«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ:- Ձեր մասնագիտական ճանապարհը հիմնականում կապված է կապիտալի շուկայի հետ։ Եթե տարիներ առաջ ինչ-որ մեկն ասեր, որ մի օր կղեկավարեք Հայաստանի ֆոնդային բորսան, կհավատայի՞ք դրան։ - Հայաստանի ֆոնդային բորսան, որպես ընկերություն, կապիտալի շուկայի առանցքային ենթակառուցվածքներից մեկն է։ Այդ պատճառով ոչ թե հավատում էի, որ մի օր կղեկավարեմ հենց ֆոնդային բորսան կամ որեւէ այլ կառույց, այլ ավելի շատ հավատում էի, որ եթե քեզ համար առաքելություն է դարձել կապիտալի շուկայի զարգացումը եւ հետաքրքրված ես դրա ենթակառուցվածքների առաջընթացով, ապա միանշանակ կարող ես քեզ տեսնել այդ ոլորտի տարբեր կառույցներում՝ լինի ֆոնդային բորսայում, թե դեպոզիտարիայում։ Հետեւաբար՝ այո, կապիտալի շուկայում ներգրավված լինելով՝ այդ միտքը գուցե առաջնային տեղ չէր զբաղեցնում, բայց հաստատ «ապրելու իրավունք» ուներ։- Ձեր մասնագիտական ճանապարհին եղել է թե՛ միջազգային փորձ, թե՛ աշխատանք Կենտրոնական բանկում, իսկ այսօր ղեկավարում եք Հայաստանի ֆոնդային բորսան։ Այդ ճանապարհի ո՞ր փուլն է ամենաշատը ձեւավորել Ձեզ որպես ղեկավար։ - Կախված է նրանից, թե ղեկավարման որ տեսանկյունից ենք նայում։ Եթե խոսքը թիմ հավաքելու եւ մարդկանց կառավարելու մասին է, ապա դա մի առանձին փորձ է, որը ձեւավորել է ինձ։ Իսկ եթե խոսքը պատասխանատվություն ստանձնելու, փոփոխություններ իրականացնելու եւ ոլորտի զարգացմանը նպաստելու մասին է, ապա՝ բոլորովին այլ փորձ։ Այդ առումով հատկապես կարեւոր է եղել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման եւ այն միջազգային շուկաներին ինտեգրելու ուղղությամբ կատարված աշխատանքը։ Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Եթե խոսենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունների հաստատման, աշխատանքի կազմակերպման եւ կոորդինացման մասին, ապա կարող եմ ասել, որ դեռ Կենտրոնական բանկում ունեցել եմ որոշակի կոորդինացիոն գործառույթներ։ Սակայն այդ հմտություններն առավելապես ձեւավորվեցին բորսային միանալուց հետո, երբ իմ առաքելությունն էր գտնել համապատասխան ներդրողի, վարել բանակցություններ եւ արդյունքում համոզել նրան ներգրավվել։ Այդ ամբողջ գործընթացն ինձ համար մեծ փորձ էր եւ էական դեր ունեցավ որպես ղեկավար ձեւավորվելու հարցում։Աշխատակիցների ներգրավման եւ կառավարման տեսանկյունից, թերեւս, ամենամեծ ազդեցությունն ունեցել են վերջին չորս տարին, երբ Վարշավայի ֆոնդային բորսան դարձավ մեր հիմնական բաժնետերը։ Այդ ժամանակաշրջանում մենք շատ ավելի արագ տեմպերով սկսեցինք յուրացնել եւ կիրառել կորպորատիվ կառավարման սկզբունքները մեր ընկերությունում, ինչը զգալիորեն նպաստեց իմ՝ որպես ղեկավարի ձեւավորմանը, հատկապես որոշումների կայացման առումով։- Հայկ Եգանյանը, որպես ղեկավար, այսօր ինչո՞վ է տարբերվում Հայկ Եգանյանից 10 տարի առաջ։ Ի՞նչ եք սովորել այդ ընթացքում, իսկ ինչի՞ց՝ հրաժարվել։ - Միանշանակ, արագ որոշումներ կայացնելուց սկսել եմ հրաժարվել։ Ավելի ճիշտ՝ փորձել եմ կենտրոնանալ կշռադատված որոշումներ կայացնելու վրա եւ բացահայտել, նույնականացնել այն բաղկացուցիչները, որոնք անհրաժեշտ են նման որոշումներ կայացնելու համար։Համբերատարությունը դրանցից մեկն է։ Եթե ինչ-որ կերպ տեղեկատվության պակաս կա, եւ զգում ես, որ այդ տեղեկատվության բացակայությունը կարող է ազդել որոշում կայացնելու վրա, պետք է համբերատար լինել, չշտապել, շունչ քաշել, սպասել, հետ գնալ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը, խորհրդակցել եւ նոր միայն կայացնել որոշումը։- Դուք տարբեր փուլերում ներկայացրել եք Հայաստանը միջազգային ներդրողներին։ Այսօր Հայաստանի մասին ո՞ր կարծրատիպն է ամենադժվարը փոխել արտասահմանյան ներդրողների շրջանում, եւ ի՞նչն է նրանց ամենաշատը զարմացնում։ - Ամենամեծ կարծրատիպը, որի հետ կապված ինչ-որ առումով նաեւ իրավացի էին, այն էր, որ Հայաստանը փոքր երկիր է, հնարավորությունները քիչ են, 3 միլիոնանոց բնակչություն ունի, իսկ տնտեսությունը համեմատաբար փոքր է։ Խոշոր ներդրողների ժամանակը, իրականում, սահմանափակ է, եւ բոլորն էլ հետաքրքրված են իրենց ժամանակը ներդնել այնպիսի բիզնես նախագծերի մեջ, որտեղ իրենց շահութաբերությունը մեծ է։Սա կարծրատիպ չէր, իրականում փաստ էր։ Բայց վերջին տարիների տնտեսական աճը եւ տարբեր ոլորտներում Հայաստանի ճանաչելիության բարձրացումը հնարավորություն են տվել երկիրը ներկայացնել այլ տեսանկյունից՝ ընդգծելով նրա ներուժն ու ապագա հնարավորությունները եւ ցույց տալով, որ ներդրումային գրավչությունը պարտադիր չէ պայմանավորված լինի միայն մուլտիմիլիարդանոց նախագծերով։ Էլ ավելի հետաքրքիր է ներուժը, ապագա հնարավորությունները, հնարավոր մեծ ձեռքբերումները։ Պոտենցիալ ունենք սփյուռքի, մեր հասարակության մեջ առկա ձեռնարկատիրական մտածելակերպի շնորհիվ, որտեղ մարդիկ ավելի ձեռնարկատեր են, քան արեւմտյան երկրներում ապրող միջին քաղաքացին։ Իրականությունը պետք է փորձել ներկայացնել այլ տեսանկյունից, որպեսզի ավելի հետաքրքիր լինի Հայաստանի մասին լսել։ Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս մոտեցումն արդեն կիրառել ենք կենսաթոշակային բարեփոխման ժամանակ, երբ դեռեւս ԿԲ-ում էի։ Փորձում էինք ներգրավել արտասահմանյան ֆոնդերի կառավարիչներին, երբ ֆոնդեր գոյություն չունեին եւ չկային կառավարելի ակտիվներ։ Այսինքն՝ մենք ապագայի խոստման եւ մեծ ծավալի պոտենցիալի հիման վրա փորձում էինք համոզել եւ ներգրավել նրանց, որն, ի դեպ, հաջողությամբ ստացվեց։Նույնը սկսեցինք կիրառել նաեւ ֆոնդային բորսայում բաժնետերեր ներգրավելու եւ այլ գործընկերային հարաբերություններ հաստատելու հարցում։ Սա, իրականում, զարմացնում է նրանց, եւ հենց դա է բերում նրան, որ գալիս են եւ սկսում մեզ հետ հարաբերություններ հաստատել։ Միանշանակ, մեզ մոտ դոլարային հնարավորությունն այնքան մեծ չէ, որքան հարեւան երկրներում, բայց մարդկանց սկսում են հետաքրքրել մեր այլընտրանքային մոտեցումները, արագ կողմնորոշվելու փորձը։ Երբ կարողանում ենք այս հարցերը ներկայացնել մեր տեսանկյունից եւ ցույց տալ մեր մոտեցումների առավելությունները, Հայաստանն ու մեր շուկան նրանց համար շատ ավելի հետաքրքիր են դառնում։-- Երբ թիմում կարծիքները բաժանվում են, ավելի շատ առաջնորդվո՞ւմ եք թվերով ու փաստերով, թե՞ երբեմն վստահում եք նաեւ ներքին զգացողությանը։ - Միանշանակ, թվերն ու փաստերն առաջինն են, բայց եթե կա կազուս, եւ թվեր ու փաստեր չկան, արդեն գալիս է ներքին համոզմունքը, որը ձեւավորվել եւ ձեւավորվում է տարիների փորձով։ Այն ավելի արագ տեմպերով սկսել է զարգանալ 2023 թվականից, երբ սկսեցինք ձեւավորել կորպորատիվ կառավարման սկզբունքներ եւ նոր խորհուրդ, որի անդամները գերմանացի, հոլանդացի, ամերիկացի, լեհ, հայ եւ այլ երկրների ներկայացուցիչներ էին։ Նրանք միջինը 60 եւ ավելի տարեկան էին եւ ունեին 40-ից ավելի տարվա փորձառություն:Երբ թիմում կարծիքները բաժանվում են, եւ թվերն ու փաստերն էլ չեն կարողանում ապացուցել որեւէ տեսակետ, եթե չունես բավարար տեղեկատվություն, դադար ես վերցնում, սկսում ինչ-որ հետաքննական աշխատանք, նյութեր ես հավաքում, վերլուծում, սցենարներ մշակում եւ ներկայացնում թիմին, հարցնում նրանց կարծիքը։ Եվ որոշումները կայացնում եմ այնպես, որ «սինյոր մենեջմենթի» իմ գործընկերները հիմնականում համաձայնվում են։- Երբ նոր մարդ է միանում Ձեր թիմին, ո՞ր հատկանիշն եք առաջինը նկատում նրա մեջ։ Ի՞նչը կարող է շատ արագ ձեւավորել Ձեր վստահությունը մարդու նկատմամբ, կամ ի՞նչը կարող է շատ արագ այդ վստահությունը կոտրել։ - Ցավոք, ինձ մոտ այդ հարցը մի քիչ բարդ է։ Կարծում եմ՝ դա կախված է մարդու տեսակից, նրանից, թե ինչպիսի անձնավորություն է եւ ինչն է համարում իր կյանքի առաքելությունը։ Մարդիկ տարբեր կերպ են առաջնորդվում՝ մեկը՝ գումարով, մյուսը՝ պարզապես հարմարավետ ու հանգիստ կյանքով, մեկ ուրիշը՝ ինչ-որ բան ապացուցելու ցանկությամբ։Ինձ մոտ, երեւի, այդ նախապատմությունը գալիս է ընտանիքից։ Հայրս, պապերս հանրային կարեւոր պաշտոնյաներ են եղել եւ առաջնորդվել են հանրային շահով։ Երեւի դա իմ ԴՆԹ-ի մեջ է մտել՝ փորձել ինչ-որ մեծ բան ստեղծել, որը հետո շարունակելի կլինի։ Երբ հանրային շահի ենթակառուցվածք ես ստեղծում՝ լինի ճանապարհ, օդանավակայան, թե կապիտալի շուկայի ենթակառուցվածք, դրանից օգտվելու են հետագա սերունդները։Պարզ է, որ նման բան չես կարող ստեղծել ժամը 9-ից 6-ը աշխատանքային գրաֆիկով եւ ժամը 6-ից հետո դրա մասին մոռանալով։ Դրա համար պետք է ունենաս բավարարված, հագեցած ներաշխարհ, որպեսզի չծանրաբեռնվես կենցաղային հարցերով։ Փառք Աստծո, մեր աշխատանքը այդ հնարավորությունը տալիս է։ Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինձ համար հանրային շահն ու կարեւոր ենթակառուցվածքներ ստեղծելը նպատակ են, եւ այդ պատճառով work-life balance-ը դժվար է պահել։ Նույնիսկ եթե գնում ենք հանգստանալու, 2-3 շաբաթով փորձում ես հեռանալ աշխատանքից, միեւնույն է, ամբողջությամբ չես կարողանում խուսափել դրանից։ Իրականում տարիքն էլ այնպիսին է, որ կարծում եմ՝ հիմա հանգստի մասին մտածելու ժամանակը չէ։ Դրա մասին կարող ենք մտածել 70-ից հետո (ծիծաղում է,- հեղ.)։- Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունի Հայկ Եգանյանը, որոնք որեւէ կապ չունեն ֆինանսների կամ կապիտալի շուկայի հետ։ - Իրականում նախասիրություններս ձեւավորվում են իմ կարիքների շուրջ, եւ դրանցից մեկը սովորելն է՝ նաեւ ավելի միջազգայնացնելով շփումների շրջանակը։ Աշխատանքի բերումով շատ եմ ճամփորդում, շփվում տարբեր մշակույթների, մարդկանց ու մոտեցումների հետ, եւ որքան շատ ես շփվում, այնքան միշտ սովորելու բան է լինում։Սպորտային նախասիրություններից միայն դահուկավազքն ու մեծ թենիսն են։ Ինձ հետաքրքրում է նաեւ պատմությունը՝ ոչ միայն Հայաստանի։ Պատմությունը վատ սովորություն ունի կրկնվելու, եւ որքան շատ պատմություն իմանաս, այնքան հեշտ կարող ես ապագան կանխագուշակել։ Երեւի դրանից է, որ նվեր ստացած գրքերիս մեծ մասը պատմությանն է վերաբերում, քանի որ մարդկանց հետ հաճախ խոսակցությունը հենց այդ ռակուրսով է գնում։ Հայկ Եգանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընդհանուր առմամբ, նախասիրություններիս շրջանակը պտտվում է նոր մշակույթներ, նոր մտածելակերպ եւ դիվանագիտություն ուսումնասիրելու շուրջ։ Ճամփորդությունների առումով ինձ հատկապես հետաքրքրում է Արեւմտյան Եվրոպայի մշակույթը՝ ինչպես են ստեղծել հզոր եվրոպական քաղաքական մշակույթը, ինչպես է կրոնն ազդել ազգերի ձեւավորման վրա, եւ ինչպես են կրոնի միջոցով ազգերն ավելի հզորացել, միավորվել, բացահայտել ընդհանրական շահն ու առաջնորդվել դրանով՝ դառնալով պատասխանատու քաղաքացի եւ պատասխանատու ազգի մի մասնիկ։- Ո՞րն է այն խորհուրդը, որը կտայիք Ձեր ներկա թիմին՝ հիմնվելով Ձեր մասնագիտական եւ ղեկավարի փորձի վրա։ - Կարծում եմ՝ ամենակարեւորն այն է, որ մարդը կարողանա իր ամենօրյա աշխատանքի մեջ տեսնել ավելի մեծ նպատակը եւ հասկանալ, թե ինչ արժեք է ստեղծում իր արածով։ Նույնիսկ, եթե թիմում կան մարդիկ, որոնք դեռեւս իրենք իրենց չեն բացահայտել, խորհուրդ կտայի փորձել աշխատանքին նայել պատմության հորիզոնի մեջ։ Սա մի քիչ փիլիսոփայական է հնչում, բայց կարեւոր է հասկանալ՝ ինչ աշխատանք են անում, ինչ գործառույթ են իրականացնում եւ որքանով է դա կարեւոր մեր պետության համար։Կարող ենք հիշել NASA-ի հավաքարարի հայտնի պատմությունը, ասում են՝ երբ Ջոն Քենեդին NASA-ում հավաքարարին հարցրել է, թե ինչով է զբաղվում, նա պատասխանել է՝ «Օգնում եմ մարդ ուղարկել Լուսին»։ Այսինքն՝ պետք է քո ամենօրյա աշխատանքը կապես ավելի մեծ ու արժեքավոր նպատակի հետ։ Դա է ամենակարեւորը։ Ոչ թե պարզապես աշխատավարձ ստանալու համար գալ աշխատանքի, այլ զարգանալու, սովորելու, առաջընթացի եւ ընդհանրական շահին նպաստելու առաքելությամբ։- Եվ վերջում՝ եթե մի օր ստիպված լինեիք ամբողջությամբ հեռանալ ֆինանսական ոլորտից, ի՞նչ մասնագիտությամբ կամ գործունեությամբ կցանկանայիք զբաղվել։- Ես զբաղվել եմ գյուղատնտեսությամբ եւ մինչեւ հիմա էլ զբաղվում եմ: Շատերը գիտեն դրա մասին։ Հիմա ելակի աճեցմամբ ենք զբաղվում, բայց նախկինում էլ բավականին ներգրավված եմ եղել գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսությունն ինձ համար հետաքրքիր ու բարի ոլորտ է՝ բարիք ստեղծող աշխատանք։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 5589