«Հարկե՛ք մեզ՝ հարուստներիս, եւ արե՛ք դա հիմա»․ բաց նամակ աշխարհի առաջնորդներին

24.01.2022 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հարուստներ #հարկեր #բաց նամակ
Ավելի քան 100 միլիոնատեր Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից բաց նամակ են ստորագրել հարուստների համար հարկերը բարձրացնելու խնդրանքով, հաղորդում է Rusbase-ը։

Համաշխարհային հարկային համակարգն արդար չէ, կարծում են նրանք, ինչը հանգեցնում է ժողովուրդների ու էլիտաների միջեւ հսկայական անվստահության եւ հարուստ մարդկանց էլ ավելի հարուստ դարձնում: Նամակն ուղղված է հունվարի 17-21-ը կայացած «Դավոսի օրակարգ» վիրտուալ քննարկման մասնակիցներին։

«Այս անջրպետը հաղթահարելու համար կպահանջվի ավելին, քան միլիարդատերերի փառամոլ նախագծերը կամ իրարից կտրված բարեգործական ժեստերը. կպահանջի համակարգի ամբողջական վերակառուցում, որը մինչ այժմ միտումնավոր նախագծված է հարուստներին էլ ավելի հարուստ դարձնելու համար»,- ընդգծել են նամակի հեղինակները:

«Չնայած աշխարհն ահռելի տառապանքների միջով է անցել վերջին երկու տարվա ընթացքում, մենք տեսել ենք՝ ինչպես է աճել մեր հարստությունը համավարակի ժամանակ, սակայն մեզանից քչերը, եթե այդպիսիք ընդհանրապես կան, կարող են ազնվորեն ասել, որ մենք վճարում ենք մեր արդար բաժինը հարկերում»,- նշվում է նամակում։

Նամակի հեղինակները խնդրում են բարձրացնել հարկերը հարուստների համար եւ արդար դարձնել հարկային համակարգը, քանի որ հենց այդ տեսքով է այն ամուր ժողովրդավարության հիմք հանդիսանում։ «Հարկե՛ք մեզ՝ հարուստներիս, եւ հարկե՛ք հիմա»,- կոչ են արել նրանք։



Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս Oxfam բարեգործական կազմակերպությունը կոչ էր արել ամբողջ աշխարհի կառավարություններին անհապաղ լրացուցիչ հարկել միլիարդատերերին եւ ստացված եկամուտներն օգտագործել առողջության եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցների համար: Կազմակերպությունը հանդես էր եկել ի պաշտպանություն օրենքների փոփոխության՝ ռասայական եւ գենդերային խտրականության վերացման, ինչպես նաեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության նպատակով։ Վերջապես, ըստ Oxfam-ի, հարուստ երկրները պետք է աշխարհի հետ կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաներով։

Զեկույցում նշվում էր, որ յուրաքանչյուր 26 ժամը մեկ աշխարհում հայտնվում է մեկ միլիարդատեր, միաժամանակ յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ անհավասարությունից մեկ մարդ է մահանում։

Ընդգծվում էր, որ աշխարհի 10 ամենաապահովված մարդկանց կարողությունը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 2,1 անգամ՝ $700 միլիարդից հասնելով $1,5 տրիլիոնի: Oxfam-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուշերի խոսքով՝ նրանց կարողությունն այժմ վեց անգամ գերազանցում է 3,1 միլիարդ ամենաաղքատ քաղաքացիներինը:
Դիտում՝ 3282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW