«Ժամանակավոր կառավարչի նշանակումը կառավարությունը ներկայացնում է որպես ՀԷՑ-ի պետականացում»

11.07.2025 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ /
Փաստաբան Արսեն Թավադյանը պնդում է, որ հուլիսի 9-ին ուժի մեջ մտած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք իշխանությունը ներկայացնում է որպես «ՀԷՑ-ի պետականացում», որևէ կապ չունեն ազգայնացման հետ եւ չեն ենթադրում ՀԷՑ-ի բաժնետոմսերի, ՀԷՑ-ի ենթակառուցվածքների, ակտիվների հարկադիր փոխանցում Հայաստանի Հանրապետությանը: 

«Նման նպատակ դրված չէ նույնիսկ փոփոխությունների հիմնավորման մեջ: Այս տեսակետից, մենք գործ ունենք ՀՀ կառավարության կողմից տրված հերթական սուտ, պոպուլիստական խոստման հետ: 

Փոփոխություններով ընձեռնված միակ հնարավորությունը, որով Կառավարությունը կարող է ձեռք բերել ՀԷՑ-ի բաժնետոմսերը, էներգետիկ համակարգը կոլապսի բերելու, բազմաթիվ տուգանքներ կիրառելու ճանապարհով ընկերությանը սնանկության եզրին հասցնելն է, որը կստիպի ՀԷՑ-ի ներկայիս բաժնետերերին շատ էժան վաճառել իրենց բաժնետոմսերը», - նշել է Արսեն Թավադյանը:

«Մի քանի միտք օրենքների փոփոխությունների մասին`

1. Պետությունը ձեռք է բերում ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի նախապատվության իրավունք: Այսինքն, ՀԷՑ-ի ներկայիս բաժնետերերը կարող են վաճառել իրենց բաժնետոմսերը միայն, եթե առաջարկեն ՀՀ կառավարությանը, և վերջինս հրաժարվի դրանք ձեռք բերել: Նախատեսված է նաև գնագոյացման բավականին հետաքրքիր, եթե չասեմ հակասահմանադրական, մեխանիզմ, բայց չեմ ուզում սրանով ծանրաբեռնել գրառումս:

2. Ըստ փոփոխությունների, եթե ՀԷՑ-ը կոպիտ խախտումներ է թույլ տալիս, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է նշանակել ժամանակավոր կառավարիչ: 

Եվ սա կենտրոնական պահ է: Կառավարությունը ներկայացնում է այս ժամանակավոր կառավարչի նշանակումը որպես պետականացում. ոչ և ոչ:

3. Ժամանակավոր կառավարիչը փոխարինում է միայն գործադիր մարմնին: Ընկերության ընդհանուր ժողովը և տնօրենների խորհուրդը մնում են իրենց տեղում, ուղղակի վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են կառավարչի համաձայնությամբ: 

Որևէ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովը և տնօրենների խորհուրդն ունեն շատ լայն լիազորություններ` հաստիքացուցակի, կազմակերպական կառուցվածքի հաստատում, խոշոր գործարքի հավանություն տալ և այլն: 

Ինչ կլինի, եթե կենսական անհրաժեշտ լինի ունենալ ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի որոշում, բայց այդ երկու մարմինները սկզբունքորեն ոչ մի որոշում չկայացնեն, օրենքի փոփոխությունները բարեհաջող լռում են:

4. Ժամանակավոր կառավարիչը, ինչքան էլ տարօրինակ լինի, նշանակվում է ժամանակավոր: Մեծ հաշվով այն նշանակվելու է միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի ժամկետում, որի առավելագույն ժամկետը չորս ամիս է:

Արդյունքում ստացվում է, որ չորս ամիս ժամանակավոր կառավարչի նշանակումը Կառավարությունը ներկայացնում է որպես ՀԷՑ-ի պետականացում: 

Տարօրինակն այն է, որ նույնիսկ առանց այս փոփոխությունների, պետությունն ունի ՀԷՑ-ի նկատմամբ ահռելի լծակներ, որոնք նույնիսկ առանց բաժնետիրոջ փոփոխության կարող են ստիպել ՀԷՑ-ին անել այն, ինչ պետությունն է ուզում: Սա իշխանության կառավարման ունակությունների ցուցիչ է` առանձնահատուկ տաղանդ է պետք ահռելի լիազորություններով ոչինչ չկարողանալ անել:

Ժամանակավոր կառավարիչը մեկ դեր կարող է խաղալ` չորս ամսվա ընթացքում այնքան ավիրել ամբողջ համակարգը, որ բաժնետերերը ստիպված վաճառեն իրենց բաժնետոմսերը: Իսկ ինչ կլինի, եթե բաժնետերերն այդպես չանեն` մնալու է երկու ճանապարհ` (1) լիցենզիայի դադարեցում, որը կրկին չի նշանակում ՀԷՑ-ի ենթակառուցվածքների փոխանցում պետությանը, (2) ընկերության սնանկացում դրամական պարտավորությունների չկատարման հիմքով», - ասել է Արսեն Թավադյանը:
Դիտում՝ 3307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW