Թբիլիսին հերքել է Բաթումի նավահանգստի կողմից պատժամիջոցների ռեժիմի խախտումը

18.04.2022 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բաթումի #նավահանգիստ #պատժամիջոցներ
Բաթումի նավահանգստի կողմից ռուսաստանյան նավթատարի (տանկեր) սպասարկումը չի կարող ընկալվել որպես պատժամիջոցների ռեժիմի խախտում կամ շրջանցում։

NewsGeorgia-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։

Ապրիլի 16-ին Pirveli հեռուստաալիքը հեռարձակել էր տեսանյութ, որտեղ պնդվում էր, որ Բաթումի նավահանգստի «Տերմինալ 1»-ն օգնում է ռուսաստանյան նավերին շրջանցել ԵՄ-ի կողմից ուկրաինական պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցները։ Որպես այս վարկածի հաստատում ցուցադրվել են նավահանգստում նկարահանված կադրեր՝ Ռուսաստանի դրոշի տակ նավարկվող «Լոյալթի» տանկերով։

Էկոնոմիկայի նախարարությունում տարածված տեղեկատվությունը որակել են «կեղծ և չճշտված», իսկ հեռուստաալիքին մեղադրել «հակավրացական արշավի մեջ»:

«Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը ներառում է Ռուսաստանի դրոշի տակ նավերի ԵՄ նավահանգիստներ մուտքի արգելք, նախատեսում է բացառություններ էներգետիկայի, գյուղատնտեսության և պարենի, ինչպես նաև մարդասիրական օգնության համար: Հետևաբար, ԵՄ-ի և Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում առևտրային հարաբերությունները դեռևս գոյություն ունեն»,- ընդգծել են նախարարությունում։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ «Լոյալթի» նավը Բաթումի նավահանգստի նավամատույցին մոտեցել է ապրիլի 7-ին, երբ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը դեռ հաստատված չէր։ Ռուսաստանյան նավը նավահանգստից հեռացել է ապրիլի 12-ին՝ դիզվառելիքով բեռնվելուց հետո։

«Համապատասխանաբար, «Տերմինալ 1»-ի կողմից մատուցվող ծառայությունները չեն հանդիսանում պատժամիջոցների խախտում կամ դրանց շրջանցում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

Մարտի 31-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում ասել էր, որ Վրաստանը միացել է միջազգային ֆինանսական բոլոր պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։

Վրաստանի կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին պարզաբանել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նկատի ուներ Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցները, որոնք առանձին պետություններ սահմանում են իրենց որոշմամբ, բայց, միաժամանակ, Վրաստանը «միանում է միջազգային կազմակերպությունների եւ միավորումների, այդ թվում՝ Եվրամիության կողմից սահմանված բոլոր պատժամիջոցներին»։

Ապրիլի 3-ին Իրակլի Ղարիբաշվիլին վստահեցրել էր, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի: «Ես միշտ եւ ամենուր գործելու եմ հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, ձեր շահերի, եւ ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը»,- ասել էր Ղարիբաշվիլին։
Դիտում՝ 3495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW