այն 6 պանիր արտադրող ընկերություններից, որոնք հիմնվել են Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ENPARD) շնորհիվ: Ծրագիրը 2015-ից սկսած աջակցում է Հայաստանի տարբեր շրջաններում արտադրության քանակի բարելավմանը, որակին, ինչպես նաեւ խթանում է արտահանումը եւ մուտքը ԵՄ շուկաներ: 31.10.2018 | 15:13 «Տրինիտի»-ն առաջարկում է Հայաստանում առաջին օրգանական գինիները «Երփին» արտադրամասի ղեկավարի խոսքով՝ իրենք աշխատում են միայն անարատ կաթով, որը համարվում է էկո արտադրանք ու ավելի արժեքավոր է, քանի որ ստեղծվում է բարձր գոտիներում, իսկ դրանց արոտավայրերում վերջին տարիներին ոչ մի դեղորայք չի օգտագործվում։ Արտադրում են կանաչիով Չանախ պանրի տարբեր տեսականի, սովորական եւ պղպեղով Լոռի, Պարմեզան, ինչպես նաեւ սովորական եւ ընկույզով Գաուդա: «Երփինում» համար մեկ արտադրանքը Գաուդա տեսակն է համարվում, սպառողը նույնպես հիմնականում ընկույզով Գաուդան է հավանում։ Լուսանկարը՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության «Երփին» արտադրամասում կա 5-7 աշխատատեղ, իսկ ընդհանուր աշխատողների քանակը 18-ն է։ Տարեկան արտադրում են 35 տ պանիր՝ 200-300 տ կաթի ընդունման դեպքում: Արտադրամասը սկսել է աշխատել 2017-ից ու, ըստ ղեկավարի, հաջողության հասել է կարճ ժամանակում, որը նաեւ ԵՄ-ի տրամադրած մասնագետների խորհրդատվության շնորհիվ է: Արտադրանքն իրացնում են Երեւանի սուպերմարկետներում, որոշ քանակություն նաեւ արտահանում են։ Առայժմ պահանջարկ կա միայն Ռուսաստանում, սակայն շուտով ծավալն ավելացնելուց հետո փորձելու են դուրս գալ եվրոպական շուկա:«Մի անգամ նմուշ էինք ուղարկել Ռուսաստան, այնքան էին հավանել մեր արտադրած Գաուդա եւ Լոռի պանրի տեսակները, որ մոտ 20 տ պատվիրել էին: Ամռանը մեր արտադրանքը շատ էր սպառվել ու, ցավոք, նման քանակություն չկար ուղարկելու համար: Մյուս տարվա համար ուզում ենք պայմանագրեր ձեռք բերել, որ սկսենք մեծ քանակով արտահանել»,- պատմում է «Երփին» արտադրամասի ղեկավար Արթուր Նազարյանը։ Լուսանկարը՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության 2015-ից սկսած՝ ԵՄ-ի գյուղատնտեսական ծրագրերն այս տարի ավարտվում են, աշխատանքներին ծանոթանալու եւ ամփոփելու համար հոկտեմբերի 30-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անձամբ էր այցելել պանրի արտադրամաս ու ծանոթացել աշխատանքներին:«Գյուղատնտեսությանը նպաստող մեր ծրագրերի շրջանակում հայերը սկսել են բավական մեծ մասշտաբով բրոկոլի, ինչպես նաեւ հնդկաձավար աճեցնել, շատ տպավորված եմ նաեւ պանրի արտադրությամբ. խորհուրդ եմ տալիս Եվրոպայում գովազդել Չանախը եւ Լոռին՝ որպես տիպիկ հայկական պանիրներ: Ես՝ որպես սպառող, շատ եմ սիրում Չանախը. առաջ ընդհանրապես գաղափար չունեի, որ Հայաստանում նման յուրահատուկ տեսակի պանիր է արտադրվում»,- ասում է ԵՄ դեսպանը: Լուսանկարը՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության ENPARD ծրագրի միջոցով ԵՄ-ն աջակցել է 33 գրանցված կոոպերատիվների՝ մշակել բարձրարժեք մշակաբույսեր, հիմնվել են պանրի, չրի, խոտաբույսերի, ավանդական բանջարեղենի, մրգի եւ հատապտուղների արտադրության մի շարք կոոպերատիվներ, ինչպես նաեւ հնդկացորենի վերամշակման 2 գործարան: ԵՄ-ի ENPARD ծրագիրն իրականացվել է €25 մլն-ի ֆինանսական ներդրումների միջոցով, զուգահեռ իրականացվել է նաեւ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը, որի ներդրումը կազմում է €2,8 մլն: Լուսանկարը՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության ԵՄ դեսպանի՝ Վայոց ձոր այցելությունն ամփոփվել է հայկական ապրանքների արտահանման վրա շեշտը դնելու կարեւորությամբ: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ հաջորդ տարի ավարտում է Հայաստանում իր աշխատանքը եւ վերադառնալով Լեհաստան՝ կցանկանար հեշտությամբ գտնել հայկական արտադրանքը եվրոպական սովորական խանութներում: Ամալի Խաչատրյան Լուսանկարները՝ ԵՄ հայաստանյան պատվիրակության Tweet Դիտում՝ 7274