JPMorgan-ը խոշոր բանկերից առաջինն է ներկայացվել մետատիեզերքում
17.02.2022 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://assets.bwbx.io/

Վիրտուալ լոկացիան գտնվում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված Decentraland մետատիեզերքի Metajuku առեւտրի կենտրոնում։ Decentraland-ը, որին աջակցում է Digital Currency Group-ը, թույլ է տալիս օգտատերերին ուսումնասիրել մետատիեզերքը, ստեղծել ավատարներ եւ սեփական MANA արժույթով գնել ապրանքներ, ներառյալ՝ հողատարածք:
Բանկը ներկայացրել է իր վիրտուալ տարածքը մետատիեզերքների ոլորտին վերաբերող ֆինանսական զեկույցի հետ մեկտեղ. «Մետատիեզերքները, հավանաբար, առաջիկա տարիներին որեւէ կերպ կներթափանցեն բոլոր ոլորտներ, իսկ շուկայի հնարավորությունները գնահատվում են տարեկան ավելի քան $1 տրիլիոն»:
Բանկում նշել են, որ վիրտուալ ապրանքների վրա կատարվող ծախսերի ծավալը հասել է տարեկան $54 միլիարդի։ 2021 թվականի վեցամսյա ժամանակահատվածում մետատիեզերքներում մեկ հողատարածքի միջին գինը կրկնապատկվել է՝ հունիսի $6 000-ից մինչև $12 000`դեկտեմբերին:
Բանկի հաճախորդների համար, ովքեր մտադրված են մտնել մետատիեզերք, JPMorgan-ը նախատեսում է տրամադրել «ինտեգրված վճարային կենտրոն»՝ լուծումների ամբողջական տեսականիով, ինչպիսիք են ապարատային դրամապանակները, ասել է JPMorgan Payments-ի էլեկտրոնային առեւտրի եւ TMT բաժնի ղեկավար Ադիտ Գադգիլը:
Բանկը բլոկչեյն տեխնոլոգիայի եւ ֆինանսական գործարքներում դրա օգտագործման կողմնակից է, ինչի մասին է վկայում սեփական JPM Coin տոկենի թողարկումը, գրում է պարբերականը։
Հատկանշական է, որ JPMorgan-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնն ավելի վաղ կոչ էր արել հեռու մնալ կրիպտոարժույթներից՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է եւ այն ոչ մի կերպ չի ազդի թվային ակտիվների հետ JPMorgan-ի աշխատանքի վրա։
«Իմ անձնական խորհուրդը մարդկանց. հեռու մնացեք կրիպտոարժույթներից: Սա չի նշանակում, որ մեր հաճախորդները դա չեն ցանկանում: Սա նման է նրան, թե ինչպես է պետք վարել բիզնեսը: Ես մարիխուանա չեմ ծխում, սակայն, եթե այն դառնա օրինական ազգային մակարդակով, ապա չեմ պատրաստվում խանգարել մարդկանց դա անել»,- ասել էր բանկի ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների կոմիտեում:
Միաժամանակ, նա ընդգծել էր, որ նկատի ունի կրիպտոարժույթները, այլ ոչ թե բլոկչեյն տեխնոլոգիան եւ սթեյբլքոինները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: