Բանկեր ու բնություն. ինչպե՞ս են առաջինները փրկում երկրորդին

21.06.2013 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մեկ առիթով արդեն պատմել ենք, թե ինչ մտահոգիչ հետեւանքների է հանգեցնում հայաստանյան մի շարք հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը: Նույն հոդվածում նշել ենք, որ կարգավորման առաջադեմ սկզբունքների եւ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ բնությանը եւ մարդկանց առողջությանը հասցվող վնասը կարելի է չեզոքացնել կամ գոնե հասցնել նվազագույնին:

Եթե այդպես չլիներ, դժվար կլիներ պատկերացնել, որ, օրինակ, բնության հանդեպ ամենից հոգատար երկրներից մեկը՝ Շվեդիան, աշխարհում երկաթի հանքաքարի խոշորագույն արդյունահանողներից է, իսկ բնության հանդեպ ոչ պակաս հոգատար Ավստրալիան՝ ընդհանրապես վերջին 20 տարիներին տնտեսական վերելք է ապրում գերազանցապես հանքագործության շնորհիվ: Շվեդիան եւ Ավստրալիան բազմաթիվ այլ երկրներից առանձնանում են ոչ այնքան բնօգտագործման նորմատիվային կարգավորման խստությամբ (թեեւ այն բավականին խիստ է), որքան ոլորտի վերահսկողության՝ օրենսդրության կիրառման ապահովման բարձր մակարդակով, որով չեն կարող պարծենալ բազմաթիվ այլ երկրներ, որտեղ բարձր են կոռուպցիոն ռիսկերը: Ստացվում է, պետական վերահսկողության պատշաճ մակարդակի բացակայության պայմաններում ընկերությունները կարող են հեշտությամբ թերակատարել առաջադրված պահանջները՝ անկախ նրանից, թե որքան խիստ է օրենսդրությունը:

Ավստրալիայի Քուինսլենդ համալսարանի Հանքարդյունաբերության սոցիալական պատասխանատվության կենտրոնի կողմից հրապարակած զեկույցներից մեկում բարձրացվում է հենց այս հարցը: Բերենք մեկ հատված զեկույցից.

«Ավստրալիան այսօր իսկապես գլոբալ խաղացող է հանքարդյունաբերական ոլորտում: Ավստրալիական ընկերությունները շահագործում են հանքեր Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Ասիայում եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նոր պաշարներ որոնելով՝ ավստրալիական ընկերությունները ավելի ու ավելի հաճախակի են սկսում աշխատել երկրներում, որտեղ պետական եւ իրավական հաստատությունները թույլ են, եւ առկա է տնտեսական եւ քաղաքական ուժերի անհավասարություն: Սա լուրջ մարտահրավերներ է ստեղծում բազմաթիվ մակարդակներում, ներառյալ` հանքերի հարեւանությամբ ապրողների իրավունքների եւ շահերի պաշտպանության ապահովման հարցը, որը կասկածի տակ է առնվում, եթե պետական ինստիտուտները անարդյունավետ են, կոռումպացված եւ անվստահելի:»

Տվյալ զեկույցում, որպես լուծման ուղի, առաջարկվում էր հանքարդյունաբերողների կողմից պատասխանատու քաղաքականության որդեգրումը, այլ կերպ ասած՝ ինքնակարգավորումը, որին մենք եւս անդրադարձել ենք, եւ որը եւս չի կարելի դիտարկել, որպես բնապահպանական ռիսկերի նվազեցման լավագույն այլընտրանք, քանի որ պատասխանատու քաղաքականություն կարելի է որդեգրել կամ չորդեգրել:

Այսօրվա դրությամբ տվյալ հարցի լավագույն լուծումն են ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող ոլորտային մոտեցումները՝ նախագծերի ֆինանսավորման ժամանակ բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի հայտնաբերման, որոշման, գնահատման, նվազեցման եւ կառավարման ժամանակ: Այս մոտեցումները, որոնք առաջ են բերվում  այսպես կոչված «էկվատորյան սկզբունքներով» և ՄՖԿ կատարողականի չափանիշներով, առաջադրվում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հանքարդյունաբերությունում գործող ընկերություններին՝ որպես պահանջ ֆինանսավորման դիմաց:

2003թ. հունիսի 4-ին 10 խոշորագույն բանկ, որոնց բաժին էր ընկնում զարգացող շուկաներում արդյունաբերության վարկավորման մոտ 80%-ը, որոշեցին հետեւել էկվատորյան սկզբունքներ անվանումը ստացած կանոններին՝ տնտեսական ակտիվության տարբեր ոլորտներում ֆինանսական աջակցության առաջնահերթությունները որոշելիս: Այսօրվա դրությամբ այդ սկզբունքներին հետեւող ֆինանսական հաստատությունների թիվը անցել է 70-ը:

Էկվատորյան սկզբունքները կազմվել են մի շարք մասնավոր բանկերի կողմից ինչպիսիք են Citigroup-ը, ABN AMRO-ն, Barclays-ը, WestLB-ն և այլն.  Այդ սկզբունքների մոդելը հիմնված էր Համաշխարհային բանկի բնապահպանական չափանիշների և ՄՖԿ սոցիալական քաղաքականության վրա  եւ կիրառելի են ավելի քան $10 մլն արժողությամբ նախագծերի ֆինանսավորման ժամանակ:

Սկզբունքներում եւ, մասնավորապես, ՄՖԿ կատարողականի չափանիշներում և Բնապահպանական, անվտանգության և սոցիալական ուղեցույցում ամեն ոլորտի համար սահմանված են համաշխարհային պրակտիկայում ընդունված բնապահպանական չափանիշները, պինդ թափոնների նկարագիրը, աղտոտման կանխման, աղմուկի նվազեցման միջոցառումները, առաջարկվում են շրջակա միջավայրի համար առավել անվտանգ տեխնոլոգիաները եւ այլն:

Էկվատորյան սկզբունքների որդեգրմամբ, բանկերն իրենց վրա են վերցրել ֆինանսավորվող նախագծերի կայունության համար պատասխանատվությունը, քանի որ եթե նախկինում էկոլոգիապես եւ սոցիալապես պատասխանատու զարգացման ապահովումը բացառապես վարկառուների իրավասությունն էր, ապա հիմա բանկերը սկսել են գիտակցել սեփական դերը եւ պատասխանատվությունը ռացիոնալ բնօգտագործման հարցում:

Միանալով նախաձեռնությանը, յուրաքանչյուր բանկ ուսումնասիրում է ֆինանսավորման հայտ ներկայացրած ընկերության նախագծի բնապահպանական եւ սոցիալական ռիսկերը՝ պահանջելով իրենից նաեւ մշտական հաշվետվողականություն:

Հայաստանում էկվատորյան սկզբունքներին HSBC-Հայաստանից բացի հետեւում են միայն այն բանկերը, որոնք ֆինանսավորում են նախագծեր միջազգային ֆինանսական կառույցներից ներգրաված միջոցներից:

«2003 թվականից ի վեր էկվատորյան սկզբունքների, Համաշխարհային բանկի բնապահպանական չափանիշների, ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների և ՎԶԵԲ կատարողականի պահանջների ի հայտ գալուց հետո, հանքարդյունաբերությունը աշխարհում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Միանշանակ կարելի է պնդել, որ այն բոլոր ծրագրերը, որոնք ֆինանասավորվում են էկվատորյան սկզբունքների մասնակից ֆինանսական կազմակերպությունների և բանկերի կողմից, այսօր հետևում են բնապահպանական որոշակի ստանդարտների ու կանոնակարգերի և աշխարհում հանքարդյունաբերության որակը այդ առումով զգալիորեն փոխվել է», - ասում է Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող բրիտանական Lydian International-ի և իր հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերության բնապահպանական ու սոցիալական հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը:   

ՄՖԿ-ն Lydian International-ի բաժնետերերից է, հետեւաբար, ընկերությունը եւս աշխատում է էկվատորյան սկզբունքներով: Lydian -ի բաժնետերեր են նաև այդ սկզբունքների տակ ստորագրած մի շարք միջազգային բանկեր և ֆինանսական հաստատություններ, ինչպես օրինակ  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Royal Bank of Canada-ն և այլն:

Արմեն Ստեփանյանի խոսքերով, որպեսզի Ամուլսարի ծրագիրը ստանա ֆինանսավորում այս բանկերի և հաստատությունների կողմից, ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ) պետք է իրականացվի էկվատորյան սկզբունքների և ՄՖԿ կատարողականի չափանիշներին և ՎԶԵԲ կատարողականի պահանջներին համապատասխան:

«Օգոստոսին ավարտին հասցվելուց հետո այն պետք է անցնի ՄՖԿ-ի և ՎԶԵԲ-ի անկախ փորձաքննությունը, այնուհետև ԲՍԱԳը կհրապարակվի և այդ գործընթացների ավարտից հետո նոր միայն որոշում կկայացվի ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ: Բացի այդ, թե՛ մինչ ծրագրի ֆինանսավորումը, թե՛ նաև ֆինանսավորման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո այս կազմակերպությունները շարունակում են կատարել մշտական վերահսկողություն՝ վստահ լինելու համար, որ այն իրականացվում է միջազգային լավագույն չափանիշների և փորձի շրջանակներում», - ասում է Արմեն Ստեփանյանը:

Ինչպես տեսնում ենք, վերջին տասնամյակներին զգալի զարգացում են ապրել ոչ միայն  հանքարդյունաբերության մեջ բնապահպանական չափանիշները, այլև դրանց պահպանմանը հետեւելու մեխանիզմները՝ անգամ պետական վերահսկողության պատշաճ մակարդակի բացակայության պայմաններում:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 6503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai