Վրաստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, նախօրեին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Rustavi 2 հեռուստաալիքը։«Ես միշտ եւ ամենուր գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի, ձեր շահերի համաձայն, եւ ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը»,- ասել է Ղարիբաշվիլին։Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է պատերազմը կանխելու համար։ Վրաստանին անհրաժեշտ է խաղաղություն, կայունություն եւ զարգացում, նշել է Վրաստանի վարչապետը։Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 25-ին Ղարիբաշվիլին արդեն հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները, ելնելով ազգային շահերից, չեն պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։Այնուամենայնիվ, մարտի 31-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ի եթերում ասել էր, որ Վրաստանը միացել է միջազգային ֆինանսական բոլոր պատժամիջոցներին, որոնք Արեւմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո։Վրաստանի կառավարական շրջանակներին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը «Կոմերսանտ»-ին պարզաբանել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նկատի ուներ Ռուսաստանի դեմ այն պատժամիջոցները, որոնք առանձին պետություններ սահմանում են իրենց որոշմամբ, բայց, միաժամանակ, Վրաստանը «միանում է միջազգային կազմակերպությունների եւ միավորումների, այդ թվում՝ Եվրամիության կողմից սահմանված բոլոր պատժամիջոցներին»։Միաժամանակ, ինչպես նկատել էր «Իզվեստիա»-ն, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը հնչել էր Ռուսաստանին Հարավային Օսիայի հնարավոր միացման մասին հայտարարության ֆոնին, որը դրանից մեկ օր առաջ հնչեցրել էր այդ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը։ Tweet Դիտում՝ 5124