Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը պետք է մշակի եւ ներդնի նորարարություններին օժանդակելու պարզ եւ բազմակողմանի ռազմավարություն: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է “Տնտեսություն եւ արժեքներ” հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Ներկայացնելով “Հայաստանի ազգային մրցունակությունը-2009” զեկույցը` Մանուկ Հերգնյանն ասել է, որ Հայաստանը պետք է բարելավի փոխգործակցությունը գիտությամբ զբաղվող ինստիտուտների միջեւ, խթանի վստահությունը բիզնեսի եւ գիտական հետազոտությունների միջեւ, ինչպես նաեւ բարելավի գիտական մշակումների առեւտրականացման հնարավորոթյունները: Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, տնտեսության մեջ նորարարությունների ցուցանիշով Հայաստանը աշխարհի 133 երկրների շարքում զբաղեցնում է 108-րդ տեղը` 2008թ. համեմատ դիրքերը զիջելով 2 կետով: Հաշվետվության համաձայն, Հայաստանը նորարարությունների խթանման ոլորտում կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ: ՀՀ-ում նորարարական տնտեսության զարգացման ճանապարհին խոչընդոտների թվում զեկույցում մատնանշվում են ծերացող եւ սահմանափակ մարդկային ռեսուրսները գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, կրթության, գիտական հետազոտությունների եւ մշակումների ոչ բավարար ֆինանսավորումը, բարձր տեխնոլոգիական առեւտրականացված մշակումների բացակայությունը եւ մտավոր սեփականության պաշտպանության ցածր վարկանիշը /107-րդ տեղը 133 երկրների թվում/: Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում բացակայում են գիտական մշակումների եւ հետազոտությունների անցկացման հարկային արտոնությունները, բացակայում է նաեւ նորարարական եւ տեխնոլոգիական նախագծերի ֆինանսավորմանն ուղղված վենչուրային կապիտալը: “Մինչ այժմ Հայաստանում նորարարությունների զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում թերի էին եւ կարճաժամկետ բնույթ էին կրում, մինչդեռ որպես տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն` նորարարությունները պահանջում են միասնական հիմք”, - ասել է Մանուկ Հերգնյանը` նշելով նորարարությունների խթանման նպատակով Հայաստանում միասնական ազգային նորարարական համակարգի մշակման անհրաժեշտությունը` հատկապես ծառայությունների եւ ապրանքների արտադրության ոլորտում: Զեկույցում ՀՀ նորարարական տնտեսության զարգացման համար առաջարկվում են 4 մեկնարկային ռազմավարություններ, որոնք հիմնված են այլ երկրների հաջող փորձի վերլուծության վրա` հաշվի առնելով նաեւ տեղական առանձնահատկությունները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով եւս ներկա էր զեկույցի շնորհանդեսին, նշել է գիտության եւ տնտեսության միջեւ փոխադարձ կապ հաստատելու անհրաժեշտությունը վերջինիս դիվերսիֆիկացման նպատակով: “Համաշխարհային ճգնաժամը եւս մեկ անգամ մեզ մատնանշեց հայաստանյան տնտեսության ամենախոցելի կողմերը` կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից եւ ՀՆԱ-ում շինարարության բարձր տեսակարար կշիռը”, - ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 10970