Անցած տարի մետատիեզերքներում $501 միլիոնի վիրտուալ անշարժ գույք է վաճառվել

02.02.2022 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մետատիեզերք #անշարժ գույք #Sandbox
Անցած տարի չորս հիմնական մետատիեզերքներում վիրտուալ անշարժ գույքի վաճառքը հասել է $501 միլիոնի, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը։

Այս գումարը բաժին է ընկնում «մեծ քառյակի» ընկերություններին՝ Sandbox, Decentraland, Cryptovoxels եւ Somnium: Բացի նշվածներից, տասնյակ ընկերություններ են զբաղվում վիրտուալ հողերի վաճառքով, նշում է հեռուստաալիքը՝ մեջբերելով MetaMetric Solutions-ի վերլուծաբանների տվյալները։

Ընդհանուր առմամբ, չորս հարթակներում կա տարբեր չափի 268 645 տարածք: Վաճառքների աճին նպաստել է Facebook-ի հայտարարությունն առ այն, որ այն կվերաբրենդավորվի եւ կփոխի իր անվանումը Meta-ի՝ սեփական մետատիեզերքի զարգացման վրա կենտրոնանալու համար, նշում է CNBC-ն: MetaMetric Solutions-ի տվյալներով՝ այդ ժամանակվանից՝ անցած տարվա նոյեմբերից ի վեր, վիրտուալ գույքի վաճառքներն աճել են գրեթե ինը անգամ՝ հասնելով $133 միլիոնի:

Այս տարվա հունվարին վաճառքներն արդեն գերազանցել են $85 միլիոնը։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տեմպերով 2022 թվականի վաճառքները կարող են հասնել գրեթե $1 միլիարդի։ BrandEssence Market Research-ի գնահատականների համաձայն՝ 2022-ից մինչեւ 2028 թվականը մետատիեզերքների անշարժ գույքի շուկան կաճի տարեկան 31%-ով:

Միաժամանակ, ինչպես նշում է CNBC-ն, որոշ փորձագետներ վիրտուալ անշարժ գույքի շուկան անվանում են ֆինանսական բուրգ։ Ի տարբերություն սովորականի, այն հեշտությամբ ստեղծվում է կոդի օգնությամբ, ուստի վիրտուալ անշարժ գույք կարելի է «կառուցել» հսկայական քանակությամբ։ «Մետատիեզերքում հողի վաճառքը սովորաբար իրենից ֆինանսական բուրգ է ներկայացնում եւ արդեն գոյություն ունի ավելի քան 20 տարի»,- նշել է Ինդիանայի համալսարանի մեդիա ոլորտի պրոֆեսոր Էդվարդ Կաստրոնովան:

Երիտասարդ սպառողներն ավելի դրական են վերաբերվում մետատիեզերքներին, գրում է հեռուստաալիքը։ Կան սերունդներ, որոնց դժվար է հասկանալ թվային իրերի արժեքը, եթե դրանք հնարավոր չէ պահել ձեռքերում, նշում է Tokens.com-ի գլխավոր տնօրեն Էնդրյու Կիգուելը: «Երիտասարդ սերունդն այս հարցում խնդիր չունի։ Ինչպես NFT-ների դեպքում, բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ինչ-որ բան անփոխարինելի եւ դեֆիցիտ դարձնել: Դուք կարող եք այն պահել, տեղադրել հանրային ցուցադրության եւ վաճառել»,- եզրափակել է նա։

Ի դեպ, Tokens.com-ը, որը $16 միլիոն է ներդրել նման անշարժ գույքի մեջ, նախատեսում է իր մետատիեզերքում անցկացնել նորաձեւության վիրտուալ միջոցառումներ եւ մանրածախ խանութներ բացել։



Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին PricewaterhouseCoopers միջազգային խորհրդատվական եւ աուդիտորական ընկերության հոնկոնգյան ստորաբաժանումը (PwC HK) տարածք էր ձեռք բերել  Sandbox մետատիեզերքում: Այնտեղ PwC HK-ը նախատեսում է կառուցել Web 3.0 կենտրոն: Միջազգային ընկերությունը կտրամադրի տարբեր ծառայություններ, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ եւ հարկային հարցերի շուրջ խորհրդատվություն։

«Մետատիեզերքն ընկերություններին առաջարկում է նոր հնարավորություններ՝ նորարարական բիզնես մոդելների միջոցով արժեք ստեղծելու համար, ինչպես նաեւ ներդնում է փոխգործակցության նոր ուղիներ իրենց հաճախորդների եւ համայնքների հետ: Մենք կօգտագործենք սեփական փորձը՝ մետատիեզերք մուտք գործել ցանկացողներին խորհրդատվություն տրամադրելու համար՝ այս գլոբալ թվային երեւույթի հետ կապված խնդիրների ողջ սպեկտրի շուրջ»,- ասել էր PwC HK գործընկեր Ուիլյամ Ջին:

Նշենք, որ մետատիեզերքը մի աշխարհ է, որտեղ իրականում գոյություն չունեցող վիրտուալ օբյեկտները միաձուլվում են ֆիզիկական իրերի եւ իրադարձությունների հետ մեկ հարթակում:
Դիտում՝ 4128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW