Oxfam-ը կոչ է արել անհապաղ լրացուցիչ հարկել միլիարդատերերին

18.01.2022 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Oxfam #Գաբրիելա Բուշեր
Աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ համավարակի ընթացքում իրենց կարողությունն ավելացրել են $800 միլիարդով, մինչդեռ աշխարհի բնակչության 99%-ի եկամուտներն այս ընթացքում նվազել են, հաղորդում է Finmarket-ը՝ վկայակոչելով Oxfam բարեգործական կազմակերպության զեկույցը։

Աշխարհի 10 ամենաապահովված մարդկանց կարողությունը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 2,1 անգամ՝ $700 միլիարդից հասնելով $1,5 տրիլիոնի: Oxfam-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուշերը նշել է, որ նրանց կարողությունն այժմ վեց անգամ գերազանցում է 3,1 միլիարդ ամենաաղքատ քաղաքացիներինը:

Յուրաքանչյուր 26 ժամը մեկ աշխարհում հայտնվում է մեկ միլիարդատեր, միաժամանակ յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ անհավասարությունից մեկ մարդ է մահանում, ընդգծում են զեկույցի հեղինակները։

«Միլիարդատերերը հիանալի են անցկացրել համավարակը։ Կենտրոնական բանկերը տրիլիոնավոր դոլարներ են ներարկել ֆինանսական շուկաներ՝ տնտեսությունը փրկելու համար, սակայն այդ գումարների մեծ մասը հայտնվել է ֆոնդային շուկայի բումի վրա հարստացած միլիարդատերերի գրպաններում»,- ասել է Բուշերը:

Զեկույցում նշվում է, որ համավարակը սրել է անհավասարություններն աշխարհում, ներառյալ՝ անհավասարությունը տղամարդկանց եւ կանանց, սպիտակամորթերի եւ էթնիկ փոքրամասնությունների, զարգացած եւ զարգացող տնտեսությունների միջեւ:

Oxfam-ը կոչ է արել ամբողջ աշխարհի կառավարություններին անհապաղ լրացուցիչ հարկել միլիարդատերերին եւ ստացված եկամուտներն օգտագործել առողջության եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցների համար: Կազմակերպությունը հանդես է եկել ի պաշտպանություն օրենքների փոփոխության՝ ռասայական եւ գենդերային խտրականության վերացման, ինչպես նաեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության նպատակով։ Վերջապես, ըստ Oxfam-ի, հարուստ երկրները պետք է աշխարհի հետ կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության տեխնոլոգիաներով։

«Գումարի ոչ մի պակաս էլ չկա։ Այդ սուտը բացահայտվեց, երբ կառավարությունները $16 տրիլիոն ուղղեցին համավարակի դեմ պայքարին։ Միայն խիզախության եւ երեւակայության պակաս կա, որոնք պահանջվում են ծայրահեղ նեոլիբերալիզմի չգործող, մահացու կապանքներից դուրս գալու համար։ Կառավարությունները պետք է ականջալուր լինեն շարժումներին՝ կլիմայի փոփոխության դեմ բողոքող երիտասարդներին, Black Lives Matter ակտիվիստներին, #NiUnaMenos ֆեմինիստներին, հնդիկ ֆերմերներին եւ այլք, որոնք պահանջում են հավասարություն եւ արդարություն»,- հայտարարել է Բուշերը:

Իր ուսումնասիրության մեջ Oxfam-ն օգտագործել է Credit Suisse Research Institute-ի եւ Համաշխարհային բանկի տվյալները, ինչպես նաեւ Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի թվերը:
Դիտում՝ 3065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW