Սամվել Խարազյան. Առողջապահական խնդիրների ժամանակին լուծումը նաեւ տնտեսական հարց է

20.08.2026 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին կիսամյակում մոտ 762 հազար ապահովագրված անձ օգտվել է համակարգի շրջանակում տրամադրվող ծառայություններից։ Ապահովագրական դեպքերի մասով փոխհատուցված գումարը կազմել է մոտ 103 մլրդ դրամ։ Միաժամանակ, որոշ տարիքային խմբերի դիմելիությունը զգալիորեն գերազանցել է նախնական կանխատեսումները։

Banks.am-ը զրուցել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանի հետ՝ հասկանալու, թե ինչ են ցույց տալիս համակարգի առաջին կիսամյակի արդյունքները, ինչ առողջական խնդիրներով են քաղաքացիներն առավել հաճախ դիմում, որքանով են իրական ցուցանիշները համապատասխանում կանխատեսումներին եւ ինչ է փոխվելու համակարգի հաջորդ փուլում։

Սամվել Խարազյանը

- Առաջին կիսամյակի արդյունքներից ամենակարեւոր ցուցանիշներից մեկը մոտ 103 մլրդ դրամի փոխհատուցումն է։ Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը եւ քանի՞ քաղաքացի է փաստացի օգտվել համակարգից։ 

- Առաջին կիսամյակում ունենք մոտավորապես 103 մլրդ դրամի փոխհատուցում ապահովագրական դեպքերի մասով։ Այդ գումարի շրջանակում ծառայություններ ենք մատուցել մոտավորապես 762 հազար ապահովագրված անձի՝ ընդհանուր ավելի քան 1.8 միլիոն շահառուից։ Այսինքն՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ապահովագրված անձ ապահովագրության շրջանակում օգտվել է որեւէ ծառայությունից: 

Խոսքը լայն շրջանակի մասին է՝ դեղերից սկսած, մասնագիտական խորհրդատվություն, առաջնային օղակի բժշկի ծառայություններ, ամբուլատոր բուժում, գործիքային հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, հիվանդանոցային ծառայություններ, վիրահատություններ։ Ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում իրականացվում է նաեւ քիմիաթերապեւտիկ դեղորայքի տրամադրում եւ ճառագայթային բուժում։

Փաթեթում ընդգրկված շուրջ 2300-2400 ծառայությունից մոտ 1500-ի մասով այս ժամանակահատվածում փոխհատուցման ներկայացված դեպքեր ենք ունեցել։ Սա նշանակում է, որ փաթեթում ընդգրկված ծառայությունների գրեթե ամբողջ սպեկտրը կիրառվել է մեր շահառուների կողմից։

Այս տվյալները մեզ համար կարեւոր են նաեւ այն առումով, որ ցույց են տալիս՝ փաթեթը կառուցված է ապահովագրված անձանց առողջական ռիսկերին եւ կարիքներին համապատասխան։ Սա մեզ հնարավորություն է տալիս ազդելու երկրում առկա հիմնական հիվանդությունների կառավարման, դրանցից մահացության եւ հաշմանդամության դեպքերի կրճատման վրա։

Սամվել Խարազյանը

- Փոխհատուցված գումարի չափը որքանո՞վ է համապատասխանում ձեր նախնական կանխատեսումներին։ 

- Հիմնական շեղված ցուցանիշը մենք նկատում ենք 18-ից 64 տարեկան այն անձանց շրջանում, որոնց աշխատավարձը 200 հազար դրամից բարձր է եւ որոնք ապահովագրավճարը հիմնականում իրենց միջոցներով են իրականացնում։ Նրանց դիմելիության ցուցանիշը գրեթե երկու անգամից ավելի բարձր է, քան մեր կանխատեսումները։

Համակարգի ներդրումից առաջ մենք շատ էինք լսում մտավախություններ, թե այս քաղաքացիները չեն օգտվելու ծառայություններից, որովհետեւ կարող են մտածել՝ առողջական խնդիրներ չունեն, եւ ապահովագրավճարը իրենց համար ավելորդ բեռ է։ Հիմա փաստացի ունենք պատկեր, որ նրանց դիմելիությունը կրկնապատիկից ավելի է։

Սամվել Խարազյանը

Սա նշանակում է, որ այդ քաղաքացիներն իրականում ունեցել են առողջական խնդիրներ։ Նույնիսկ եթե նրանք որոշակի եկամուտ էին ստանում եւ կարող էին իրենց միջոցներով վճարել ծառայությունների համար, առողջական ծախսերի առաջացումը նրանց համար միեւնույն է որոշակի խոչընդոտ էր։ Հիմա, քանի որ այդ ֆինանսական խոչընդոտը դուրս է եկել, նրանք դիմում են, ստանում իրենց անհրաժեշտ ծառայությունները։ Սա շատ կարեւոր է նաեւ ընդհանուր տնտեսության տեսանկյունից։ Եթե առողջական խնդիրները ժամանակին չլուծվեն, դրանք գնալով ավելի են բարդանալու։ Նշանակում է ոչ միայն ավելի մեծ առողջապահական ծախսեր, որովհետեւ բարդություններ բուժելը շատ ավելի ծախսատար է, այլեւ՝ աշխատունակության անկում, որոշ դեպքերում՝ հաշմանդամություն եւ լրացուցիչ բեռ պետության համար։

Հետեւաբար համակարգի ազդեցությունը մենք պետք է գնահատենք նաեւ այս անուղղակի ազդեցությունների տեսանկյունից, որոնք ներկայում ուսումնասիրում եւ մշտադիտարկում ենք։


- Առաջին կիսամյակի արդյունքներն ի՞նչ են ցույց տալիս Հայաստանի առողջապահական կարիքների մասին։ Ո՞ր հիվանդությունների ուղղությամբ է ամենամեծ պահանջարկը։ 

- Մեր հիմնական կանխատեսումները, որ առաջին տեղերում լինելու են սիրտ-անոթային հիվանդությունները, դրանցով պայմանավորված բարդությունները, շաքարային դիաբետը, աչքի հիվանդությունների հետ կապված ծառայությունները, հիմնականում արդարացել են։ 

Այս տեսանկյունից՝ որոշակի տեղաշարժ կա նաեւ մեր առողջապահական ծախսերի կառուցվածքում։ Մենք ավելի շատ տեղափոխվում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման ուղղություն։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ մենք ապահովագրության մեջ նախատեսել ենք բավականին մեծ կանխարգելիչ փաթեթ, որը հնարավորություն է տալու հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերել եւ բուժել:

- Կանխարգելիչ փաթեթն ի՞նչ հետազոտություններ է ներառում։ 

- Փաթեթում ներառված են կանխարգելիչ այցերը եւ տարիքային խմբերին համապատասխան սքրինինգային հետազոտությունները։ 2029 թվականից ապահովագրության փաթեթի ակտիվացման համար այդ հետազոտությունները համապատասխան տարիքային խմբերում պարտադիր կլինեն։

Արդեն այսօր ունենք, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի եւ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Քաղաքացիները կարող են այդ հետազոտություններն անցնել առաջնային առողջության պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում։


Եթե կանխարգելիչ հետազոտության արդյունքում որեւէ շեղում է հայտնաբերվում, ապա հետագա ավելի խորացված ախտորոշիչ ծառայությունները, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ բուժման ծախսերը, ամբողջությամբ ներառված են ապահովագրության փաթեթում։ Այսինքն՝ մեր ապահովագրված անձանց համար այդ ֆինանսական խոչընդոտն այս մասով ամբողջությամբ վերացրել ենք։ Նրանք կարող են անցնել հետազոտությունները եւ անհրաժեշտության դեպքում ստանալ նաեւ հետագա ախտորոշումն ու բուժումը։

- Ո՞ր տարիքային խմբերն են այսօր ամենաակտիվն օգտվում համակարգից։

 - Փաստացի բոլոր տարիքային խմբերն օգտվում են համակարգից։ 65 եւ բարձր տարիքի անձանց դիմելիությունը բավականին բարձր է, եւ նրանց մատուցվող ծառայություններն ավելի թանկարժեք եւ ծախսատար են։ Այս տարիքային խմբի քաղաքացիների մեծ մասը նախկինում երբեւէ չի եղել պետական աջակցության առողջապահական ծրագրերում կամ օգտվել է դրանցից շատ փոքր չափով։

Դրա հետեւանքով նրանց առողջական խնդիրները կուտակվել են, եւ հիմա մենք ավելի շատ բարդ դեպքեր ենք տեսնում, որոնք հիմնականում հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունեն։ Դա, բնականաբար, ավելի ծախսատար է դարձնում այս խմբի սպասարկումը։ Բայց այս ծախսերը մենք կանխատեսել էինք, եւ այս մասով դինամիկան հիմնականում համապատասխանում է մեր կանխատեսումներին։


- Ինչպե՞ս եք գնահատում համակարգի ֆինանսական կայունության վիճակն առաջին կիսամյակից հետո։ 

- Եթե ընդհանուր առմամբ մեր գնահատված ռիսկերի շրջանակում նայենք, ֆինանսական կառավարման տեսանկյունից իրավիճակը վերահսկելի է։ Իհարկե, որոշակի շեղումներ կան, բայց դրանք մենք հաշվի էինք առել եւ նախատեսել ապահովագրական պահուստային ֆոնդ։ Այդ պահուստային ֆոնդը ձեւավորվում է ընդհանուր վճարված գումարների 10%-ի չափով եւ նախատեսված է հենց նման շեղումները մեղմելու եւ ֆինանսավորելու համար։

Մինչեւ համակարգի ներդրումը հատկապես 18-ից 64 տարեկան անձանց ծառայությունների կարիքի գնահատման վերաբերյալ մեր տվյալները սահմանափակ էին։ Հիմա արդեն ունենք փաստացի տվյալներ եւ կարող ենք ավելի ճշգրիտ հասկանալ այս խմբի դիմելիությունն ու ծախսերը:


- Ո՞ր ծառայությունների եւ դեղերի նկատմամբ է ամենամեծ պահանջարկը։ 

- Դեղերի մասով հիմնականում սիրտ-անոթային հիվանդությունների վերահսկման համար նախատեսված դեղերն են, ինչպես նաեւ՝ շաքարային դիաբետի վերահսկման դեղերը։ Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ հիվանդությունների վերահսկման համար ամբողջ հնարավորությունը ստեղծված է։ 

Բացի դրանից, մենք ստեղծել ենք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ իրականացնելու համար։ Սա, այսպես կոչված, երկրորդային կանխարգելումն է, երբ մարդն արդեն ունի հիվանդություն, բայց մենք փորձում ենք կանխել դրա բարդություններն ու սրացումները։


Մեր նպատակն է, որ ընտանեկան բժիշկները եւ առաջնային առողջության պահպանման օղակի մյուս բժիշկները կարողանան ամբողջությամբ կառավարել այդ հիվանդությունները եւ թույլ չտալ դրանց բարդացումները։ Սա հետագայում նաեւ թույլ կտա խուսափել հիմնադրամի համար ավելի մեծ ծախսերից։

Նախկինում առաջնային օղակի բժիշկները հաճախ ասում էին, որ իրենք նշանակում են հետազոտությունը կամ դեղը, բայց քաղաքացին պետք է դրա համար վճարի։ Հիմա այդ հնարավորությունները նրանց տրված են։ Հետեւաբար մենք նաեւ ակնկալում ենք, որ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ այլ քրոնիկ հիվանդությունների կառավարումն ավելի մեծ չափով կիրականացվի հենց առաջնային օղակում։

- Մինչեւ տարվա վերջ որո՞նք են ձեր հիմնական ռազմավարական առաջնահերթությունները։ 

- Մենք պետք է զուգահեռ նախապատրաստվենք հաջորդ տարի նոր շահառուների ընդգրկմանը։ Հաջորդ տարվանից համակարգում կընդգրկվեն բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, պասիվ եկամուտներ ունեցողները՝ օրինակ վարձակալական վճար կամ տոկոսային եկամուտ ստացողները։ Համակարգում կներառվեն նաեւ տաքսու վարորդները։ Այս տարվա սկզբին օրենսդրական փոփոխություն կատարեցինք, որոշվեց, որ նրանք նույնպես 2027 թվականից կներառվեն համակարգում։

Կան նաեւ առանձին համայնքների բնակիչներ, որոնց համար նախատեսվում է ապահովագրավճարի սուբսիդավորում համայնքային միջոցներից։ Բացի դրանից, քաղաքացիների բազմաթիվ դիմումների հիման վրա ընտանիքի անդամներին համակարգում ներառելու ժամկետը տեղափոխեցինք 2027 թվական։ Այսինքն՝ մենք ունենք բավականին մեծ թվով նոր խմբեր՝ իրենց տարբեր հարցերով, առողջական խնդիրներով եւ ծառայությունների պահանջարկով։ Հիմա մենք գնահատում ենք այս խմբերի հնարավոր դիմելիությունը եւ ծառայությունների սպառման պատկերը։


Իհարկե, մենք դեռ ընդամենը յոթ ամսվա տվյալներ ունենք, բայց կարծում եմ՝ այդ տվյալները մեզ արդեն հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ գնահատել նոր ընդգրկվող խմբերի ծախսերը եւ պատրաստվել համակարգի հաջորդ փուլին։

Սամվել Խարազյանի հետ զրուցել է Աստղիկ Հովհաննեսովը

Դիտում՝ 1909

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW