«Լույս» հիմնադրամ. Պետբյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով

17.05.2022 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լույս» հիմնադրամ #պետական բյուջե

«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2022թ. առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Վերլուծության համաձայն՝ 2022թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարումը ընդհանուր առմամբ պլանից շեղվել է շուրջ 95.5 մլրդ դրամով:

Հիմնադրամի վերլուծության մեջ, մասնավորապես, ասված է.

«ՀՀ պետական բյուջեի կատարումը 2022թ. առաջին եռամսյակում չի համապատասխանել նախօրոք պլանավորվածին: Եկամուտները հավաքագրվել են ավելի շատ, քան պլանավորվել էին, սակայն նախատեսված ծախսերն իրականացվել են ոչ ամբողջությամբ: Արդյունքում ձեւավորվել է 28.7 մլրդ դրամ հավելուրդ՝ բյուջեով պլանավորված 66.8 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն՝ շեղվելով շուրջ 95.5 մլրդ դրամով: Ստացվում է, որ կառավարությունը տնտեսությունից հավաքագրում է հարկերը, սակայն չի ծախսում՝ այդպիսով նվազեցնելով տնտեսական ակտիվությունը:

Առաջին եռամսյակում ոչ ամբողջությամբ են իրականացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերը՝ նախատեսված 718 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են ընդամենը 586-ը կամ 81.6%-ը: Թերի են իրականացվել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ոռոգման համակարգի առողջացման, ճանապարհային ցանցի բարելավման (այդ թվում՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում), սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրերը եւ այլն: Վերջիններս միտված են մեծացնելու ՀՀ տնտեսության պոտենցիալը, իսկ դրանց թերակատարումը վտանգում է ոչ միայն ընթացիկ, այլ նաեւ ապագա տնտեսական աճը եւ տնտեսական զարգացումը: Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է 89.6 մլրդ դրամ։

2022թ. հունվարին գրանցվել են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ, դրանք փետրվարից սկսել են դանդաղել, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունների արդյունքում աճի տեմպն ավելի է դանդաղել: Իրավիճակն առավել բարդանում է գնաճի անընդհատ արագացող տեմպի պայմաններում, որին արձագանքելով՝ կենտրոնական բանկը բավական մեծ քայլերով պարբերաբար բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս պայմաններում եւ՛ հարկաբյուջետային, եւ՛ դրամավարկային քաղաքականությունները 2022թ. առաջին եռամսյակում տնտեսության վրա ունեցել են զսպող ազդեցություն: Սակայն, եթե դրամավարկային քաղաքականության դիրքի խստացումը որոշ չափով արդարացված է՝ գնաճի տեմպը զսպելու նպատակով, ապա հարկաբյուջետային քաղաքականության զսպող լինելու հիմքում ընկած նպատակները տեսանելի չեն:

Ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունների (որոնք արդեն իսկ արտացոլվել են արդյունաբերության եւ արտահանման ցուցանիշներում) մեղմման ուղղությամբ դեռեւս որեւէ էական ծրագիր չի իրականացվել եւ բյուջեի պլանում որեւէ փոփոխություն չի կատարվել: Ստացվում է, որ կառավարությունը պատրաստվում է սպասել մինչեւ բացասական ազդեցություններն ամբողջությամբ տեղափոխվեն ՀՀ տնտեսություն, ինչից հետո միայն կներկայացնի գործողությունների որոշակի իրավիճակային պլան: Սակայն դա միանշանակ կլինի ուշացած, եւ չի հաջողվի չեզոքացնել տնտեսական իրավիճակի վատթարացումը»:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է «ԼՈՒՅՍ» հիմնադրամի պաշտոնական կայքում։

Դիտում՝ 3544
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW