Էկոտուրիզմի սիրահարներին Վայոց ձորի Արտավանը նորություններով է սպասում: Հարուստ կենսաբազմազանություն ու տպավորիչ լանդշաֆտներ ունեցող համայնքը նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ բարելավում է իր զբոսաշրջային ենթակառուցվածքները:Զբոսաշրջիկներն արդեն վիրտուալ (VR) եւ լրացված իրականության (AR) պայմաններում կարող են ընտրել՝ որտեղ քայլարշավ անցկացնել ու ծանոթանալ տեղանքի կենսաբազմազանությանը:Banks.am-ի հետ զրույցում «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ նախագահ Սարգիս Աղայանը պատմել է Արտավանում իրականացվող՝ «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագրի ու առաջիկա անելիքների մասին: AR/VR-ի մուտքն ԱրտավանՆոր տեխնոլոգիաների մուտքն Արտավան էկոզբոսաշրջության կենտրոն դարձնելու փաթեթի մաս է կազմում: Առաջին անգամ է, որ Հայաստանում զբոսաշրջային տարածքները կահավորվել են AR պիտակներով եւ VR ակնոցներով: Սարգիս Աղայանը Քայլարշավային արահետների տեղեկատվական ցուցանակներին փոխարինելու եկած AR պիտակների միջոցով զբոսաշրջիկը տեղեկություն կստանա տեղանքի պատմամշակութային ժառանգության, աճող բույսերի, բնակվող կենդանիների մասին, նաեւ կկարողանա ավելի հեշտ ու արագ կողմնորոշվել տարածքում:Դրա համար անհարժեշտ է միայն սմարթֆոնում ունենալ ARLOOPA հավելվածն ու սքանավորել պիտակները, որոնք ավելի մանրամասն ինֆորմացիա կտան տեղանքում բնակվող բեզոարյան այծի, վարազի, եվրասիական լուսանի, գորշ արջի, եվրոպական այծյամի, բնության հուշարձան «Հայելի լճի», ինչպես նաեւ տարածքում անվտանգության կանոնները պահպանելու մասին: Արտավանում գործող բոլոր հյուրատներում ու վրանատեղիում զբոսաշրջիկը կգտնի VR (վիրտուալ իրականություն) ակնոցներ, որոնց օգնությամբ 3D ձեւաչափով նախապես «կհայտնվի» զբոսաշրջային միջավայրում, կծանոթանա եւ կընտրի այցելության համար նախընտրելի տարածքը:Այս տեխնոլոգիաները համայնքում ներդրվել են 2019-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Եվ չնայած նրան, որ դեռեւս քիչ թվով այցելուներ են հասցրել օգտվել դրանցից, արդեն բավական մեծ արձագանք կա: Գործում է նաեւ «Արտավան՝ բնության արվեստը» երկլեզու կայքը, որտեղ մանրամասն ներկայացված են բոլոր ծառայություններն ու գնային առաջարկները:Տեղանքի գրավչության համարԷկոտուրիզմի զարգացման համար նոր ենթակառուցվածքների ստեղծվումը շարունակական է լինելու, ինչ էլ, իր հերթին, տարածքի գրավչությունը կմեծացնի:Ներկայում Արտավանում քայլարշավային երեք արահետ կա, դրանք համընկնում են Տրանսկովկասյան արահետի հետ, որը եւս անցնում է հենց այս համայնքով: Արահետներից բացի, կառուցվել է հատուկ դիտակետ, որտեղից կարող են հետեւել վայրի կենդանիներին, հյուրատներ եւ վրանատեղի, որտեղ հիմնականում հյուրընկալվում են Տրանսկովկասյան արահետով տարբեր երկրներից ժամանած քայլարշավորդների խմբեր: Տրամադրվել են հակահրդեհային գույք եւ գործիքներ՝ տարածքում հրդեհին համայնքի կողմից արագ արձագանքն արդյունավետ կազմակերպելու համար:«Վիդեոգիդ»-ի ծառայություն Արտավանից բացի, ենթակառուցվածքներ են մշակվում Գոմքում, Մարտիրոսում: Այս ամենը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար առանձին հանդիպումներ են կազմակերպվել տուրիստական ընկերությունների հետ:Նրանց հետաքրքրվածությունը եւս շատ մեծ է: Նշում են, որ օրինակ՝ «վիդեոգիդ» ասվածը լավ նորություն է եւ կգրավի հատկապես անհատ զբոսաշրջիկներին, որոնք այսպես թե այնպես կենդանի զբոսավարի ծառայություններից չեն օգտվում: Այսինքն՝ այս ծառայությունը «հացից չի կտրի» մյուս զբոսավարներին:Արտավանում իրականացվել են մի շարք էկոկրթական ու զբոսաշրջային թեմաներով դասընթացներ, վարժանքներ տարբեր շահառուների համար: Զբոսաշրջիկների աշխարհագրությունն ընդլայնվում է2019-ին Արտավանի նորաստեղծ հյուրատներից եւ վրանատեղիից օգտվել է ավելի քան 240 այցելու՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Չեխիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Սիրիայից, Լեհաստանից, Հոլանդիայից, Չինաստանից եւ իհարկե՝ Հայաստանից: Վրանատեղին կարող է միաժամանակ ընդունել ավելի քան 30 այցելուի: Այն կահավորված է շարժական տնակով: Վրանատեղին ունի ինտերնետ հասանելիություն, իսկ էլեկտրաէներգիան ստացվում է արեւային կայանների միջոցով: Գեոլոկացիոն կետերի նոր հավելվածՄարզում էկոտուրիզմի զարգացման վերոնշյալ ծրագիրն իրականացնում են «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն, «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, համաֆինանսավորում՝ ՄԱԶԾ-ի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագիրը եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Ներկայում «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի եւ այլ գործընկերների կողմից գեոլոկացիոն կետերը նախանշող հավելված է մշակվում, որն առանձին բրենդ կլինի: Հավելվածը մշակման փուլում է եւ գործարկելու պարագայում այլեւս AR պիտակներ անհրաժեշտ չեն լինի: Զբոսաշրջիկը տվյալ տարածքում քայլելիս հավելվածի միջոցով ծանուցում կստանա, թե նշված վայրում ինչ AR կոնտենտ կա, եւ միանգամից հեռախոսի միջոցով կծանոթանա դրան:Օրինակ, հավելվածը կհուշի՝«քայլե՛ք աջ եւ ջրվեժ կտեսնեք», կամ՝ «ձախում հուշարձան կա» եւ այլն:Նոր ստեղծվող հավելվածը կարելի է կիրառել Հայաստանի ցանկացած մարզում, գյուղում, որն ունի զբոսաշրջության համար նախատեսված տարածքներ ու պատմամշակութային հուշարձաններ: Ծրագիրն իրականացնողներն ակնկալում են, որ այն պատրաստ կլինի ամռանը: Տեղական շուկայում հավելածի՝ հաջողություն ունենալու դեպքում հեղինակները մտադիր են այն ներկայացնել նաեւ միջազգային շուկայում:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ անձնական արխիվից Tweet Դիտում՝ 10326