«Կամար»-ը լուսավորվել է կանաչ գույնով՝ ի նշանավորումն COP26 համաժողովի ավարտի

13.11.2021 | 08:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամար» բիզնես կենտրոն #Բրիտանական դեսպանատուն #COP26
Նոյեմբերի 12-ի երեկոյան «Կամար» բիզնես կենտրոնը, որտեղ տեղակայված է Բրիտանական դեսպանատունը, լուսավորվել էր կանաչ գույնով` ի նշանավորումն Կլիմայի փոփոխության համաժողովի ավարտի ու կանաչ զարգացման խթանմանն ուղղված համաշխարհային ջանքերի։

Համաժողովը տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում՝ հոկտեմբերի 31-ից մինչեւ նոյեմբերի 12-ը։

«Կլիմայի փոփոխությունն ամենամեծ համաշխարհային մարտահրավերն է, որին առերեսվում ենք բոլորս: Կլիմայի փոփոխության 26-րդ տարեկան համաժողովը, որը հայտնի է նաեւ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողով կամ COP26 անվամբ, հյուրընկալել են Միացյալ Թագավորությունը (ՄԹ) եւ Իտալիան։ Այն կլիմայի փոփոխությունը վերահսկողության տակ վերցնելու լավագույն հնարավորությունն է։



Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ 120 պետությունների ղեկավարների եւ ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր փորձագետների, կառավարությունների ներկայացուցիչների, գործարարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել կլիմայի փոփոխության աղետալի հետեւանքները կանխելու համար անհրաժեշտ միջոցառումները։

ՄԹ-ն հավատարիմ է կլիմայի փոփոխության դիմագրավման հանձնառությանը եւ սերտորեն համագործակցել է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ գլոբալ տաքացումը սահմանափակելու նպատակով հավակնոտ պարտավորություններ եւ թիրախներ սահմանելու համար:

Միացյալ Թագավորությունը շատ ուրախ էր Կլիմայի փոփոխության համաժողովում ողջունելու Հայաստանի պատվիրակությանը` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության՝ կլիմայի փոփոխության դիմագրավման հավակնոտ նպատակները, որոնք ամրագրված են «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ» կոչվող ազգային ծրագրում»,- նշել են Բրիտանական դեսպանատանը։



Դեսպանատանն ընդգծել են, որ COP26-ն աշխարհի համար վերջին լավագույն հնարավորությունն է՝ կլիմայի աղետալի փոփոխության դիմագրավմանն ուղղված գործողությունների շուրջ համաձայնության գալու, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ազդեցությունն արդեն կրողներին աջակցություն ցուցաբերելու համար: Երկրները պետք է քայլեր ձեռնարկեն՝ Փարիզի համաձայնագրի նպատակները հարգելու եւ ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 1,5 աստիճան սահմանափակելու ուղղությամբ: Մարտահրավերն այնքան ակնառու է, որ  Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական խորհուրդն իր զեկույցում նշել է, որ սա կլիմայի համար աղետի ազդանշան է: Ակնկալվում է, որ համաժողովի արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին։



Բրիտանական դեսպանատունը լուսավորման համար ընտրել է «Կամար» բիզնես կենտրոնը՝ հաշվի առնելով, որ այս շենքն առաջինն է Հայաստանում արժանացել BREEAM հավաստագրման (Building Research Establishment Environmental Assessment Method՝ շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ): Այս մեթոդը մշակվել է British BRE Global ընկերության կողմից՝ շենքերն ըստ էկոլոգիական արդյունավետության ստանդարտների գնահատելու նպատակով։

«Բրիտանական դեսպանատունն ուրախ է համագործակցել «Կամար»-ի հետ՝ շենքը կանաչ գույնով լուսավորելու միջոցով կանաչ զարգացման կարեւորությունը խորհրդանշական կերպով ընդգծելու համար: Շնորհակալ ենք «Կամար»-ի մեր գործընկերներին այս նախաձեռնությունը ֆինանսավորելու համար»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW