Արհեստական բանականությունն ամրապնդում է դոլարի գերիշխանությունը

12.08.2026 | 22:35 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Չենսյույ Ֆուն ASEAN+3 Մակրոտնտեսական հետազոտությունների գրասենյակի (AMRO) տնտեսագետ է, Սյանգո Հուանը՝ նույն գրասենյակի ավագ տնտեսագետը:

Տվյալների կենտրոնի համար 20-ամյա վարձակալության պայմանագրի ստորագրումը դժվար թե ընկալվի որպես դրամավարկային ոլորտի իրադարձություն: Նույնիսկ ԱԲ-ի բումի հետ կապված եւ դոլարին կապակցված ստեյբլքոինի ազդարարումը միշտ չէ, որ նման պիտակ է ստանում: Սակայն նման իրադարձությունների թիվն ավելանում է, եւ դրանք նպաստում են մի համակարգի ձեւավորմանը, որտեղ համաշխարհային տնտեսության համար կրիտիկական նշանակություն ունեցող ռեսուրսը գնահատվում է, վճարվում եւ, ի վերջո, վերադառնում դոլարային ակտիվներ:

1970-ական թվականներից ի վեր նավթի կապակցումը ԱՄՆ դոլարին մեծացնում էր արժույթի համաշխարհային պահանջարկը եւ նավթարդյունահանող երկրների համար ստեղծում արտահանման եկամուտներ, որոնք հաճախ ուղղվում էին ամերիկյան շուկաներ: Սակայն նավթադոլարը ավելի շուտ կաղապար է, քան մարգարեություն: Այն ցույց է տալիս, որ երբ արտադրությունը, վճարումները եւ ակտիվների վերաշրջանառությունը ուժեղացնում են միմյանց, անփոխարինելի ռեսուրսն ունակ է որոշակի արժույթ ներկառուցել համաշխարհային շուկաներում:

ԱԲ-ն կարող է ծնել այս դինամիկայի սեփական տարբերակը: Քննարկումներն այն մասին, թե ով «կհաղթի» ԱԲ տնտեսությունում, հաճախ կենտրոնացած են ամենաառաջադեմ մոդելների ստեղծման մրցավազքի վրա: Սակայն իսկական տրանսֆորմացիան սկսվում է այն ժամանակ, երբ մոդելների արտադրողականությունը հավասարվում է, եւ ընկերությունները սկսում են ներդնել ԱԲ-ն ամենօրյա գործունեության մեջ: Այդպես կարող է ի հայտ գալ «դոլար՝ հաշվարկային հզորության միավորի դիմաց» ցուցանիշը:

Այս ցուցանիշի հիմքում էներգիան է: ԱԲ-ն ամենեւին էլ «անշոշափելի» տեխնոլոգիա չէ: Տվյալների կենտրոնները էլեկտրաէներգիան վերածում են սակագնավորվող հաշվարկային հզորության, որն այժմ ամրագրվում է տարիների հեռանկարով: Երբ Anthropic-ը 20-ամյա վարձակալության պայմանագիր էր ստորագրում TeraWulf ենթակառուցվածքային մատակարարի հետ, դա շատ նման էր նրան, թե ինչպես է արդյունաբերական ընկերությունն ապահովում իրեն երկարաժամկետ արտադրական հզորություններով: Դա առաջարկի կողմից կատարված խաղադրույք է նրա վրա, որ հաշվարկների նկատմամբ պահանջարկը պահպանվելու է: 


Պահանջարկը լիովին կարող է արդարացնել այս խաղադրույքը: Թեեւ շատ ընկերություններ փորձարկումներ են անում ԱԲ-ի հետ, քչերն են իսկապես վերակառուցել իրենց գործընթացները դրա ներքո: Սակայն DeployCo-ն՝ OpenAI-ի նոր խորհրդատվական ստորաբաժանումը, մտադիր է փոխել դա՝ ինժեներներին անմիջականորեն ներդնելով ընկերություններում՝ ԱԲ-ն նրանց աշխատանքային գործընթացներում ինտեգրելու համար: Հենց որ նման համակարգերը ներդրվեն, հաշվարկները գործառնական ծախսերի մշտական բաղադրիչ կդառնան:
Այստեղից էլ բխում է դոլարի գերիշխանությունն ամրապնդող առաջին ալիքը: Եթե ԱԲ մատակարարումների շղթան վերահսկվում է հիմնականում ամերիկյան ընկերությունների կողմից եւ արտահայտված է դոլարով, համաշխարհային թվային արտադրությունը ստիպված կլինի դիմել դոլարային իրացվելիությանը, իսկ հասույթը կկուտակվի հիմնականում դոլարային ֆինանսական համակարգի ներսում: Ի տարբերություն նավթային եկամուտների, այս միջոցները նախքան ամերիկյան շուկաներ վերադառնալը նախապես չեն կուտակվի արտասահմանում:

Ձեւավորվում է նաեւ անտեսանելի ենթակառուցվածքը՝ վճարային ուղիները, որոնցով ավելի ու ավելի ակտիվորեն է շարժվելու գործակալային առեւտուրը։ OpenAI-ի գործընկերությունը Visa-ի հետ, որն ուղղված է հենց նման ենթակառուցվածքի կառուցմանը, խոսում է ավելի ծրագրավորվող ապագայի մասին: Եթե ԱԲ-գործակալները սկսեն ինքնուրույն ծառայություններ գնել, կազմակերպել լոգիստիկան եւ լրացնել պաշարները մարդու նվազագույն մասնակցությամբ, վճարումները պետք է ավտոմատացված դառնան:

Սա դոլարի գերիշխանության ամրապնդման երկրորդ ալիքն է: Հենց դոլարին կապված ստեյբլքոիններն են ունակ ապահովել ծրագրավորվող հաշվարկները, որոնք անհրաժեշտ են գործակալային առեւտրի համար: Open USD-ի՝ դոլարին կապված եւ ավելի քան 140 վճարային, ֆինանսական ու կրիպտոընկերությունների կողմից աջակցվող ստեյբլքոինի ազդարարումը վկայում է այն մասին, որ դոլարային տոկեններն արդեն դիրքավորվում են այս տրանսֆորմացիային ընդառաջ:

Ժամանակի ընթացքում երկու ալիքները կարող են միաձուլվել: Նույն ուղիները, որոնք ապահովում են ծրագրային հաշվարկները գործակալային առեւտրում դոլարին կապված ստեյբլքոինների միջոցով, ունակ են սպասարկել նաեւ վճարումները հաշվարկների դիմաց: Այսպիսով, դոլարային գնագոյացումը կմիանա ստեյբլքոինների միջոցով իրականացվող հաշվարկներին՝ տեխնոլոգիական կախվածությունը վերածելով դրամավարկայինի:


Այս ենթակառուցվածքը նաեւ գործարկում է վերաշրջանառությունը. ծրագրավորվող դոլարների նկատմամբ պահանջարկը տրանսֆորմացվում է դրանք ապահովող հուսալի ակտիվների՝ նախեւառաջ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկի: Գործակալային առեւտուրը դեռ նոր է սկզբնավորվում, իսկ ստեյբլքոինների թողարկողներն արդեն իսկ մտնում են կարճաժամկետ գանձապետական պարտատոմսերի խոշորագույն գնորդների թվի մեջ:

Ընդհանուր առմամբ՝ այս միտումները խոսում են էներգետիկ-հաշվարկային դոլարային կոնտուրի հնարավոր ձեւավորման մասին: Էլեկտրաէներգիան սնուցում է տվյալների կենտրոնները, տվյալների կենտրոններն արտադրում են հաշվարկներ, հաշվարկներն ապահովում են բիզնես գործընթացների ավտոմատացումը, ներառյալ վճարումները, որոնք ձգտում են դեպի ծրագրավորվող հաշվարկներ։ Իսկ ստեյբլքոինների պահուստներն ներդրվում են ԱՄՆ գանձապետական պարտատոմսերում: Արդյունքում առաջանում է ինքնապահպանվող ցիկլ, որը կապում է ԱԲ ենթակառուցվածքը, թվային վճարումները եւ ԱՄՆ ֆինանսական շուկաները:

Հատկանշական է, որ այս գործընթացը, կարծես, որեւէ կառավարության կողմից չի համակարգվում: Եթե նավթադոլարը կառուցվում էր պաշտոնական միջպետական համաձայնագրերի վրա, ապա դրա ժառանգորդը ԱԲ դարաշրջանում ձեւավորվում է հիմնականում առեւտրային որոշումների միջոցով: Ամպային մատակարարները պահուստավորում են հողն ու էներգիան: ԱԲ մշակող ընկերությունները մոդելները վերածում են պատրաստի ծառայությունների: Վճարային խմբերը կառուցում են ստեյբլքոինների ենթակառուցվածքը: Ստեյբլքոինների թողարկողները գնում են գանձապետական պարտատոմսերը: Յուրաքանչյուր քայլ ինքնին տրամաբանական է, բայց միասին վերցված դրանք աննկատ ամրապնդում են դոլարի գերիշխանությունը:

Քանի դեռ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները վիճում են դոլարի գերիշխանության ապագայի շուրջ, ԱԲ ընկերությունները, ամպային մատակարարները եւ վճարային ցանցերը, հնարավոր է, արդեն գրում են միջազգային արժութային համակարգի պատմության հաջորդ գլուխը:

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է

«Յունիբանկի» գործընկերությամբ:                       


Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաեւ imID-ի միջոցով:

Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 
Դիտում՝ 2365

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW