Այս աշնանը` հոկտեմբերի 5–6-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը (Armenia–UK Business Forum 2026), որի նպատակն է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ գործարար, ներդրումային եւ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Հոկտեմբերի 5-ին Համաժողովի մեկնարկը կազդարարվի Գալա համերգով, հիմնական բիզնես ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին։ Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia, OABCA) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաեւ Բրիտանա-հայկական առեւտրային պալատի (BACC) հետ գործընկերությամբ։Այս համաժողովը տեղի է ունենում այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումային, առեւտրային եւ նորարարական նախաձեռնությունների ռազմավարական ուղղություն։ Եվրոպական միության հետ խորացող համագործակցության եւ TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախաձեռնության համատեքստում Հայաստանը եւս մեկ քայլ է կատարում՝ իր դերը հաստատելու որպես Եվրոպան, Մերձավոր Արեւելքը եւ Ասիան կապող զարգացող հանգույց, եւ ստեղծում կայուն ու երկարաժամկետ աճի շուկաներ պահանջող ներդրումների նոր հնարավորություններ։«Հայաստան-Միցայալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից, 25-ից ավելի բանախոս եւ 10-ից ավելի ինստիտուցիոնալ գործընկերներ։ Մասնակիցները կներկայացնեն պետական կառավարման, ֆինանսների, ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների եւ էներգետիկայի, արհեստական բանականության, կրթության եւ մշակույթի ոլորտները։«Ամուր տնտեսական գործընկերությունները կառուցվում են վստահության, շարունակական համագործակցության եւ բովանդակալից երկխոսության հիման վրա։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որը կհամախմբի ճիշտ մարդկանց՝ ոչ միայն հնարավորությունները քննարկելու, այլեւ դրանք իրագործելու համար։ Մենք հավատում ենք, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովը կարող է դառնալ երկարաժամկետ խթան նոր ներդրումների, ավելի ամուր ինստիտուցիոնալ հարաբերությունների եւ մեր երկու երկրների միջեւ գործարար համագործակցության խորացման համար»,- նշում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia – OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը։«Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի եւ նորարարության համար» խորագրով համաժողովը նախատեսված է ամենաբարձր մակարդակի որոշում կայացնողների համար եւ կառուցված է վեց հիմնական ուղղությունների շուրջ՝ կապիտալ, տաղանդ, նորարարություն, ենթակառուցվածքներ, բնական ռեսուրսներ եւ էներգետիկա, գործընկերություն եւ մշակույթ։ Այն մեկ հարթակում կհամախմբի պետական գերատեսչությունների եւ բիզնեսի ղեկավարների, ներդրողների, նորարարների եւ ակադեմիական համայնքի ներկայացուցիչների՝ խթանելու երկխոսությունը, ձեւավորելու ռազմավարական գործընկերություններ եւ բացահայտելու հայ-բրիտանական համագործակցության նոր հնարավորությունները։Հոկտեմբերի 5-ին համաժողովը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում՝ հյուրերի համար նախատեսված փակ Գալա համերգով, որը համաժողովի հատուկ գեղարվեստական խորհրդանշական քայլն է՝ ուղղված «կամուրջներ կառուցելու» գաղափարը մշակույթի միջոցով արտահայտելուն։ Համերգի ընթացքում բրիտանացի թավջութակահար Գայ Ջոնսթոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (հիմնադիր՝ Սերգեյ Սմբատյան) կկատարի Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը. դիրիժոր՝ Դոկտոր Մարիոս Պապադոպուլոսը (MBE)՝ Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Մշակութային համագործակցության թեման կշարունակվի նաեւ հոկտեմբերի 6-ին՝ «Մշակութային կամուրջ․ ժառանգություն, երաժշտություն եւ մշակութային դիվանագիտություն» խորագրով հատուկ պանելային քննարկմամբ։Նույն օրը Dvin Music Hall-ում կանցկացվի նաեւ հիմնական բիզնես ծրագիրը, որը կներառի զեկույցներ, պանելային քննարկումներ, fireside ձեւաչափով զրույցներ եւ նպատակային գործարար հանդիպումներ։ Պետական եւ մասնավոր հատվածների ղեկավարները կներկայացնեն հաջողված համագործակցության օրինակներ, գործնական փորձառություններ եւ հայ-բրիտանական համագործակցության զարգացման նոր ուղղություններ։ Բանախոսների թվում է նաեւ Օքսֆորդի Saïd Business School-ի կառավարման պրակտիկայի ավագ գիտաշխատող դոկտոր Ալեքս Քոնոքը։ Համաժողովը կեզրափակվի Armenian–British Bridge Builder Award մրցանակի շնորհմամբ։ «Գործարար առաջնորդներին պետք չեն հերթական պանելային քննարկումները․ նրանց անհրաժեշտ են ճիշտ միջավայրը, ճիշտ մարդիկ եւ ճիշտ պահը, որպեսզի գաղափարները վերածվեն իրական համագործակցությունների։ Մանրակրկիտ մշակված ծրագրի, համակարգված նեթվորքինգի եւ նպատակային B2B ու B2G հանդիպումների միջոցով մենք ձեւավորում ենք այնպիսի միջավայր, որտեղ երկխոսությունը վերածվում է գործընկերության, իսկ գործընկերությունը՝ իրական արդյունքների»,- նշում է OABCA-ի հիմնադիր խորհրդի անդամ եւ համաժողովի կազմկոմիտեի նախագահ Հայկ Կարապետյանը։Համաժողովից հետո՝ հոկտեմբերի 7–8-ին Միացյալ Թագավորությունից ընտրված պատվիրակները եւ նրանց հայ գործընկերները կմասնակցեն ոլորտային B2B եւ B2G հանդիպումների՝ շարունակելու մասնագիտական քննարկումներն ու ձեւավորելու երկարաժամկետ առեւտրային գործընկերություններ։Համաժողովի գրանցումն արդեն բաց է՝ forum.oabc.am։ Tweet Դիտում՝ 9959