Առաջին ձեռքից. 2019-ը ՊԵԿ-ի համար

25.12.2019 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան

2019-ի ավարտին Banks.am-ն ամփոփում է Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք տարվա ընթացքում ունեցել են ակնհայտ ձեռքբերումներ:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է անցնող տարվա հաջողություններն ու առաջիկա անելիքները հարկային եւ մաքսային ոլորտում:

2019-ը՝ հիմքերի ամրացման տարի

Մեզ համար 2019-ը հետհեղափոխական ժամանակաշրջանի կայացման, արմատավորման, հիմքերի ամրացման տարի էր:

Եթե 2018-ին դրամավարկային մեթոդից անցանք եկամուտների հաշվառման «կվազի» հաշվեգրման հիմունքին, ապա 2019-ին արդեն պետք է երեւային 2018-ի ձեռքբերումների հիմնական ուղղությունների առաջին հաջողությունները:


Տարվա ձեռքբերումները

Տարվա ձեռքբերումներից է ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի՝ Գյումրիի մաքսատան կառուցումը:


Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխվել է Գյումրի: Մաքսատունն օրական սպասարկում է շուրջ 1000 տրանսպորտային միջոց:


Հաջորդը ՊԵԿ ռազմավարության ընդունումն է՝ 2020-2024 թվականների համար: Այնտեղ նախանշվել են առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու ինչպես հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը, այնպես էլ ՊԵԿ համակարգի զարգացմանը:


Տարվա ձեռքբերում է նաեւ ԱԱՀ-ի «հին» դեբետային պարտքերի վերադարձը:

Մասնավորապես, վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաեւ 2017-ի 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները:


Բարձրացվել է պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով այն 40 մլն դրամ:

Տարին նշանավորվել է «Վերին Լարսում» մաքսային կցորդի նշանակմամբ:


Կցորդի առկայությունը կնպաստի միջազգային ավտոմոբիլային անցակետում ծագող խնդիրների արագ բացահայտմանն ու դրանց լուծմանը:


2019-ի ընթացքում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: Երեւանում տեղի ունեցած «Թվային լուծումներ`միջսահմանային համագործակցության եւ առեւտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակում Վրաստանի, Իրանի եւ Հայաստանի մաքսային մարմինների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:


Դրանցով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության դյուրացման եւ առավել արդյունավետ իրականացման համար։

Չիրագործված պլանների մասին

Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որեւէ աշխատանք չի կատարվել: Այսինքն՝ ձախողված կամ պլանավորված, բայց չիրականացված ծրագրեր չունենք:

2019-ի ամենասուր քննադատությունը

Տարվա ընթացքում ոլորտին ուղղված ամենասուր քննադատությանն արժանացել է պետական ծառայողներին պարգեւավճարների տրամադրումը: Եվ դա ուղղված էր ոչ միայն ՊԵԿ-ի, այլեւ ամբողջ պետական համակարգի դեմ:

Պարգեւավճարները, որոնք ստանում են պետական ծառայողները, այդ թվում՝ ՊԵԿ աշխատակիցները, պետք է դիտարկել ոչ թե որպես պարգեւավճար, այլ բովանդակային առումով լրավճար իրենց աշխատավարձի համար:

Դավիթ Անանյանի պարգեւատրումը Տաշքենդում

Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ մեզ մոտ՝ ՊԵԿ-ում, պարգեւավճարները տրամադրվում են որոշակի ներդրված բալային համակարգի, գնահատականների հիման վրա: Այս խնդիրը, երբ բարձրացավ, մենք առաջինն ենք եղել թիրախավորված որպես պետական գերատեսչություն: Եվ կարծում եմ, որ մենք կարողացել ենք թե՛ կառավարությունում, թե՛ հանրության հետ երկխոսության շրջանակում տեղ հասցնել մեր գաղափարները եւ լինել հասկանալի:


2020-ի առաջնային ծրագրերը

ՊԵԿ-ի առջեւ խնդիր կա դրված, որը 2020-ի պետական բյուջեի մասին օրենքում արդեն սահմանված է: Այն է՝ հարկային, մաքսային արդյունավետ վարչարարության իրականացմամբ ապահովել պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորած ցուցանիշները:

Մյուս կարեւոր նպատակը գալիք տարվա համար ՊԵԿ հնգամյա ռազմավարությամբ 2020-ին բաժին ընկնող միջոցառումների արդյունավետ իրագործումն է:

Պատրաստեց Արփի Ջիլավյանը

Առաջին ձեռքից. 2019-ը զբոսաշրջության համար

Դիտում՝ 6357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW