«Գազպրոմ»-ը շարունակում է դադարեցնել գազի արտահանումը Եվրոպայի ուղղությամբ

01.06.2022 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ» #Shel #Orsted
Հունիսի 1-ից «Գազպրոմ էքսպորտ»-ը կդադարեցնի գազի մատակարարումները բրիտանա-հոլանդական Shell Energy Company-ին՝ Գերմանիայի համար նախատեսված պայմանագրով, եւ դանիական Orsted-ին ապրիլի համար նոր սխեմայով չվճարելու պատճառով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ռուսաստանյան ընկերության հաղորդագրությունը։

«Գազպրոմ էքսպորտ»-ի փոխանցմամբ՝ Shell-ը եւ Orsted-ը ծանուցել են, որ «գազի մատակարարման պայմանագրով մտադիր չեն վճարումներ կատարել ռուբլով», ուստի գազի մատակարարումները կդադարեցվեն մինչեւ վճարումը կատարելու պահը։

«Գազպրոմ»-ում նշել են, որ Shell-ի հետ պայմանագրով Գերմանիա մատակարարումների տարեկան առավելագույն ծավալը կազմում է 1,2 միլիարդ խորանարդ մետր, դանիական ընկերության մատակարարումների ծավալը չի բացահայտվում։

Դանիական Orsted-ը գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու մասին հայտարարել էր դեռեւս ապրիլի սկզբին՝ ռուսաստանյան ընկերությունից համապատասխան նամակը ստանալուց հետո։ Bloomberg-ի տվյալներով՝ Դանիայի հետ պայմանագրի ժամկետը լրանում է տասնամյակի վերջին։ Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանը Դանիային մատակարարում էր այդ երկրի կողմից գնվող գազի 80%-ը, ինչը, սակայն, կազմել է անցած տարի Եվրոպայի կողմից գնված ողջ գազի 1,3%-ը։ Մայիսի 30-ին Orsted-ը զգուշացրել էր ռուսաստանյան գազի մատակարարումների հնարավոր դադարեցման մասին՝ վճարման վերջնաժամկետը լրանալու պատճառով։

Բրիտանա-հոլանդական Shell-ը մարտի սկզբին նույնպես հայտարարել էր, որ աստիճանաբար կհրաժարվի ռուսաստանյան նավթի, ինչպես նաեւ նավթամթերքի, խողովակաշարային գազի եւ հեղուկացված բնական գազի գնումներից: Սակայն, ըստ Bloomberg-ի, ընկերությունը դեռեւս ուներ մի շարք երկարաժամկետ պայմանագրեր։ Այսպես, «Գազպրոմ»-ի արտահանման ստորաբաժանման հետ պայմանագիրը ենթադրում է տարեկան 1,2 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծում՝ մինչեւ 2031 թվականը՝ Գերմանիա առաքելու պայմանով։ Գործակալությունը նաեւ հայտնել է, որ Shell-ը կարող է դժվարություններ ունենալ գազի դիմաց վճարելու հարցում, քանի որ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկ»-ի դեմ։



Գազի դիմաց վճարման նոր սխեման, որը գործում է ապրիլի 1-ից, ենթադրում է, որ ոչ բարեկամական երկրների ցանկից օտարերկրյա գնորդները պետք է բացեն երկու հաշիվ «Գազպրոմբանկ»-ում՝ մեկն արտարժույթով, մյուսը՝ ռուբլով։ Առաջին հաշվի վրա դոլարով կամ եվրոյով վճարումը ստանալուց հետո բանկն ինքնուրույն փոխարկում է դրամական միջոցները Մոսկվայի բորսայում, որից հետո ռուբլիները մուտքագրում են երկրորդ հաշվին:

Ավելի վաղ դադարեցվել էին գազի մատակարարումները Բուլղարիա, Լեհաստան, Ֆինլանդիա եւ Նիդեռլանդներ․ այս երկրները հրաժարվել էին կատարել Ռուսաստանի պայմանները։
Դիտում՝ 5366
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW